
Օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության ակտիվի նիստի արդյունքում ընդունվեց հայտարարություն, որտեղ մասնավորապես նշվում է. «Մենք` ներքոսստորագրյալներս, հավատարիմ մնալով «Ժառանգություն» կուսակցության գաղափարախոսությանն ու առաջնորդին, վստահություն ենք հայտնում կուսակցության վարչությանը և նրա որոշումներին, «Ժառանգություն» խմբակցության գործելակերպին, ձեռնարկած քայլերին, այդ թվում ուղղված ներկուսակցական մթնոլորտի առողջացմանը և կարգապահության ուժեղացմանը և աներեր հայտարարում ենք նրանց հետ մեր միակամության մասին՝ մեր երկրում օրինականություն, ժողովրդավարություն և իրավական պետություն հաստատելու գործում»: Այս հայտարարությունը ստորագրել են խմբակցության 5 պատգամավորները, կուսակցության ստորաբաժանումների 32 ղեկավարներ, խորհրդի 26 անդամներ, ինչպես նաև Երևանի ակտիվի ներկայացուցիչներ:
Դրանով, փաստորեն, կուսակցությունը փորձում է հիմնավորել, որ վարչության 3 և կուսակցության ևս 3 անդամներին վտարելուց հետո ստեղծված իրավիճակը «Ժառանգության» պառակտում կամ փլուզում չի նշանակում, որ կուսակցության ներկայիս ղեկավարությունը և նրա ընդունած որոշումները լեգիտիմ են: Այս փաստը, անշուշտ, որոշակիորեն կայունացնում է իրավիճակը:
Այն առաջին հերթին հնարավորություն է տալիս կուսակցությունը զերծ պահել հետագա արտաքին միջամտություններից, ճնշումներից, վարկաբեկումներից, ինչը կարող էր վերջնականապես կործանել կուսակցությունը:
Սակայն կուսակցության ակտիվի հայտարարությունն ընդամենը դրսի աչքի համար պատերի ճեղքերը սվաղելու ու անտեսանելի դարձնելու փորձ պետք է համարել: Իրական առողջացման համար կուսակցությունը նաև պետք է հստակ արձագանքեր ամիսների ընթացքում ներսում կուտակված խնդիրներին, որոնք բացահայտվեցին օրերս: Մինչդեռ առ այսօր դրանք ամեն կերպ շրջանցվել կամ «լղոզվել» են կուսակցության ղեկավարների կողմից:
Մասնավորապես՝ հարկ էր պարզաբանել, թե արդյո՞ք կուսակցության հետ է Րաֆֆի Հովհաննիսյանը և ամենակարևորը՝ ընդունու՞մ է, արդյոք, վերջինս վարչության ընդունած վերջին աղմկահարույց որոշումները:
Հայտարարությունից կարելի է միայն հասկանալ, որ Հովհաննիսյանը կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել: Եվ դա ներկայիս ակտիվի համար բավարար է համարվում պնդելու, որ առաջնորդն իրենց հետ է:
Մինչդեռ կուսակցությունից հեռացված Զոյա Թադևոսյանի կողմից հրապարակված՝ վարչությանն ուղղված Հովհաննիսյանի նամակը, որով նա հայտնում էր ոչ միայն կուսակցությունից, այլև ընդհանրապես քաղաքականությունից դուրս գալու մասին, այդպես էլ չհերքվեց:
Կուսակցության մամլո քարտուղարը, չհերքելով նամակի առկայությունը, ընդամենը հայտարարեց, թե Թադևոսյանը խեղաթյուրված է ներկայացրել դրա բովանդակությունը: Սակայն նա այդպես էլ չբացահայտեց, թե հատկապես որ մտքերն էին խեղաթյուրված կամ, որ ավելի տեղին ու ճիշտ կլիներ, չհրապարակվեց իրական նամակը, եթե այդպիսին, իհարկե, կար:
Խնդիրն այստեղ զուտ Րաֆֆի Հավհաննիսյանի անձի մեջ չէ, կամ նրա անվան պարզ շահարկման: Խոսքը վերաբերում է կուսակցության հեղինակությանը, կերպարին, որն իրենով մարմնավորում էր Հովհաննիսյանը:
Կուսակցության շարժիչ ուժը նրա հարիզման էր, ազգային-պետական գործչի կերպարը, որը համարժեք ընկալում էր ստացել հասարակության մեջ, դարձել «Ժառանգության» բրենդը:
Եվ հիմա, իր բացակայությամբ ու հետևողական լռության պայմաններում նրա անունից երկու «հակամարտող կողմերի» հանդես գալը զուգահեռաբար հարվածում է թե' Հովհաննիսյանի, թե' նրա ստեղծած կուսակցության հեղինակությանը:
Մինչև այս հարցում որևէ հստակություն չմտնի, որևէ մեկը չի կարող ասել, թե կողմերից որն է ավելի շատ հերյուրանք տարածում, ինչ ուժեր ու շարժառիթներ են քայքայում կուսակցությունը և ինչ դերակատարում ունի այս ամենում անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանն իր այս անհասկանալի մեկուսացվածությամբ ու լռությամբ:
Երկրորդ՝ այդպես էլ որևէ բացատրություն չի տրվում այն հարցի հետ կապված, թե ինչպիսի ֆինանսական իրավիճակում է կուսակցությունը: Ներկայիս վարչությունը այդպես էլ չհերքեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը զգուշացրել էր ֆինանսավորման դադարեցման մասին, որից հետո և նա հրաժարվեց իր պատգամավորական մանդատից և «ձեռքերը փաստացի լվաց» իր իսկ կուսակցությունից:
Իսկ սա մատների արանքով նայելու խնդիր չէ, որքան էլ փորձի այդպես անել «Ժառանգության» ակտիվը: Դա ուղղակիորեն առնչվում է կուսակցության անկախության և ինքնուրույնության այն առանցքային սկզբունքին, որը գոնե արտաքին տպավորությամբ ողջ քաղաքական դաշտում դրականորեն առանձնացրել էր «Ժառանգությանը»: Ակնհայտ է, որ այս հարցի չպարզաբանման դեպքում առավել արժանահավատ կհամարվեն հանրապետականների այն պնդումները, թե «Ժառանգությունը» ֆինանսավորվում է դրսից:
Երրորդ՝ իրենց հրապարակային ելույթներում «Ժառանգության» որևէ ներկայացուցիչ այդպես էլ չհերքեց, որ կուսակցության վարչության ընտրության ժամանակ տեղի են ունեցել ընտրակեղծիքներ և հատկապես՝ որ դրանցում անմիջական մասնակցություն է ունեցել Արմեն Մարտիրոսյանը: «Ժառանգության» ներկայիս դե յուրե նախագահը:
Այս կապակցությամբ հրապարակվեց նաև Զարուհի Փոստանջյանի զեկույցը, որի բովանդակությունը ո'չ Փոստանջյանը և ո'չ էլ որևէ «ժառանգական» կասկածի տակ չառան:
Եթե Մարտիրոսյանը ևս անմասն չի եղել նման զեղծարարություններից, ապա ինչու՞ մյուսների հետ պատժամիջոցներ չեն կիրառվել նաև նրա նկատմամբ:
Ինչու՞ է սուբյեկտիվիզմ դրսևորվում այս հարցում, և «հակառակորդ» զեղծարարներին պատժելու դիմաց «յուրային» զեղծարարն այդպես էլ մնում է անձեռնմխելի:
Այստեղ ևս խնդիրը Արմեն Մարտիրոսյանի անձի մեջ չէ, այլ կուսակցության և նրա ներկայիս ղեկավարության վստահելիության: Հիմա ո՞ր «ժառանգականը» կարող է հանգիստ լինել, որ հետագայում երաշխավորված է լինելու նման իրավիճակներից և կրկին չի բախվելու տարբերակում դնելու նման քստմնելի փաստի հետ:
Չորրորդ՝ կուսակցության վարչությունից հեռացվածներից մեկը` Վարդան Խաչատրյանը, խորհրդարանի պատգամավոր է, իսկ մյուսը՝ Արիստակեսյանը, պատգամավոր կդառնա մանդատից հրաժարվելու մասին Րաֆֆի Հովհաննիսյանի կայացրած որոշումից հետո:
Զոյա Թադևոսյանը հանդիսանում է «Ժառանգության» ԿԸՀ ներկայացուցիչը: Եվ երեքն էլ հայտարարել են, թե իրենց զբաղեցրած կամ զբաղեցնելիք պաշտոններից չեն հրաժարվելու՝ անկախ իրենց նկատմամբ կուսակցության ընդունած որոշումներից:
Նման պայմաններում«Ժառանգությունը» չի կարողանալու լիարժեք օգտագործել իր ռեսուրսներն ու պոտենցիալը, որովհետև նախկին կուսակցականների կողմից մշտապես հարվածի թիրախ են դառնալու:
«Ժառանգությունը» հիմա ընկել է իներցիայի մեջ և կփորձի գոնե արտաքնապես հենված մնալ կուսակցության կարճ պատմություն ունեցող ավանդույթներին ու արժեքներին:
Սակայն դա երկար տևել չի կարող: Այդ ժամանակահատվածը «Ժառանգության» ներկայիս ակտիվը պետք է ծառայեցնի այս խնդիրների հստակեցմանը, դրանով իսկ՝ կուսակցության հեղինակության վերականգնմանը: Եթե դրա ցանկությունը չլինի, ապա «Ժառանգության» մարգինալացման ականատեսը կլինենք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել