
Այս հասարակական կարգի օրոք հայ-թուրքական սահմանի բացումը կործանարար է Հայաստանի համար: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
«Մեր երկրում, նախ և առաջ, տապալվելու է գյուղատնտեսությունը, որովհետև թուրքական գյուղատնտեսությունը շատ ավելի հզոր է և էժան: Հետո այս օլիգարխները, որոնք կառուցել են շենքեր, որոնք առ այսօր դատարկ են, իրենք են խնդրելու, որ թուրքերը գան, բնակվեն, աշխատատեղեր ստեղծեն, որովհետև իրենց պետք է վաճառել: Եվ իրենք են գնալու ծառայելու թուրքերին, և մեզ էլ են իրենց հետ տանելու»,- ասաց Տիգրան Խզմալյանը:
Նա հավելեց, որ Հայաստանում սոցիալական բևեռացվածությունը անթույլատրելի մասշտաբների է հասել, և նման երկիրը սահմանի բացման դեպքում կընկնի բավական հզոր տնտեսություն ունեցող թշնամու «ոտքի տակ»: Ռեժիսորի խոսքերով` Վրաստանում, գոնե Քոբուլեթում, ամեն 2-րդ մեքենան թուրքական բեռնատար է: «Այսինքն` Վրաստանը արդեն դառել է Թուրքիայի կցորդ»:
«Ու նաև չմոռանանք, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ որոշ սերունդներում կանանց, աղջիկների քանակը 4-5 անգամ գերազանցում է տղամարդկանց քանակությանը: Ո՞ւմ համար ենք մենք պատրաստում մեր աղջիկներին, մեր դուստրերին: Այս մասին պետք է մտածել. դա ազգային անվտանգության հարց է»,- ասաց Տիգրան Խզմալյանը:
Նա նշեց, որ Թուրքիայի հետամնաց քաղաքներում տեսել է հայ կանանց, որոնք մատուցողուհի են աշխատել և այլն: Կինոռեժիսորը ստորացուցիչ է համարում այն, որ հայ կինը գնացել է Թուրքիա և թուրքերին է ծառայում` օրինակ` նրանց անկողնու սպիտակեղենը լվանում: «Թուրքերը հասնում են իրենց նպատակին. «Մենք հենց ձեզ մորթել ենք, հիմա էլ դուք եկել եք` մեզ ծառայելու»»,- ասաց Տիգրան Խզմալյանը:
Սահմանի բացման երկրորդ վտանգը, ըստ կինոռեժիսորի, այն է, որ ամբողջովին կփոխվի մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը: Արևմուտքը մուտք կստանա դեպի Կովկաս և Կովկասով` Միջին Ասիա, ինչի պաճառով Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը դուրս կմղվեն տարածաշրջանից:
«Մենք հիշում ենք, որ 15-20 տարի առաջ ցանկացած նման շարժումը բերում էր մեծ փոփոխությունների ռազմաճակատում, և շատ թանկ էին վճարում երկրները` մեկ Հայաստանը, մեկ Ադրբեջանը նման բաների համար, երբ մեկ կամ մյուս ուժին էին ապավինում»,- ասաց Տիգրան Խզմալյանը:
Նրա համոզմամբ` աշխարհաքաղաքական վերոնշյալ փոփոխությունը շատ լուրջ է, և Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը կփորձեն խանգարել փոփոխությանը:
«Եվ ո՞վ է վճարելու այդ վտանգավոր խաղերի համար` դա էլ է հարց: Դա ընդհանրապես չի քննարկվում: Մի քանի մարդ պատմական որոշում են ուզում ընդունել, Հայաստանը շնորհիվ շատ կասկածելի մտավոր հնարավորություններ և փորձ ունեցող մարդկանց` կատարում է պատմական շատ լուրջ շրջադարձ, որը անցավ չի անցնի մեզ համար»,- ասաց Տիգրան Խզմալյանը:
Իրականում, նրա համոզմամբ` հայ-թուրքական սահմանը բաց է: Ամեն երկրորդ հայը եղել է Ստամբուլում, ամեն երրորդը` Անթալիայում: «Ես բազմիցս եղել եմ, նկարահանել եմ Արևմտյան Հայաստանը: Ես Արարատի գագաթ եմ բարձրացել: Սահմանը փակ չէ: 10 կամ 15 դոլար եք վճարում և մտնում եք Թուրքիա, ուղղակի` Վրաստանով»,- ասաց Տիգրան Խզմալյանը:
Նրա համոզմամբ` քաղաքականության հիմքը տնտեսական շահերն են: Եվ իրականում սահմանի բացումը «մի քանի օլիգարխների` 40-50 գերհարուստ մարդկանց խնդիրն է, որոնք ստիպում են մեր հասարակությանը ներքաշվել շատ վտանգավոր խաղերի մեջ, որպեսզի իրենց բիզնեսի համար ստեղծեն նոր հնարավորություններ»:
«Մենք լավ չենք ապրի, քանի դեռ ապրելու ենք այս օլիգարխական, մոնոպոլիստական, կեղծ ֆեոդալակապիտալիստական համակարգում»
Մինչդեռ, սահմանի բացումը, Տիգրան Խզմալյանի համոզմամբ, շարքային հայ աշխատավորի համար ոչ մի լավ բան չի բերի, և ընդամենը Ցեղասպանության ուրացման դիմաց 45 ընտանիք միլիարդատերից մուլտիմիլիարդատեր կդառնա:
«Մեզ 10 տարի ասում էին. «Դուք լավ չեք ապրի, մինչև Արցախի հարցը չլուծվի»: Դա սուտ էր: Հիմա մեզ ասում են. «Դուք լավ չեք ապրի, մինչև սահմանը չբացվի»: Դա էլ է սուտ ու կեղծիք: Մենք լավ չենք ապրի, քանի դեռ ապրելու ենք այս օլիգարխական, մոնոպոլիստական, կեղծ ֆեոդալակապիտալիստական համակարգում: Իհարկե մենք չենք ապրի լավ: Քուվեյթի հետ էլ սահման ունենանք, բացենք` չեք ապրի լավ, որովհետև էլի մի օլիգարխ կնստի էդ սահմանին, ինչպես բոլոր մնացած տեղերին նստել են, և կլափի»,- ասաց Տիգրան Խզմալյանը:
Նա հիշեցրեց Կարլ Մարքսի հետևյալ խոսքերը. «Չկա մի հանցագործություն, որին կապիտալիստը չի գնա 200 % շահ ունենալու դեպքում»:
«Իրենք հիմա ունեն 2000 %: Միջին միլիոնատերը, որը ունի 30 մլն դոլար, ապրում է ոչ թե 100-ապատիկ, ոչ թե 1000-ապատիկ, այլ 100.000 անգամ ավելի լավ, քան դպրոցի ուսուցիչը, որը ստանում է տարեկան 3000 դոլար: Էլիտար շենք կառուցող բանվորը ստանում է տարեկան այնքան աշխատավարձ, որ այդ տարեկան աշխատավարձով իր կառուցած շենքի 1 քառ. մետրը չի կարող գնել»,- ասաց կինոռեժիսորը:
Նա համաձայնեց լրագրողի այն դիտարկմանը, որ «Արժե՞ բացել սահմանը հարցը» պետք է իրականում հնչի հետևյալ կերպ. «Արժե՞ մի քանի օլիգարխների հնարավորություն տալ իրենց տնտեսական շահի համար ուրանալ Ցեղասպանությունը»:
Տիգրան Խզմալյանը նշեց, որ շախմատում, որն այդքան սիրում է նախագահ Սերժ Սարգսյանը, կա ցուգցվանգ հասկացություն, այսինքն` իրադրություն, երբ ցանկացած քայլ տանում է պարտության: Ռեժիսորի համոզմամբ` հիմա մենք գտնվում ենք այսպիսի իրավիճակում, և ցանկացած քայլ, բարեփոխման ցանկացած փորձ, սահմանի բացում, տանելու է կործանման: Սահմանի բացումը նա նմանեցրեց փրփուրներից բռնվելուն:
«Բարեփոխումները, որոնք կատարվում են օլիգարխների, ուլտրակապիտալիստների, լիբերալների կողմից, տանում են կործանման. ամբողջ աշխարհը դա է ապացուցում: Դուք տեսնում եք, որ ամբողջ աշխարհում հզորագույն երկրները` Ամերիկան, Գերմանիան, Ճապոնիան, գնում ենք նացիոնալիզացիայի, ազգայնացնում են հզոր արտադրությունները, խոշորագույն բանկերը. խոշորագույն գործարանները և ապահովագրական ընկերությունները: Այդ հարուստ երկրները դա անում են, որպեսզի մեզ պես աղքատ չդառնան: Իսկ մեզ պես աղքատ երկրները օր առաջ դա պետք է անեին»,- ասաց Տիգրան Խզմալյանը:
«Ես չեմ ընդունում մարդասպանին, որը չի ընդունում իր մեղքը»
Ասուլիսի ժամանակ հարց հնչեց, թե «ինչպե՞ս եք պատկերացնում հայ-թուրքական հարաբերություններ, եթե Ցեղասպանության 100 տարին է լրանում, բայց Թուրքիան չի ճանաչում այն»:
Տիգրան Խզմալյանը պատասխանեց, որ Հայաստանը պետք է Թուրքիայի առջև դնի նախապայման` Ցեղասպանության ճանաչումը: «Առանց այդ նախապայմանի` ես չեմ ընդունում որևէ հարաբերություններ: Ես չեմ ընդունում մարդասպանին, որը չի ընդունում իր մեղքը: Առանց ապաշխարանքի` այդ երկիրը գոյություն չունի»,- ասաց նա:
Առանց Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման` այդ երկրի հետ հարաբերությւոններ հաստատելը Տիգրան Խզմալյանը նմանեցրեց հետևյալ իրավիճակին. ենթադրենք, գյուղում ապրում է 2 ընտանիք, 2 սերունդ առաջ մի ընտանիքը ոչնչացրել է մյուսին: «Եվ հիմա էդ մարդասպանների ընտանիքը դեռ մտածում է. «մենք խոսե՞նք ձեզ հետ, թե՞ չէ: Մենք ձեզ համար դուռ բացե՞նք, թե՞ չէ: Մենք ձեզ բարևե՞նք, թե՞ չէ»: Ինչի՞ մասին է խոսքը: Մե՞զ է պետք է էդ սահմանը»,- ասաց նա` վստահեցնելով, որ սահմանի բացումը նախ և առաջ Թուրքիային է պետք:

Ասուլիսի մյուս բանախոսը` Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանն, ասաց, որ ինքը գերմանացի լավ բարեկամներ ունի, ովքեր միշտ իրեն ասում էին. «Ինչքան ուշ բացվի սահմանը կամ չբացվի, ձեր` հայերիդ, օգուտն է»:
«Գերմանացին ինքն էր ասում դա, որովհետև Գերմանիան այսօր տեսնում է` ինչ է իր երկրում կատարվում թուրքերի ձեռքը: Նա հասկանում է»,- ասաց Փարավոն Միրզոյանը:
Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանն ու Թուրքիան հարևաններ են, և «մենք պետք է գնանք հարաբերությունների, որպեսզի կարողանանք մեկս մյուսին հասկանալ, որ նրանք ընդունեն Ցեղասպանությունը»:
«Սահմանի բացումը արդյոք չի՞ նշանակում հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ» հարցին Տիգրան Խզմալյանը պատասխանեց, որ սահմանի բացումը նշանակում է տնտեսական հարաբերություն, իսկ հասարակությունների և պետությունների շփումները բոլորովին տարբեր բաներ են: Օրինակ` մարդիկ կարող են գնալ-գալ Թուրքիա, բայց պետությունը կարող է ունենալ իր դիրքորոշումը և ասել. «Մենք չենք ճանաչում ձեր երկրի իրավունքը, ենթադրենք, այս հողերի վրա», կամ «մենք որևէ պայմանագիր չենք կնքի ձեզ հետ»:
«Ես իրեն չեմ լիազորում գնալ Թուրքիա` Ստամբուլ, Աթաթուրքի կամ Թալեաթ փաշայի գերեզմանին ծաղիկ դնել»
«Ես` որպես քաղաքացի, պատասխանատու չեմ իմ երկրի համար ամբողջությամբ: Բայց նախագահը կամ պաշտոնյան պատասխանատու է: Եթե ես եմ գնում Անթալիա հանգստանալու, դա իմ անձնական գործն է: Եթե նախագահն է գնում Անթալիա հանգստանալու, դա պետական այց է. ես իրեն չեմ լիազորում գնալ Թուրքիա` Ստամբուլ, Աթաթուրքի կամ Թալեաթ փաշայի գերեզմանին ծաղիկ դնել և այլ բաներ, որովհետև դա է պահանջում արարողակարգը: Ես թույլ չեմ տա նրան այդպիսի բան»,- ասաց Տիգրան Խզմալյանը:
«Մենք մի փոքրիկ երկիր ունենք. Ցեղասպանությունից հետո սա է փրկվել: Ու հանկարծ այս երկիրը էլի թուրքի առջև այդքան խղճուկ, ստորացած վիճակում է հայտնվում: Ինչո՞ւ է Հայաստանը պատրաստ` առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ» լրագրողի հարցին նա պատասխանեց, որ Հայաստանը պատրաստ չէ:
«Հայաստանը չեն ներկայացնում այդ մարդիկ: Դա անօրինական ձևով իշխանության եկած խմբավորում է, որը պաշտպանում է իր տնտեսական շահերը: Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած` այդ դասարակարգն է իշխում Հայաստանում»,- ասաց Տիգրան Խզմալյանը:
Նրա համոզմամբ` Հայաստանի «ստորացած» վիճակը հայ-թուրքական բանակցություններում «մարտի 1-ի ուղղակի հետևանքն է»: Նա միաժամանակ նշեց, որ դեռ ամեն ինչ կորած չէ: Ազգային ժողովը, Տիգրան Խզմալյանի համոզմամբ, կստորագրի օգոստոսի 31-ի արձանագրությունները, քանի որ իշխանության այդ ճյուղը «դակիչ գործիք է»: «Բայց այս պահին, եթե մենք մեզ ազգ ենք համարում, մենք դուրս կգանք, և թույլ չենք տա»:
«Մոռացեք` Մարտի 1-ից հետո մարդ չի մնացել քաղաքական դաշտում»
«Ինչո՞ւ ՀՅԴ-ի ետևից դուրս չեկավ ժողովուրդը» հարցին նա պատասխանեց, որ, ուրեմն այդ կուսակցությանը «չեն վստահում, որովհետև Դաշնակցությունը մինչև վերջերս ղեկավարության հետ էր: Լևոն Տեր-Պետրոսյանին էլ չեն վստահում»:
«Իսկ էլ ի՞նչ մնաց»,- հարցրեց լրագրողը:
«Դուք մնացիք, ես մնացի, մենք մնացինք: Ինչ է` առանց Լևոն Տեր-Պետրոսյանի կամ առանց Վահան Հովհաննիսյանի չե՞նք կարող կողմնորոշվել` մեր երեխաներին ինչ է պետք: Ի՞նչու եք դուք մենաշնորհ դարձրել: Մոռացեք` Մարտի 1-ից հետո մարդ չի մնացել քաղաքական դաշտում: Տեղի ունեցավ հսկայական ինֆլայցիա: Իրենց բոլոր վարկանիշերը ընկան 0-ից շատ ցածր, որովհետև ոչ ոք դուրս չեկավ և չառաջնորդեց ժողովրդին: Անպաշտպան թողեցին ժողովրդին»,- պատասխանեց Տիգրան Խզմալյանը:
Անդրադառնալով այն խնդրին, թե արդյոք հայ-թուրքական հարաբերությւոններ խնդրում ևս ժողովրդին անպաշտպան չե՞ն թողնի` Տիգրան Խզմալյանն ասաց, որ երբ աշակերտը պատրաստ է, ուսուցիչը միշտ կհայտնվի:
«Ո՞վ է, Ձեր կարծիքով, ուսուցիչը» հարցին նա պատասխանեց. «Ժողովուրդն է ուսուցիչը: Ժաննա դ’Արկը որտեղի՞ց ծլեց: Բոլորը ծիծաղում էին, արքաներն ասում էին. «Էս անգրագտն ո՞վ է»: Նա դուրս եկավ, ասաց. «Մենք երկի՞ր ենք, ա՞զգ ենք: Սրանք ո՞վ են, որ մեզ ստորացնեն»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել