HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մարգարա գյուղում պնդում են, որ աղքատ գյուղացին վտանգավոր սահմանապահ է

16_09-Margara Թուրքիային սահմանակից Արմավիրի մարզի Մարգարա գյուղի բնակիչները մինչեւ օրս հիշում են, թե մի քանի տարի առաջ գյուղում ինչպես էր օր օրի պակասում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը: Գյուղացիների պատմելով, քանի որ մարգարացիները սոցիալապես անապով են, իսկ Թուրքիայում անասունների համար բավականին գումար էին առաջարկում, գաղտնի ճանապարհներով կովերին վաճառում էին թուրքերին: «Բոլորն էլ այդ մասին գիտեն, նորություն չենք ասում: Մի մասը գողացած կովեր էր վաճառում թուրքերին, մի մասն էլ` իր կամ ուրիշներից թանկ գներով գնած անասուններն էին վաճառում: Նկատի ունեցեք, որ այդ ամենը կատարվում էր փակ սահմանների դեպքում, իսկ ի՞նչ երաշխիք ունենք, որ նույնը չի կրկնվի, եթե սահմանները բացվի»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Մարգարայի քիմիա, կենսաբանության ուսուցչուհի Նելլի Մուրադյանը: «Այսինքն` աղքատ գյուղացին վտանգավո՞ր սահմանապահ է»,- հարցրի Ն. Մուրադյանին: «Իհարկե, վտանգավոր է, որ սահմանի վրա աղքատ գյուղացի է ապրում: Հենց Թուրքիա կովերի արտահանումը դրա վառ ապացույցն է: Այսօր մեր գյուղացու վիճակն ավելի վատ է»,- ասաց տիկին Մուրադյանը: Մարգարացիների աղքատությանը նպաստում է նաեւ ոռոգման ջրի բացակայությունը: 16_09-lolik Թեեւ գյուղի առուները չոր ու ցամաք էին, իսկ լոլիկը ծարավից չորացել էր, այնուամենայնիվ Մարգարայի գյուղապետ Խաչիկ Ասատրյանը պնդում էր, որ այս տարի  «Մարգարան ոռոգման ջրի խնդիր չունի»: Նշենք, որ սահմանամերձ գյուղում հողամասերը բավականին քիչ են, մի մասն էլ փշալարերի ետեւի մասում է եւ գյուղացիները կա’մ չեն մշակում կա’մ էլ մեծ դժվարությամբ: Հիմնականում մշակվում են տնամերձ հողամասերը, սակայն այստեղ էլ ջուր չլինելու խնդրին են բախվում եւ մնում են անձրեւի հույսին: Վերջին օրերի անձրեւոտ եղանակը մեծ ուրախություն է պատճառել հող մշակող գյուղացիներին: «Մենք ոռոգման ջուր չունենք, ասում են Արաքսի ափին ենք ոռոգման ջրի խնդիր չունենք, բայց այդպես չէ: Ասելը քիչ է, թե ոռոգման ջուր ունենք: Այդ ասողը թող գա գյուղացու հողամասը մտնի ու իր աչքով տեսնի` ջուր կա թե չկա: Մայրիկիս հետ 5000 մետր հող ենք մշակում, բայց պոմպով ենք ջրում, առվի ջրով երբեք չեմ ջրել, որովհետեւ ջուր չկա: Բայց գալիս ասում են` կանալը ջուր կա ջրի վարձը տվեք: Հիմա պոմպի օգտագործման համար էլեկտրաէներգիայի վարձը տամ, թե չօգտագործած ջրի»,- ավելացրեց Նելլի Մուրադյանը: Նրա ասելով, եթե գյուղի կողքով ջուր է գնում,  չի նշանակում, որ գյուղը ջուր է ստանում: 16_09-vorogum «Ինձ ինչ, որ գործարանում կոնֆետ է արտադրվում, ես խանութից եմ գնում ու այնտեղ եմ վճարումը կատարում, նույնն էլ մեր ջուրն է: Մարդիկ հող են մշակում, բայց ջուր չկա, որ բերք ստանան: Քիչ բերք են ստանում ու աղքատ են ապրում»,- նշեց Նելլին: Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը նույնպես հաստատեց Մարգարայի գյուղապետի խոսքերը, ասելով, որ այս տարի ոռոգման ջրի խնդիր չի ունեցել գյուղացին: «Մարգարայում հիմնականում ջերմոցային մշակաբույսեր են մշակում եւ իրենց համար գյուղատնտեսական տարին սկսվում է մարտ ամսից, իսկ մենք իրավունք չունենք մարտին Արաքսից ջուր վերցնենք: Գյուղացիներն ամեն մեկն իր բակում փոքր հորեր է փորել դրանց միջոցով էլ գարնան սկզբին ոռոգում է իրականացնում: Ինչ վերաբերում է սեփականաշնորհված հողերին, ապա այս տարի այնքան լավ է եղել ջուրը, որ Մարգարայի 3 խորքային հորերից ոչ մեկը չի օգտագործվել եւ գյուղացուն ջուրը հասել է ինքնահոս եղանակով»,- ասաց Նվեր Պետրոսյանը: Մինչ գյուղացիներն իրենց դժգոհությունների մասին էին պատմում գյուղապետ Խաչիկ Ասատրյանը ներկայացնում էր, թե ինչ առաջընթաց է գրանցվել Մարգարայում: «Գյուղն ուներ շատ խնդիրներ, բայց վերջին 2-3 տարում շատ հարցեր լուծվեցին` գազաֆիկացումը, նոր ամբուլատորիայի կառուցումը, դպրոցի վերանորոգումը: Ստորգետնյա ջրերի բարձրացման պատճառով գարնանը գյուղացիները շատ էին տուժում: Պետական ծրագրերով կառուցվեց փակ դրենաժային համակարգ եւ արդեն 2 տարի է ստորգետնյա ջրերը չեն բարձրանում եւ գյուղացիներին վնաս չեն տալիս»,- ասաց Խ. Ասատրյանը: Ճիշտ է` ոռոգման ջրի համար գյուղապետը ոչ մի բացթողում չասաց, սակայն նշեց խմելաջրի մասին. «Ցանցը բավականին հին է, կառուցվել է 1960-ականներին եւ արդեն շահագործման ենթակա չի: Դա գլոբալ խնդիր է գյուղի համար, պետական մոտեցում է պետք, քանի որ մեր միջոցներով չենք կարող լուծել»: Մեր նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք Մարգարային, նշելով, որ թուրքական Ալիջան գյուղից ամեն առավոտ թուրքական երգերի ու նամազի ձայններ են լսվում (Տես` «Հայ-թուրքական սահմանի բացում. կարծիքների բախում Մարգարա գյուղում http://hetq.am/am/politics/margara-3/>), փոխարենը հայկական գյուղից ոչ մի հայկական երգ-երաժշտության ձայն չի լսվում: Գյուղացիների ասելով` Մարգարայում հայկական մշակույթը «մեռած» է եւ իրենք արդեն սովորել են ամեն օր թուրքական երաժշտություն լսել: 16_09-Mshakuyti-tun Գյուղի մշակույթի տունը խիստ վթարային վիճակում է եւ մասնագետները խորհուրդ են տվել այդ վիճակով չշահագործել: Ստիպված գյուղի երեխաներն ամեն օր գնում-գալիս են Էջմիածնի երաժշտական եւ պարի դպրոցներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter