HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վալլեքս» խումբը արձագանքել է «Հետք»-ի հրապարակմանը

«Հետք» ինտերնետային թերթի խմբագրություն

Հարգելի գործընկերներ, Hetq.am ինտերնետային կայքում 04.08.2009 թ. տեղակայվել է լրագրող Լարիսա Փարեմուզյանի «Բաժնետերը պահանջում է, որպեսզի Վալերի Մեջլումյանը պատասխանի իրեն» վերնագրով հոդվածը (այսուհետ` Հոդված), որի լուսաբանման առարկան «Մանեսի ԳՄԳ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետեր Ասիկ Մելիքյանի 2009 թվականի հունիսի 29-ով թվագրված և փոստով «Արմենիան Քափըր Փրոգրամ» (կրճատ՝ «Էյ-Սի-Փի») փակ բաժնետիրական ընկերության գործադիր վարչության նախագահ Վ.Ջ.Մեջլումյանի անունով առաքված դիմում-նամակն է (այսուհետ` Նամակ):

Նամակը Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Խանջյան փող. 19 հասցեով ստացվել է 2009 թվականի օգոստոսի 27-ին, ուստի, հնարավորություն չունենալով ծանոթանալու բուն Նամակին, մենք չենք արձագանքել Հոդվածին ավելի վաղ: Սույնով հայտնում ենք, որ Հոդվածում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ և փաստերի ոչ համարժեք մեկնաբանություններ, որոնց հետ կապված` Հոդվածում որպես տեղեկատվության աղբյուր վկայակոչվում են Նամակը և/կամ Ասիկ Մելիքյանի կողմից, ըստ Հոդվածի, արված բանավոր հայտարարությունները: Կից ուղարկում ենք Նամակը և դրան «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնական պատասխանը, որից ակնհայտ է դառնում, որ Հոդվածում արծարծվող ինչպես Նամակում արտահայտված, այնպես էլ, Հոդվածի համաձայն` Նամակի հեղինակի կողմից բանավոր կերպով ձևակերպված պահանջատիրական հարցադրումները և այլ հայտարարություններն անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը: Չճշտված տեղեկատվության հայտնվելը Ձեր կայքում, մեր համոզմամբ, հնարավոր կլիներ կանխել, եթե hetq.am-ի լրագրողը համարժեք գործողություններ կատարեր տեղեկատվության ստույգությունը պարզելու ուղղությամբ: Հարկ ենք համարում ևս մեկ անգամ հայտնել, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ», «Թեղուտ», «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ», «Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերությունների, «Վալլեքս ԱյԹի» և «Վալլեքս Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների գործունեության վերաբերյալ տեղեկատվության` ԶԼՄ ներկայացուցիչներին տրամադրումն իրականացնում է «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, և տեղեկատվություն ստանալու կամ այլ աղբյուրից արդեն ստացված տեղեկատվության ստույգությունն ու հավաստիությունը պարզելու անհրաժեշտության դեպքում` ինչպես զանգվածային այլ լրատվամիջոցների, այնպես էլ Ձեր լրատվամիջոցի ներկայացուցիչներին խնդրում ենք այսուհետ դիմել այդ բաժին`  [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով կամ զանգահարել  (+374 10) 51 08 85 + 2010 կամ (+374 10) 51 08 85 + 2014 հեռախոսահամարներով կամ այցելել ՀՀ, ք. Երևան, Խանջյան 19: Հայտնում ենք մեր պատրաստակամությունը վերոնշյալ կազմակերպությունների գործունեությանն առնչվող տեղեկատվության հարցումներին պատշաճ արձագանքելու վերաբերյալ:

Հարգանքներով`«Վալլեքս» խմբի ընկերությունների Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Խմբագրությանն է ներկայացվել նաեւ «Վալլեքս» խմբի ընկերությունների Գործադիր վարչության նախագահի աշխատակազմի ղեկավար Սահակ Կարապետյանի նամակը՝ ուղղված Ասիկ Մելիքյանին: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:

Հարգելի տիկին Մելիքյան

Ի պատասխան 2009 թվականի հունիսի 29-ով թվագրված և փոստային ծառայությունների միջոցով «Արմենիան Քափըր Փրոգրամ» (կրճատ «Էյ-Սի-Փի») փակ բաժնետիրական ընկերության գործադիր վարչության նախագահ Վ.Ջ.Մեջլումյանի անունով առաքված Ձեր դիմում-նամակի, որը Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Խանջյան փող. 19 հասցեով ստացվել է 2009 թվականի օգոստոսի 27-ին, հայտնում ենք հետևյալը` 1. Ալավերդու մետալուրգիական կոմբինատի իրավահաջորդ «Մանեսի գունավոր մետաղների գործարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի ««Մանեսի գունավոր մետաղների գործարան» պետական ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին» № 580 որոշմամբ սահմանված կարգով ու պայմաններով: Մասնավորապես` սեփականաշնորհման գործընթացի շրջանակներում ստեղծվել է «Մանեսի գունավոր մետաղների գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը, որը Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի համապատասխան տարածքային բաժնի կողմից գրանցվել է 1996 թվականի փետրվարի 8-ին (պետական գրանցման համարը`12.130.00212, պետական ռեգիստրի վկայականի համարը` 01 Ա 022645): Հետագայում` 1996 թվականի մարտի 15-ին Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության ու «Մանեսի գունավոր մետաղների գործարան» բաց բաժնետիրական ընկերության միջև կնքված № 133-2 Սեփականաշնորհման պայմանագրով վերջինս Հայաստանի Հանրապետությունից ձեռք է բերել «Մանեսի գունավոր մետաղների գործարան» պետական ձեռնարկության ողջ գույքը: Պետական գրանցման պահից մինչ օրս «Մանեսի գունավոր մետաղների գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 388,960,000 (երեք հարյուր ութսունութ միլիոն ինը հարյուր վաթսուն հազար) դրամ, որը ձևավորվել է յուրաքանչյուրը 10,000 (տասը հազար) դրամ անվանական արժեքով ընդհանուր թվով 38,896 (երեսունութ հազար ութ հարյուր իննսունվեց) հատ հասարակ, անվանական բաժնետոմսերի թողարկման ու տեղաբաշխման արդյունքում: Թողարկված բաժնետոմսերից թվով 14 (տասնչորս) հատը դրանց թողարկման ու տեղաբաշխման համար սահմանված պայմաններով ու կարգով ձեռք եք բերել Դուք, իսկ թվով 30 (երեսուն) հատը` Ձեր ամուսինը` Ալբերտ Ալեքսանդրի Մելիքյանը: «Մանեսի գունավոր մետաղների գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրում եղած տեղեկությունների համաձայն` ընկերության գրանցման պահից մինչ օրս սեփականության իրավունքով Ձեզ պատկանող բաժնետոմսերի քանակը չի փոփոխվել, և այսօրվա դրությամբ ևս Ձեզ է պատկանում «Մանեսի գունավոր մետաղների գործարան» բաց բաժնետիրական ընկերության` ընդհանուր թվով 14 (տասնչորս) հատ հասարակ, անվանական բաժնետոմս, որը կազմում է կանոնադրական կապիտալի 0.036 (զրո ամբողջ 36/1000) տոկոսը: Համապատասխանաբար, Ձեր ամուսնուն` Ալբերտ Ալեքսանդրի Մելիքյանին պատկանում է «Մանեսի գունավոր մետաղների գործարան» բաց բաժնետիրական ընկերության` ընդհանուր թվով 30 (երեսուն) հատ հասարակ, անվանական բաժնետոմս, որը կազմում է կանոնադրական կապիտալի 0.077 (զրո ամբողջ 77/1000) տոկոսը: «Մանեսի գունավոր մետաղների գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի սեփականատեր է հանդիսանում նաև «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությունը, որին պատկանում է «Մանեսի գունավոր մետաղների գործարան» բաց բաժնետիրական ընկերության` ընդհանուր թվով 6,350 (վեց հազար երեք հարյուր հիսուն) հատ հասարակ, անվանական բաժնետոմս, որը կազմում է կանոնադրական կապիտալի 16.325 (տասնվեց ամբողջ 325/1000) տոկոսը: «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Մանեսի գունավոր մետաղների գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրության համաձայն` յուրաքանչյուր բաժնետեր (այդ թվում նաև Դուք և Ձեր ամուսինը) իր իրավունքներն իրացնում, ինչպես նաև պարտականությունները կատարում է անձամբ, կամ իր ներկայացուցչի միջոցով: Վերջինս կարող է հանդես գալ միայն բաժնետիրոջ կողմից տրված լիազորագրի հիման վրա և այդ լիազորագրով սահմանված լիազորություններով: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն ո´չ Դուք, ո´չ էլ Ձեր ամուսինը որևէ մեկին չեք լիազորել ձեր անունից հանդես գալու և բաժնետիրոջ իրավունքներն ու պարտականությունները կատարելու համար, ուստի որևէ մեկը (այդ թվում նաև նամակում Ձեր կողմից հիշատակված անձը) չէր կարող տնօրինել, տիրապետել կամ օգտագործել սեփականության իրավունքով Ձեզ և Ձեր ամուսնուն պատկանող բաժնետոմսերը: 2. Նամակում Դուք հղում եք կատարել գործարանի աշխատելու, հովանավոր լինելու և ձեռնարկության անունը փոխելու փաստերին` այդ ամենը ներկայացնելով Ձեզ հետ որևէ առնչության քողի ներքո, որն իրականությանը չի համապատասխանում: Այսպես` Ձեր կողմից վկայակոչված գործարանը սեփականության իրավունքով պատկանում է «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությանը և ինչպես «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության, նրա գործունեության, որոշակի ծրագրերի հովանավոր լինելու կամ չլինելու, այնպես էլ նրա կողմից հնարավոր շահույթի ստացման հետ ո´չ «Մանեսի գունավոր մետաղների գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը և ո´չ էլ վերջինիս բաժնետերերը որևէ կապ չունեն: Հարկ ենք համարում նշել, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» (նախկինում` «Մանես և Վալլեքս») փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականի օգոստոսի 9-ին «Մանեսի գունավոր մետաղների գործարան» բաց բաժնետիրական ընկերության և օտարերկրյա «Վալլեքս Էֆ.Էմ. Իսթեբլիշմենթ» ընկերության համատեղ ներդրումների հաշվին` որպես համատեղ ձեռնարկություն: Հիմնադիր պայմանագրի համաձայն` նոր հիմնադրված իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի համալրման նպատակով «Մանեսի գունավոր մետաղների գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը ներդրել է համապատասխան արտադրական հզորություններ, իսկ «Վալլեքս Էֆ.Էմ. Իսթեբլիշմենթ» ընկերությունը` ֆինանսական միջոցներ: Հիմնադիրներից յուրաքանչյուրը դարձել է նոր հիմնադրված առևտրային կազմակերպությունում իր կողմից ներդրված գույքի արժեքին համարժեք բաժնետոմսերի սեփականատեր և այդ բաժնետոմսերի անվանական արժեքի սահմաններում ստանձնել է նոր հիմնադրված առևտրային կազմակերպության կողմից ծավալված տնտեսական գործունեության հետևանքների ռիսկը: Հետագայում` 1998 թվականին, «Մանեսի գունավոր մետաղների գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երրորդ անձի է վաճառել «Մանես և Վալլեքս» փակ բաժնետիրական ընկերության` սեփականության իրավունքով «Մանեսի գունավոր մետաղների գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող բաժնետոմսերը և դադարել է իր մասնակցությամբ հիմնադրված «Մանես և Վալլեքս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի սեփականատեր հանդիսանալուց ու մինչ օրս որևէ իրավաբանական կապ չունի հիշյալ առևտրային իրավաբանական անձի հետ: 3. Նամակում Ձեր կողմից բարձրացված` փայատիրական իրավունքներից օգտվելու պայմանների ու կարգի մասին բացատրություններ ստանալու հարցով Դուք կարող եք դիմել «Մանեսի գունավոր մետաղների գործարան» բաց բաժնետիրական ընկերության գործադիր մարմնին` Հայաստանի Հանրապետություն, ք.Ալավերդի, Կիրովի փող. 4 հասցեով, որն էլ Ձեզ` որպես իր բաժնետոմսերի սեփականատիրոջը, կտա բոլոր անհրաժեշտ պարզաբանումները: Միաժամանակ, կարծում ենք, որ Ձեր կողմից առաքված վերոհիշյալ նամակը և նրանում շարադրված փաստերն ու հետևությունները սեփականության իրավունքով Ձեզ պատկանող գույքի վերաբերյալ ոչ բավարար տեղեկացվածության արդյունք է, իսկ լրատվական միջոցներով այդ խեղաթյուրված փաստերի հրապարակումն էական վնաս է հասցնում «Վալլեքս» խմբի կազմակերպությունների, այդ թվում նաև «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության գործարար հեղինակությանն ու բարի համբավին, ուստի հորդորում ենք հետագայում ձեռնպահ մնալ իրականությանը չհամապատասխանող Ձեր անձնական կարծիքներն ու եզրահանգումները հրապարակելուց: Հարգանքով` Սահակ Կարապետյան Գործադիր վարչության նախագահի աշխատակազմի ղեկավար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter