
Ավտովթար Երևան-Սևան-Իջևան ճանապարհին. 3 զոհ, 10 վիրավոր
Այսօր՝ ժամը 6-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ-ում «Գազել» մակնիշի T-361-yp 93 RUS ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհին կայանված, վառելափայտով բարձված ԶԻԼ-130 մակնիշի բեռնատարին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածն այնքան ուժեղ է եղել,որ բեռնատարի մեջ եղած վառելափայտը թափվել է:
Վթարի հետևանքով 2 մարդ տեղում զոհվել է, մեկ հոգի մահացել է Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Դեպքի վայրից 9 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի հիվանդանոց, ևս մեկ վիրավոր՝ Սևանի հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարար վարչության Սևանի փրկարարները:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Արթուր Ղալումյանը, վաշտի աշխատակիցները: ՃՈ աշխատանքները ղեկավարում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Աղասի Ալոյանը:
Վթարի վայր են ժամանել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի քննիչները: «Գազելն» ու «ԶԻԼ»-ը տեղափոխվել են ՃՈ տուգանային հրապարակ:
Ըստ «Գազելի» վրա եղած գրառումների՝ մեքենան պատկանում է Ռուսաստանի Շիխան պանսիոնատին: Ականատեսները ֆոտոլրագրողին պատմել են, որ «Գազելում» եղել են Ռուսաստանից ժամանած քաղաքացիներ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտումը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել