
Գյումրիի Շիրակի մրցունակության կենտրոն հիմնադրամի նախաձեռնությամբ արդեն 6-րդ տարին է` կազմակերպվում է Ագրո-Շիրակ Էքսպո ամենամյա ցուցահանդես-վաճառքը, որին մասնակցում են ձեռնարկություններ եւ անհատ արտադրողներ, ծառայություն մատուցողներ:
Այս տարի առաջին անգամ ցուցահանդեսին մասնակացում էին Ջրափի, Մեղրաշատ, Ախուրյան եւ Պեմզաշեն համայնքներում ստեղծված ֆերմերային միությունները: Մարզում գտնվող Ուլյանովսկի մարզի ներկայացուցիչները եւս հասցրել էին մասնակցել ցուցահանդեսի բացմանը:
Շիրակի մրցունակության կենտրոնի գործադիր տնօրեն Գայանե Ավագյանը Գյումրիում կազմակերպվող ամենամյա ցուցահանդեսներն արդյունավետ է գնահատում:
«Մենք ունենք մշտական մասնակիցներ եւ կազմակերպություններ, որոնք պարբերաբար են միանում այս ակցիային,- ասում է Գայանե Ավագյանը,- անցած տարի մասնակիցները քիչ էին, կարծեմ 20-25-ն էին, այս տարի 35 կազմակերպություն մասնակցության հայտ էր ներկայացրել: Մենք հնարավորություն ենք տալիս կազմակերպություններին ցուցադրելու իրենց ողջ ապրանքատեսականին, նաեւ նոր գործարար կապեր են ծնվում նման ցուցահնդեսներից հետո»:
Գայանե Ավագյանը տեղեկացրեց, որ նման ցուցահանդես-վաճառքները միտված են ներքին շուկայի զարգացմանը: Թեպետ Շիրակի մարզի գործարարների համար է կազմակերպվում ցուցահանդես-վաճառքը, այս տարի Վանաձորից եւ Երեւանից եւս մասնակիցներ կան:

Ցուցահանդեսի մշտական մասնակից կազմակերպությունների ղեկավարները նման միջոցառումներն օգտագործում են հանրությանը սեփական ապրանքատեսականին լիարժեք ձեւով ներկայացնելու, այն ինչ հնարավոր է հաճախորդը խանութներում չգտնի, նաեւ ֆիրմայի գներով, որն ավելի ցածր է, վաճառք կազմակերպել:

Գյումրեցի
Նունե Եղոյանը կազմակերպություններից մեկի տաղավարից մի քանի գուլպաներ էր գնել եւ շատ գոհ էր. «Դե խանութում ավելի թանկ է, էստեղ իրանք էժան են տալիս,-պարզաբանեց Նունե Եղոյանը,-մենք «Ամենափրկչի» տարածքն ենք մաքրում ու ամեն տարի տեղյակ ենք լինում էս ցուցահանդեսից ու ամեն տարի էլ մի բան առնում եմ էժան գներով»:
Տիկին Նունեն դժգոհեց միայն սննդարդյունաբերությունը ներկայացնող տաղավարների տերերից, ովքեր արգելել էին օգտվել համտեսի համար դրված կտորներից, պատճառաբանելով, թե հյուրերի համար է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել