ԱՄՆ Կառավարությունը կտրամադրի ավելի քան 2 մլն դոլար
Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ստորագրել են Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև կնքված թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրի փոփոխության մասին երկու արձանագրություն:
Համաձայն սույն 9-րդ և 10-րդ փոփոխությունների՝ ԱՄՆ Կառավարությունը 2 միլիոն 286 հազար 50 ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն կտրամադրի Հայաստանի Կառավարությանը` մի շարք աջակցության ծրագրերի իրականացման համար:
Գլխավոր դատախազության մամլո ծառայության փոխանցմամբ` այս ֆինանսավորումը կնպաստի Հայաստանի հետևյալ հաստատությունների զարգացմանը և երկկողմ ծրագրերի իրականացմանը` քրեափորձագիտական ինստիտուտի զարգացում, Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի զարգացման ծրագիր, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի մշտական իրավախորհրդատուի ծրագիր, «Փրոջեքթ հարմոնիի» ԶԱՆԳ Հայաստանի իրավական սոցիալականացման ծրագիր, Ամերիկյան փաստաբանների ընկերակցության իրավունքի գերակայության նախաձեռնության ծրագիր, թրաֆիկինգի զոհերի օժանդակության ծրագիր և Հայաստանի իրավապահ ուսումնական հաստատությունների զարգացման ծրագիր:
2001 թ. հունիսի 11-ին սկզբնական Համաձայնագիրը ստորագրելուց ի վեր Միացյալ Նահանգների Կառավարությունը իրավապահ ոլորտին աջակցելու նպատակով դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջոցով Հայաստանին է տրամադրել ավելի քան 12 միլիոն ԱՄՆ դոլար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել