HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քանի կլինեն փաստաբաններ, որոնք կհամաձայնվեն մեղադրյալին չտեսնելով ստորագրել արձանագրությունների տակ, կլինեն քննիչներ, որոնք կօգտվեն դրանից

«Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը սեպտեմբերի 10-ին ՀՀ փաստաբանների պալատում հրավիրել էր կլոր սեղան «Հանրային պաշտպաններից հրաժարումները թեմայով: «Արդյունավետ հանրային պաշտպանություն» ծրագրի ղեկավար Սառա Պետրոսյանը ներկայացրեց ուսումնասիրության արդյունքում արձանագրված հանրային պաշտպաններից հրաժարումների պատճառները` ներկաներին առաջարկելով իրենց կարծիքները հայտնել ուսումնասիրության եւ իրավակիրառողների շրջանում տարակարծություններ առաջացրած հանրային պաշտպաններից հրաժարումների իրավական կարգավորման վերաբերյալ:

Կլոր սեղանի մասնակիցները` Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյան, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Վահան Յանիկյան, Էրեբունի-Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյան, Երեւանի քննչական գլխավոր վարչության ծանր հանցագործությունների վարչության պետի տեղակալ Աշոտ Կոստանյան, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դոցենտ, փաստաբան Հրայր Ղուկասյան, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Լիլիթ Թադեւոսյան, Գեղարքունիքի մարզի հանրային պաշտպան Անահիտ Սաղաթելյան, Համաշխարհային բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Վիգեն Սարգսյան, Ամերիկյան իրավաբանների միության Հայաստանի գրասենյակի քրեական իրավունքի ծրագրի ղեկավար Կիթ Պետերսոն, իրենց տեսակետները ներկայացրին քննարկվող հարցի վերաբերյալ: 

«Արդյունավետ հանրային պաշտպանություն» ծրագրի ղեկավար Սառա Պետրոսյան - Հանրային պաշտպանի գրասենյակի տվյալներով 2008 թ. ընթացքում քրեական գործերով հանրային պաշտպաններից (հ/պ) հրաժարվելու 364 դեպք է եղել: Այս թիվը 54-ով գերազանցում է 2007 թ. ցուցանիշը: Հանրային պաշտպաններից հրաժարումների պատճառների 2007-2008 թթ. համեմատական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՊ-ից հիմնականում հրաժարվում են նախաքննության ընթացքում, 364 հրաժարումներից 291-ը բաժին է ընկնում նախաքննություններին: Հրաժարումների գերակշիռ մեծամասնությունը` 263 դեպք, բաժին է ընկնում մարզերին: 2009 թ. առաջին կիսամյակի հաշվետվություններով հանրապետությունում հ/պ-ներից հրաժարումների 102 դեպք է գրանցվել, որից 40-ը` Երեւան քաղաքում, իսկ 62-ը` մարզերում:

Մեր կարծիքով, այս թիվը կարող էր կրկնապատկվել, եթե ապրիլ ամսից ՀՊ գրասենյակի նոր ղեկավարի որոշումով հ/պ-ներին չարգելվեր առանց քննչական մարմինների կամ դատավորի որոշման ներկայանալ նրանց, ինչպես եղել է նախորդ տարիներին: Հրաժարումների առավել մեծ թվաքանակ է արձանագրվել Կոտայքի, Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզերում, այդ իսկ պատճառով «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը Ջինիշյան հիմնադրամի, Համաշխարհային Բանկի Երեւանի գրասենյակի եւ Քաունթերփարթ ինթերնեշնլ-Հայաստանի գրասենյակի ֆինանսավորումով հիշյալ մարզերում ուսումնասիրում է հրաժարումների պատճառները:

Ներկայացնեմ Գեղարքունիքի մարզի օրինակը, որտեղ ըստ Դատական դեպարտամենտից մեզ տրամադրված վիճակագրության, 2009 թ. առաջին կիսամյակի տվյալներով նախաքննության ընթացքում հ/պ-ներից հրաժարվել է 42 ամբաստանյալ, իսկ դատարանում նույն ժամանակահատվածում արագացված դատաքննությամբ քննվել են 39 քրեական գործեր պաշտպանի մասնակցությամբ, որից 23-ը` հանրային պաշտպանի: Արագածոտնի մարզում արագացված դատաքննությամբ քննվել են 13 քրեական գործեր պաշտպանի մասնակցությամբ, որից 10-ը` հ/պ-ի մասնակցությամբ: Նախաքննության ընթացքում նրանցից 11-ը հրաժարվել է հ/պ-ից:

Առկա վիճակագրությունը փաստում է, որ նախաքննության ընթացքում հ/պ-ից հրաժարվող անձինք դատարանում հ/պ են պահանջել: Առավել անհանգստացնող է այն հանգամանքը, որ պաշտպանից, հիմնականում, հրաժարվում են նախաքննության ժամանակ: Նշենք նաեւ, որ ներկայումս նախաքննությունների 83 %-ը իրականացնում է ոստիկանությունը: Հայտնի է, որ մեր երկրում ձեւավորված պրակտիկայի համաձայն, դատարանն առավել արժանահավատ է համարում նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները եւ, հիմնականում, դրանք է դնում մեղադրանքի հիմքում: Հետեւաբար, մեզ բոլորիս պետք է անհանգստացնի անձանց պաշտպանության իրավունքի խախտումը` տվյալ դեպքում նախաքննությունների իրականացումը առանց պաշտպանի: Հ/պ գրասենյակի տվյալներով հ/պ-ներին դիմողների քանակը վերջին տարիներին, բացարձակ թվերով գրեթե անփոփոխ է, իսկ հրաժարումների տարբերության հաշվարկով իրական գործերով աճ է արձանագրվել:

Այնուամենայնիվ, կարծում ենք, որ հրաժարումների վիճակագրությունը բավականին անհանգստացնող է եւ այն շատ հաճախ, անհասնելի է սոցիալապես խոցելի խմբերին: Մեր ուսումնասիրությունները հրաժարումների հետեւյալ պատճառներն են արձանագրել. - Քննիչն իրենց չի ասել, որ փաստաբանն անվճար է պաշտպանությունն իրականացնելու, իրենք էլ գումար չեն ունեցել, դրա համար էլ հրաժարվել են, սակայն երբ դատարանում դատավորը հանգամանալից բացատրել է, որ հանրային պաշտպանի ծառայությունն անվճար է` ցանկացել են պաշտպան ունենալ:

- Քննիչն սկզբում հայտնել է հ/պ-ի մասին, սակայն շփոթված վիճակում գտնվելով` չի կողմնորոշվել, իսկ դատարանում ինքն է հ/պ ցանկացել եւ գոհ է նրա աշխատանքից:

- Ներկայումս, երբ ՀՊ-ի գրասենյակն արգելել է առանց որոշման ներկայանալ նախաքննության մարմիններին կամ դատարան` քննիչները հ/պ-ին հրավիրում են միայն Քր. դատ. օր.-ի 69 հոդվածի պարտադիր պահանջի դեպքերում: Այսինքն, երբ քննվողը հոգեկան խանգարում ունի, անչափահաս է, համր, կույր, խուլ լինելու, խոսքի, լսողության, տեսողության ֆունկցիաների խանգարման եւ այլ դեպքերում:

Սակայն ունենք դեպքեր, երբ քննիչը ծայրահեղ աղքատության մեջ գտնվող անչափահասին ներկայացրել է որպես վճարունակ ու քրեական գործում հայտնվել է ոմն փաստաբանի արտոնագիրը, որն իբրեւ նախաքննության ընթացքում իրականացրել է նրա պաշտպանությունը, սակայն նրա հետ անչափահասի հարազատները պայմանագիր չունեն: Այդ մասին նրանց հայտնի է դարձել դատարանում:

Պաշտպանի պարտադիր մասնակցություն է նախատեսվում նաեւ զինծառայողների դեպքում, սակայն նրանք հրաժարվում են նախաքննության ժամանակ, նաեւ` դատարանում եւ, հանրային պաշտպանների ասելով, սա զիվորականների դեպքում մասսայական բնույթ է կրում:

- Ներկայումս անձանց սոցիալական վիճակի համար հ/պ ներգրավելը, հատկապես, նախաքննության ժամանակ, հետին պլան է մղվել:

- Անվստահություն կա պաշտպանների նկատմամբ, որը գալիս է բնակչության անիրազեկվածությունից, քանի որ հ/պ-ին քննիչն է հրավիրում` ենթադրվում է, որ պաշտպանը կգործի քննիչի թելադրանքով: Մարդիկ չեն պատկերացնում հ/պ նշանակելու մեխանիզմը:

- Կոտայքի ոստիկանության քննչական բաժանմունքը բլանկներ է պատրաստել, որտեղ կասկածյալներն ու մեղադրյալները, առանց պատճառաբանելու, ստորագրում են հանրային պաշտպանի ծառայությունից հրաժարվելու համար: Նույն ոճով է աշխատել նաեւ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` սկզբում որոշում է կայացրել հ/պ հրավիրելու մասին նշելով, որ ամբաստանյալն անվճարունակ է, այնուհետեւ նույն օրը, նույնատիպ բլանկներով ամբաստանյալից ստորագրություն է վերցրել, որ նա հրաժարվում է հ/պ-ի ծառայությունից` արդեն չպատճառաբանելով:

- Տարբեր ատյանի դատարաններում նույնպես չպատճառաբանված հրաժարումներ են գրանցվում դատաքննության կեսից եւ մեզ մոտ տպավորություն կա, որ դատավորները նախկին իներցիայով չեմ մտածում, որ հանրային պաշտպանները կբողոքարկեն նման դեպքերը:

Այս ոլորտում առկա մեկ այլ խնդիր են արագացված դատաքննությունները, որով հանրային պաշտպանների ներկայությունը հավասարեցված է զրոյի` շատ հաճախ նրանք ձեւական ներկայություն են ապահովում:

Պաշտպանները մեղադրողների կողմից արագացված դատաքննություն կիրառելու մասին հայտարարություն անելու երկու հիմք են նշում. ա/ երբ նախաքննական մարմինը գործն ամբողջությամբ չի քննել եւ գործում ներառված չեն բոլոր հանգամանքները, բ/ օբյեկտիվ քննություն չի կատարվել կամ ցանկություն կա կոծկելու կատարված հանցանքին այլ անձանց մասնակցությունը:

Պաշտպանը հիմնավորում է, որ նման դեպքերում, դատարանում հանրային պաշտպանը սոսկ ֆիզիկական ներկայություն է ապահովում, իսկ մեղադրվողները ցածր իրավագիտակցության պատճառով չեն ընկալում, որ նման իրավիճակներում ճիշտը արագացված դատաքննությունից հրաժարվելն է, որպեսզի պաշտպանը հնարավորություն ունենա կազմակերպել նրա պաշտպանությունը:

Հպ-ների մեկնաբանությամբ հրաժարումների հիմնական պատճառն այն է, որ իրենք քննիչների համար անցանկալի անձինք են եւ նախաքննություն իրականացնողները, հիմնականում, մինչեւ հ/պ հրավիրելը կասկածյալին կամ մեղադրյալին տրամադրում են, որ նա հրաժարվի պաշտպանի ծառայություններից: Հետեւաբար, նրանցից ոմանք կարծում են, որ պետք է ներկայանալ եւ փորձել մարդուն համոզել, որ չհրաժարվի: Քանի որ իրավաբանական ծառայությունը թանկ է, հետեւաբար տրամաբանական չէ, որ քաղաքացիները, հատկապես մարզերում, որտեղ աղքատությունն ավելի մեծ տոկոս է կազմում, ինքնակամ հրաժարվեն անվճար իրավաբանական ծառայությունից:

Երեւանի քննչական գլխավոր վարչության ծանր հանցագործությունների վարչության պետի տեղակալ տեղակալ Աշոտ Կոստանյան - Նախաքննության ընթացքում հանրային պաշտպաններին ներգրավելու համար տեխնիկական դժվարություններ են առաջանում: Բազմիցս դեպքեր են եղել, երբ շտապ անհրաժեշտ է եղել հ/պ հրավիրել, սակայն, պարզվել է, որ նրանք բոլորն զբաղված են կամ աշխատանքային ժամն ավարտվել է եւ ոչ ոք տեղում չէ: Բացի այդ, դժվարություններ են առաջանում նրանց ներգրավելու հարցում` հ/պ-ները ներկայանալու համար քննիչի որոշում են պահանջում, որը ժամանակի կորուստ է: Այդ առումով ավելի պրակտիկ է, որ քննիչը որոշում կայացնի, իսկ պաշտպանը ներկայանա, հետո` վերցնի: Հնարավոր չէ՞, որ պաշտպանը քննիչի հեռախոսազանգով ներկայանա, հետո թղթարարությունը կատարվի: Այսինքն, աշխատանքներն օպերատիվ կազմակերպելու առումով հեռախոսազանգով կամ այլ կերպ ճշտվի հ/պ-ի մասնակցության անհրաժեշտությունը, որպեսզի ավելորդ ժամանակ չկորցնեն:

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյան - Ես կողմ եմ, որպեսզի միմյանց հետ ոչ պաշտոնական փոխհամաձայնության գանք եւ ժամանակ չկորցնելու համար քննիչը զանգով հ/պ գրասենյակին տեղեկացնի, որ հ/պ ներգրավելու մասին որոշում է կայացրել եւ այն տրամադրի, երբ պաշտպանը կներկայանա: Սակայն, երբեմն փաստաբանները դժգոհում են, որ տեղ են հասնում, քննիչն ասում է` իրավիճակը փոխվեց, դու այլեւս պետք չես: Այսինքն, փաստաբանը գնաց եւ ձեռնունայն վերադարձավ: Եղել են դեպքեր, երբ փաստաբանը ներկայանում է եւ զգում է, որ արդեն հարցաքննվողին տրամադրել են հրաժարվելու, իսկ քննիչն էլ հրաժարվում է որոշումը տրամադրել: Մենք այսօր թույլ տալիս ենք, որ քննիչը զանգով հ/պ հրավիրի եւ որոշումը տրամադրի, այստեղ պայմանավորվածության հարց է, որպեզի չխաբեն: Իրոք, շատ դժվար է ցանկացած պահի հ/պ-ով ապահովելը, այս պահի դրությամբ շատ գործեր կան, միայն Երեւան քաղաքում ավելի քան 59 գործ: Երբեմն անհետաձգելի գործ է լինում, բայց բոլորն զբաղված են: Ոչ աշխատանքային օրերի եւ ոչ աշխատանքային ժամի աշխատանքը վարձատրվում է կրկնակի: Անամոթության այն աստիճանի ենք հասել, որ քննիչը եւ փաստաբանը միմյանց հետ գործարքի մեջ էին մտնում, եւ մենք կանխել ենք: Բայց դա ապացուցել չենք կարող, ինչպես չենք կարող ապացուցել, որ դատավորը կամ քննիչը մեղադրյալին ասաց, որ հրաժարվեի հ/պ-ից: Շատ վերլուծություններ, որոնք ներկայացրեց Սառան` իրականություն է, բայց շատերի պատճառն այլ է` մեր ազգային մենտալիտետի մեջ է թաքնված: Մենք դրա դեմ չենք կարող պայքարել: Ես կողմնակից եմ անուններ տալուն, ներկայումս փնտրում եմ փաստաբան, որպեսզի փոխարինենք Կապանի հ/պ-ին, որը կես դրույքով է աշխատում, սակայն նրա վարույթում ավելի շատ գործեր կան, քան Երեւանի փաստաբանների վարույթում տարեկան կտրվածքով: Ուրեմն, նա իր վճարովի գործերը ձեւակերպում է իբրեւ հ/պ-ի կատարած աշխատանք, բայց փաստաբան չունենք, որպեսզի այնտեղ նշանակենք, թեկուզ շուտով փաստաբանների թիվը կհասնի 900-ի, բայց այս խնդիրը կա մարզերում: Այս խնդիրը կա նաեւ քննիչների մոտ:

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Վահան Յանիկյան - Ներկայացված վիճակագրական տվյալները շատ կասկածելի են, սկսեմ նրանից, որ ՀՀ դատական դեպարտամենտը ձեզ հասցեագրած գրության մեջ գրել է, որ նախաքննության ընթացքում Գեղաքունիքի մարզում հ/պ-ի մասնակցությունից հրաժարվել է 42 ամբաստանյալ: Ես չգիտեմ, թե որտեղից են վերցրել այդ տվյալները, ընդամենը նախաքննության ընթացում հրաժարվել են 2 հոգի, դա բացառված է: Դուք շատ հեռուն գնացող եւ ոչ ճիշտ գնահատական տվեցիք, ասելով որ փաստաբաններից հրաժարումների թիվը մեծացել է:

Ռուբեն Սահակյան - Հրաժարումների թիվը շատ-շատ է պրն Յանիկյան:

Վահան Յանիկյան - Ոչ, նվազել է, ինչ վերաբերվում է Գեղաքունիքի մարզին` 2008 թ. այդ մարզում Անահիտ Սաղաթելյանի մոտ հրաժարվել է 43 մեղադրյալ, Կոտայքի հ/պ Ռոբերտ Ղազարյանի մոտ` 44, Արագածոտնի մարզի հ/պ Արսեն Գալստյանի մոտ` 58, երբ նա ընդամենը 134 գործ է ունեցել վարույթում: Պատճառը ո՞րն է, ինչո՞ւ է այդպես, այդ հարցերը պետք է պարզաբանվեին: Մենք շատ լավ գիտենք պատճառները, քննիչը քննչական մեկուսարանից մեղադրյալին տարել է Գավառի հ/պ Վ. Նիկոլյանի մոտ, որ արձանագրություն կազմի, թե նրա ներկայությամբ հրաժարվեց պաշտպանից: Հարցը նրանում է, որ քննչական մարմինը Քր. դատ. օր.-ի 71 հոդվածի մասին կամ չգիտի, կամ էլ` գիտի, բայց չի կիրառում: Չեմ ուզում ասել, թե չեն հասկանում, որովհետեւ կստացվի միայն մենք ենք հասկանում: Քր. դատ. օր.-ի 71 հոդվածում ասվում է, որ վարույթն իրականացնող մարմինը պաշտպանից հրաժարումն ընդունում է այն պաշտպանի ներկայությամբ, որը նշանակվել է կամ պետք է նշանակվեր: Մի զինվորականի ձերբակալել են եւ զինվորական մասից եկել ու ասում են, որ պաշտպանը պարտադիր պետք է մասնակցի: Ասում եմ` պաշտպանը պարտադիր չպետք է մասնակցի, օրենքում ասված է, որ զինվորականի դեպքում պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, բայց այդ նույն օրենքն ասում է, որ մինչեւ հ/պ հրավիրելը վարույթն իրականացնող մարմինը պետք հարցնի մեղադրյալին` վճարովի՞ պաշտպան է ցանկանում ունենալ, թե՞ հանրային պաշտպան, ինքն այդ հարցերը չի պարզել եւ եկել պաշտպան է պահանջում: Այստեղ խոսվեց նաեւ հ/պ-ներով ապահովելու ինչ-որ տեխնիկական հարցերի մասին, ՀՊ գրասենյակի ղեկավար Մ. Ղազանչյանի գալուց հետո մենք բազմաթիվ քննիչների, այդ թվում եւ դատավորների որոշումներ վերադարձրել ենք: Որոշումն այնպես է գրված, որ այդ որոշումով հնարավոր չէ պաշտպան տրամադրել: Մի տարի է ասում ենք ձեր որոշման մեջ գրեք, որ այս մարդն անվճարունակ է եւ հ/պ է խնդրում, իսկ դուք ղեկավարվեք Քր. դատ. օր.-ի 165 հոդվածով եւ գրեք, որ ազատում եք նրան իրավաբանական օգնության վճարից, չեք գրում, մենք էլ վերադարձնում ենք ձեր որոշումը: Քննչական վարչության քննիչներից մեկը հետախուզում էր հայտարարել մի կնոջ նկատմամբ եւ հ/պ ներգրավելու մասին որոշում էր ուղարկել: Ասում եմ` դուք այդ կնոջ երեսը չեք տեսել, նա հետախուզվող է, ի՞նչ գիտեք, որ նա հ/պ է ուզում, միգուցե նա վճարովի պաշտպան է ուզում: Որոշումները նախապես գրում են առանց այդ հարցերը պարզելու: Նույն խնդիրը կա նաեւ դատարանի հետ եւ եղել է դեպք, որ որոշումը վերադարձրել ենք, հետո դատարանից ասել են, թե կալանավոր են բերել եւ չարժե այդ կալանավորին հետ տանել միայն այն բանի համար, որ դատավորը որոշման մեջ չի ուզում գրել, թե պետք է նրան ազատել իրավաբանական օգնության վճարից: Չի գրում եւ մեզ ասում է` ինձ մի սովորեցրու, դու պարտավոր ես կատարել դատարանի որոշումը: Դատարանի նախագահների որոշումը կա այդ մասին, որտեղ դատավորներին ցուցում է տրված պատճառաբանված որոշում կայացնել: Ասում է նախ` չկա եւ եթե լինի էլ` այն խորհրդատվական բնույթ է կրում, մեզ համար պարտադիր չէ: Այդ դեպքում գոնե Քր. դատ. օր.-ի 165 հոդվածի պահանջը կատարեն:

Գեղարքունիքի մարզի հանրային պաշտպան Անահիտ Սաղաթելյան - Ես կարծում եմ, այստեղ ոչ այնքան օրենքի բացթողումն է, որքան իրավագիտակցության հարցը: Մինչեւ մենք չփոխենք քննչական մարմինների, դատարանների, դատախազության վերաբերմունքը հ/պ-ների նկատմամբ` ոչ մի բանի չենք հասնի: Ինչո՞ւ են 2008 թ. հրաժարումները շատ, որովետեւ ՀՊ գրասենյակի ներքին հրահանգով, եթե մեզ հրավիրում են` պետք է գնանք, բայց ինչո՞ւ գնանք, երբ քննիչը դեռ չի պարզել մեղադրյալի դիրքորոշումը: Այդ ժամանակ քննիչներն ուղղակի որպես պատյան են օգտագործում մեզ, թե կանչել ենք պաշտպանի ներկայությամբ է հրաժարվել: Իսկ մինչեւ կանչելը նրանք արդեն գիտեն, որ պետք է հրաժարվեն: Քննիչները վախենում են փաստաբանների, պաշտպանների հետ աշխատելուց, հատկապես, երբ նա սկզբունքային է աշխատում կամ աշխատում է օրենքի պահանջը հնարավորինս պահպանելով: Ես սպասարկում եմ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ու Մարտունու տարածաշրջանները, այս տարվա 9 ամիսների ընթացքում ընդամենը ներգրավվել եմ 10 գործով: Այն դեպքում, երբ իմ սպասարկման տարածքում է գտնվում զինվորական կայազորը եւ նրանք տարեկան քննում են 40-50 գործ, եթե ուշադրություն դարձվի, ապա բոլոր գործերում առկա են փաստաբանների արտոնագրեր, բայց ոչ ոք չի ասում այդ փաստաբանը ինչպես է հայտնվել այնտեղ, այսինքն, Երեւանից փաստաբանին հրավիրում են պայմանագրով, որ գա ընդամենը նրա ներկայությամբ հրաժարվի՞: Այս դեպքերում պարզապես կեղծիքներ են կատարում, քանի որ մեղադրյալը նրա երեսը ընդհանրապես չի տեսել: Մենք նման մի երկու գործով ահազանգել ենք Փաստաբանների պալատ, դա ուղղակի դասական կեղծարարություն է ե՛ւ փաստաբանի, ե՛ւ քննչական մարմինների կողմից, շատ դեպքերում մենակ քննիչն է դրանից օգտվում` ընդամենը արձանագրելով կամ տեղեկանք դնելով գործի մեջ, որ փաստաբանը կամ պաշտպանը հրաժարվեց գործի նյութերին ծանոթանալուց կամ մեղադրյալը հրաժարվեց, նույնիսկ այն դեպքերում, երբ դրա իրավունքը չունեն: 

Էրեբունի-Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյան - Ես մեր դատարանից հանել եմ, թե վերջին 4 ամսվա ընթացքում քանի հ/պ ենք ներգրավել եւ պարզվեց, որ մոտ երկու անգամ ավելացել է հ/պ-ի մասնակցությունը դատական նիստերին: Ես 14 տարվա դատավոր եմ, երբեւէ նման բան չի եղել, որ պաշտպանից խուսափենք կամ վախենանք, ընդհակառակը, պաշտպանի մասնակցությունը մեծ հաճույքով ենք ընդունում, ինչ-որ տեղ նաեւ մենք ենք համոզում ամբաստանյալին, որ նա պաշտպան ունենա: Կարծում եմ, արագացված դատաքննության վերաբերյալ այդ նորմը երեւի թե հապճեճ ընդունվեց, որպեսզի միակողմանի չլինի, որ դատախազը համաձայն է արագացված դատաքննության, ամբաստանյալն էլ ասում է, թե գիտակցում եմ դրա հետեւանքները, պաշտպանի հետ խորհրդակցել եմ, եւ երբ երկուսն էլ միաբերան պնդում են, որ արագացված դատաքննություն կիրառվի` նախագահող դատավորը ստիպված արագացվածի որոշում է կայացնում: Դատավորին տրված լիազորությունների շրջանակը շատ է սեղմված, լավ կլիներ, որ մի քիչ ավելի ընդլայնվեր: Քր. դատ. օր.-ի 10-րդ հոդվածում գրված է, որ հաշվի առնելով գույքային դրությունը ու եթե իրավաբանական շահը պահանջում է, ապա պետք է անվճար իրավաբանական օգնություն ցույց տալ: Այստեղ փաստաբանն ասաց, որ չեն պարզել մեղադրյալից նրա գույքային դրությունը, նա ինչպիսի վիճակում է, պաշտպան ուզո՞ւմ է, թե` ոչ եւ միանգամից հ/պ են պահանջում: Հնարավոր է, նման դեպքեր լինում են, բայց աշխատանքի ժամանակ չես կարող անընդհատ նրա սոցիալական վիճակի վերաբերյալ փաստաթղթեր պահանջել: Ուրեմն, պետք է դատական նիստը մի 15 օր հետաձգենք, որ այդ թղթերը ներկայացնի, պրակտիկորեն այդ հարցը մի քիչ դժվարանում է: Հնարավոր է նաեւ հ/պ հրավիրենք եւ այդ որոշումների մեջ ինչ-որ մի նախադասություն պակաս լինի, բայց հիմնականն այն է, որ մենք ցանկանում ենք հ/պ-ն մասնակցի: Հնարավոր է հրաժարումների մեկ-երկու դեպք լինի, կոնկրետ մեզ մոտ, բայց դա աչք չի ծակել: Ընդհակառակը, մեզ մոտ զգալիորեն մեծացել է պաշտպանի մասնակցությամբ գործերը քննելու ցանկությունը: Մարզերում թե ինչու է այդ վիճակը, չեմ կարող ասել, գուցե այընտրանքը քիչ է, կամ բոլորն իրար ճանաչում են: Մենք նախկինում անպայման հրավիրում էինք պաշտպան անկախ նրանից` ցանկանո՞ւմ է, թե` ոչ: Հիմա այդպես չէ, դատական նիստն սկսում ենք եւ նայում ենք նյութերը, եթե պաշտպան չկա` հրավիրում ենք ու հարցնում` ուզո՞ւմ է պաշտպան, թե` ոչ: Ես միանշանակ կողմ եմ, որ հրաժարումը լինի պաշտպանի ներկայությամբ:

Սառա Պետրոսյան- Ձեր կարծիքով պաշտպան հրավիրելու եւ հրաժարեցնելու խնդիրը օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունի՞ կամ օրենքի միատեսակ կիրառման պրակտիկա ձեւավորելու վերաբերյալ որոշում կայացնելու անհրաժեշտություն կա՞:

Արթուր Օհանյան - մենք անպայման պաշտպան ենք հրավիրում` անկախ նրանից` ամբաստանյալը ցանկանո՞ւմ է, թե` ոչ եւ նրա ներկայությամբ ենք հարցնում, իսկ եթե հրաժարվում է` նրա ներկայությամբ:

Վահան Յանիկյան - Եթե պաշտպան ունի` նրա ներկայությամբ պետք է լինի հրաժարումը, իսկ եթե նոր պետք է ընդգրկվի` ոչ:

Հրայր Ղուկասյան, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դոցենտ, փաստաբան - Խնդիրը իրավանորմերի ընկալման եւ կիրառման մեջ է իրականում, եթե մենք նայենք մեղադրյալի եւ կասկածյալի իրավունքների բաժնում, այնտեղ գրված է, որ նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի ունենալ պաշտպան, հրաժարվել պաշտպանից, կամ իր պաշտպանությունն իրականացնել անձամբ: Իմ պատկերացմամբ, պաշտպանից հրաժարվել հասկացությանն ավելի լայն մեկնաբանություն է տրվում, քան իրականում դրա կարիքը կա, որովհետեւ այն բոլոր իրավիճակներում, որ բախվում են հատկապես նախաքննությանը, իրականում պաշտպանից հրաժարվելու խնդիր չի առաջանում, որպես պաշտպանից հրաժարվել ձեւակերպում են պարզապես մեղադրյալի կողմից իր պաշտպան ունենալու իրավունքի չիրականացում եւ դա ընկալվում է որպես պաշտպանից հրաժարվել: Կարծում եմ, դա արվում է` մի դեպքում օրենքը չիմանալով, իսկ մյուս դեպքում` իմանալով, բայց վերաապահովագրվելով վարույթն իրականացնող մարմինը մտածում է` ավելի լավ է մեկին կանչեմ դու իր ներկայությամբ հրաժարվես, որ հետագայում դատախազը խնդիրներ չառաջացնի ինձ համար, կամ դատարանում խնդիր չլինի, որ ես պաշտպանության իրավունք եմ խախտել, բայց, իրականում բոլոր դեպքերում չէ, որ մեղադրյալը կամ կասկածյալը պետք է պաշտպանի ներկայությամբ հրաժարվի: Քրեական դատավարության օրենսգրքի 72 հոդվածում ասվում է` պետք է հրաժարվի պաշտպանի ներկայությամբ, որը նշանակվել է կամ կարող է նշանակվել: Ես կուզենայի, որ իրավակիրառողները հստակ տարանջատեն այդ երկու կատեգորիաները: Մեր օրենսդրությունը (Քր. դատ. օր.-ի 69 հոդված) ուղղակի տալիս է այն դեպքերը, երբ պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, դրանից դուրս պաշտպանի ներկայությունը պարտադիր չէ: Մենք հրաժարման մասին չպետք է խոսենք, ընդամենը մարդուն ասում են` ցանկանո՞ւմ ես պաշտպան ունենալ, թե` ոչ, մեղադրյալը, կասկածյալը չի ցանկանում իր իրավունքն իրականացնել, ինչպես օրինակ, չի ցանկանում հարուցել միջնորդություններ, չի ցանկանում բերել բողոքներ: Մյուս դեպքն արդեն վերաբերվում է նրան, թե պարտադիր մասնակցության դեպքեր են, թե` ոչ, օրինակ, եթե մեղադրյալն անչափահաս է, զինծառայող է կամ լեզվին չի տիրապետում, հոգեկան հիվանդությունով է տառապում.. այս դեպքում ես լիովին կիսում եմ վարույթն իրականացնող մարմնի դիրքորոշումը, որն ասում է` ներողութուն, միգուցե դու չես ուզում պաշտպան, բայց քանի որ օրենքը պարտադիր է համարում պաշտպանի մասնակցությունը, ես կբերեմ պաշտպանին` իր ներկայությամբ կհրաժարվես, իսկ ես օրենքի ուժով 72 հոդվածի 4-րդ մասով արդեն կորոշեմ ընդունե՞լ այդ հրաժարումը, թե` ոչ: Այստեղ արդեն ծագում է մյուս խնդիրը` տարբերակել` արդյոք այդ անձը, որը պաշտպան ունենալու ցանկություն է հայտնում` վճարունակ չէ՞: Երբ մենք այս փուլերով անցնենք, հարցերը կարողանանք տարբերել եւ տարբերակված մոտեցում ցույց տալ, ինձ թվում է այս խնդիրները մեծապես կնվազեն: Երբ վարույթն իրականացնող մարմինը հանձինս քննիչի հասկանա, որ անձը ընդամենը չի ուզում իր պաշտպանելու իրավունքը իրականացնել` արդեն հ/պ չի հրավիրի, երբ կհամոզվի թեկուզ ուզում է պաշտպան, բայց ամենեւին էլ անվճարունակ չէ` հ/պ չի հրավիրի: Հ/պ-ները չեն գա մի ստորագրություն դնելու համար եւ նրանցից հրաժարումների վիճակագրությունն էլ չի ավելանա: ՌԴ-ի քրեական դատավարության օրենսգրքում ասվում է` պաշտպանը պարտադիր մասնակցում է, քանի դեռ մեղադրյալը չի հրաժարվել պաշտպանից: Այստեղից առաջանում են արդեն մյուս հարցերը` մասնագիտական, բարոյական եւ հոգեբանական, միգուցե դու լավ պաշտպան չես, որ քեզնից հրաժարվում են կամ առաջանում են շատ ավելի վատ մտահանգումներ` միգուցե պաշտպանը գործարքի մեջ է վարույթն իրականացնող մարմնի հետ, միգուցե օրենսդրությունն ավելի հստակեցնելու կարիք կա: Սա կարող է հաղթահարել այն հոգեբանական խնդիրը, որն առաջանում է քննիչ-մեղադրյալ եւ քննիչ-կասկածյալ փոխհարաբերություններում: Ես ամենեւին չեմ կարծում, թե հրաժարումների իրական պատճառը այն խոսակցություններն են, թե «քեզ պաշտպան պետք չէ, ամենալավ պաշտպանը մենք ենք» եւ այլն: Իրականում, պատճառը հասարակության ցածր իրավագիտակցությունն է, ոչ թե քննիչի «սկզբունքային» լինելը կամ ասենք նրա շատ վատ տրամադրվածությունը: Եթե մարդը պաշտպան ուզի` քննիչն ինչքան ուզում է թող համոզի: Իսկապես ազգային մենտալիտետի հետ կապ ունի այս ամենը, մարդիկ սովոր են չինովնիկին ավելի շատ հավատալ, սրանից առաջանում են նաեւ բարոյական խնդիրներ: Այսինքն, այն որ մենք շատ հաճախ լսում ենք, իհարկե ոչ արդարացի, որ իբր հ/պ-ները, որպես կանոն, որակով ցածր են, դրա համար նրանց նկատմամբ վստահություն չկա, դա ուղղակի հասարակության մեջ ձեւավորված կարծրատիպ է, ես ինքս շատ հանրային պաշտպանների գիտեմ, որ շատ բարձր որակավորում ունեցող փաստաբաններ են: Եթե հասարակությունը հասկանա, որ իրեն պետք է փաստաբան, վստահի այդ փաստաբանին, ապա երբեք չի ասի, որ նա վատն է: Իմ պատկերացմամբ, սա խնդիրների ամբողջություն է` իրավաբանական, հոգեբանական, բարոյական եւ կարծում եմ, կարելի է շտկել, պարզապես ժամանակ է պետք, որ մարդկանց իրավաըմբռնումը փոխվի:

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Լիլիթ Թադեւոսյան - Ուզում եմ չհամաձայնել այն վիճակագրության հետ, որ դուք ներկայացրիք, չեմ կարծում, թե այդ թվերն արտացոլում են իրականությունը: Հ/պ-ներից հրաժարումների պատճառը ճիշտ պատկերացնելու համար նախ պետք է ուսումնասիրել հանցավորության վիճակը, թե որ գործերով, ինչ բնույթի հանցագործությունների դեպքում է, որ ավելի հաճախ են հրաժարվում պաշտպանից: Պետք է ուսումնասիրել ավելի մեծ ժամանակահատված, վիճակագրությունը բավականին բարդ ոլորտ է, միայն իրավաբանի կամ հ/կ-ի համար լիարժեք պատկերացնել եւ եզրահանգում անելը շատ բարդ գործ է: Կարծում եմ, ամեն դեպքում, եթե այդ խնդիրը բարձրացրել եք, ուրեմն անհրաժեշտ է եւ չեմ կարծում, որ կարելի է տխրել կամ ուրախանալ այն հանգամանքով որ հ/պ-ից քիչ են հրաժարվում կամ` շատ, պետք է պատճառները պարզել: Ես այն տեսակետին եմ, որ խնդիրը մեր մենտալիտետն է, այն ինչ-որ անվճար է, մեր պատկերացմամբ անորակ է, եթե այդ պաշտպանին քննիչը կամ դատավորն է առաջարկում` ուրեմն նրա մարդն է: Խնդիրներն, իրոք, մի քանիսն են, պետք է նայենք օրենսդրական դաշտում կատարված փոփոխությունները: Կարծում եմ, հրաժարման հետ կապված այդ թվի աճը պայմանավորված է նաեւ արագացված դատաքննության ինստիտուտի ներմուծմամբ: Գիտենք, որ արագացված դատաքննության ժամանակ պաշտպանը, կարծես թե, շատ անելիք չունի, այստեղ իրավունք չունի ոչ վերլուծելու, ոչ լուսաբանելու ապացույցները, որքանով են դրանք հավաստի, օրինական ճանապարհով ձեռք բերված, ընդամենը իր պաշտպանյալին պետք է բացատրի, արագացված դատաքննություն կիրառելու հետեւանքները, կարողանա բացատրել, թե ինչպիսի իրավական հետեւանքներ կարող են լինել եւ ընդունո՞ւմ է, արդյոք, առաջադրված մեղադրանքը, թե` ոչ: Առաջարկ արվեց օրենսդրական փոփոխություն կատարել այդ ինստիտուտից հրաժարվելու համար, ես կարծում եմ, որ դա նահանջ կլինի, քանի որ արագացված դատաքննությունը շատ կարեւոր քայլ է դատավարության փուլում: Քանի որ անընդհատ քննիչների հետ ենք աշխատում, ինչ խոսք, բազմաթիվ թերություններ կան ե՛ւ քննչական մարմինների, ե՛ւ փաստաբանների աշխատանքում, գիտեմ, որ քննիչները լուրջ խնդիրների հետ են առնչվում, երբ հ/պ են հրավիրում: Չմոռանանք, որ քննիչներն առնչվում են անհետաձգելի քննչական գործողություն կատարելու խնդրի հետ, երբ ունեն ձերբակալված անձ, անձ որին պետք է որպես մեղադրյալ ներգրավեն եւ ընդամենը օրերի, ժամերի խնդիր է հ/պ-ով ապահովելը, որպեսզի պաշտպանական իրավունքը չխախտվի: Այսինքն, եւ տեխնիկական եւ շատ ավելի գլոբալ խնդիրներ կան: Այստեղ փորձեցին կոռուպցիայի հետ կապել հարցը, սակայն չեմ կարծում, թե սա կոռուպցիոն խնդիր է: Հիմնականում այդ պատճառները թաքնված են մեր մտածողության մեջ, դա պայմանավորված է նաեւ իրավական դաշտով:

Սառա Պետրոսյան - Ես բազմաթիվ քննիչների հետ եմ զրուցել, իրենք անցանկալի մարդ են համարում պաշտպանին տարբեր պատճառաբանություններ ներկայացնելով. օրինակ, պատճառաբանում են, որ ժամկետների խնդիր ունեն, իսկ պաշտպանի առկայությունը բարդացնում է հարցը, քանի որ իրենց գործողությունները պետք է համաձայնեցնեն նրա հետ: Միաժամանակ, ավելի քան 8 տարի մարզերում եմ աշխատում տարբեր ծրագրերով եւ տեսնում եմ, որ մարդիկ ինչքան հեռավոր գյուղերում են ապրում, այնքան նրանց ավելի հեշտ է մոլորության մեջ գցելը: Երբ քննիչը նրանց հավաստիացնում է, որ ձեր տերը էս պահին ես եմ, ինքը չի էլ լսում պաշտպանին: Ես հիմա ձեռքիս տակ մի հոդված ունեմ, թե ինչ գործողությունների կարող է դիմել քննիչը անչափահասի գործով պաշտպանի մասնակցությունը բացառելու համար: Ցավոք, մենք ոչ բոլոր դեպքերն ենք կարողանում լուսաբանել, քանի որ շատերը կաշկանդված են, չեն ուզում խոսել, երբեմն էլ ասում են` դե գործը փակված է, էլ ուր ես եկել քրքրում:

Հրայր Ղուկասյան -Այս խնդիրը, որը դուք բարձրացրիք, կարծում եմ ավելի լայն է, քան հանրային պաշտպանի մասնակցել-չմասնակցելու հարցը: Եթե որեւէ մեկն այդ ուղղությամբ հետազոտություն անցկացնի, երբ հ/պ-ից հրաժարված նույն մեղադրյալների, կասկածյալների գործերում տեսնում ես, որ այլ փաստաբանի արտոնագիր կա, որ իբրեւ թե այդ փաստաբանի ներկայությամբ է եղել հրաժարումը, բայց հետո երբ դու հարցնում ես մեղադրյալին` որտեղի՞ց էիր բերել այդ փաստաբանին, ասում է` ես իրեն երբեւէ չեմ տեսել, բայց փաստաբանը ստորագրել է արձանագրության տակ, որ իր ներկայությամբ է եղել հրաժարումը: Այստեղ հարցը հ/պ-ի խնդիրներից դուրս է եւ ավելի շատ ես այս վիճակում հակված եմ մեղադրելու ոչ թե քննիչներին, այլ` փաստաբաններին: Քանի կլինեն փաստաբաններ, որոնք կհամաձայնվեն մեղադրյալին չտեսնելով ստորագրել արձանագրությունների տակ, կլինեն քննիչներ, որոնք կօգտվեն դրանից: Այն նույն մեղադրյալը, որը կտեսնի արձանագրության տակ փաստաբանի ստորագրությունը, բայց չի բարձրաձայնի համապատասխան կառույցներին, ուրեմն խնդիրը կշարունակի գոյություն ունենալ: Համալսարանի իրավաբանական ֆակուլտետն առաջարկել է փոփոխություն կատարել քրեական դատավարության օրենսգրքում, որը կլուծի այդ հարցը. եթե մեղադրյալը նախաքննության ժամանակ ավելի շատ ինքնախոստավանական ցուցմունքներ է տվել, որով մեղադրում է իրեն, իսկ դատարանում ցուցմունքը փոխում է եւ նախաքննության ժամանակ նա պաշտպան չի ունեցել, ապա դա ապացույց չի կարող դիտվել: Այս դեպքում քննիչն ինքը շահագրգռված կլինի քննությունը կատարել պաշտպանի մասնակցությամբ, որպեսզի հետո խնդիրներ չունենա:

Ռուբեն Սահակյան - Իրավունք չունեի, բայց այսպիսի մի հրաման եմ ստորագրել` այն փաստաբանները, որոնք չեն տեղեկացնի ՀՊ գրասենյակի ղեկավարին կամ Պալատի նախագահին, որ մինչեւ իրենց գործում ներգրավվելը մասնակցել է մեկ այլ պաշտպան քննիչի կանչով եւ եթե հայտնաբերենք, որ հ/պ-ն այդ մասին չի տեղեկացրել մեզ, ապա կպատժվի հանրային պաշտպանը:

Արթուր Օհանյան - Մեզ մոտ աճել են հ/պ-ներ ցանկացողների թիվը, եւ ամենեւին էլ այն տպավորությունը չէ, որ նրանք գործը «սրտով» չեն անի, լավ էլ անում են: Որակի հարցում իսկապես խնդիր չկա, համենայնդեպս, մեր համայնքում այդպես է:

Ռուբեն Սահակյան - Այսօր մենք ստանում ենք զանգեր, որով խնդրում են որոշակի գործով հ/պ նշանակել այսինչին կամ այնինչին: Նման դեպքերում մենք բոլորովին այլ անձի ենք ուղարկում: Դրա համար եմ ասում ամեն ինչ մեր մեջ է, օրենքը փոխենք թե չփոխենք, ոչինչ չի փոխվելու: Գեղարքունիքի մարզի հ/պ Վազգեն Նիկոլյանը 65 քրեական գործ ունի իր վարույթում, նա ֆիզիկապես ի վիճակի չէ այդքան գործ վարել, ուրեմն նրա մասնակցությունը ձեւական է, իսկ նույն նույն մարզի հ/պ Ա. Սաղաթելյանի մոտ 10 գործ է եղել այս տարի եւ նրա նկատմամբ անցյալ տարի երկու անգամ քրեական գործ է հարուցվել` ակտիվ պաշտպանելու համար:

Համաշխարհային բանկի հասարակայնության հետ բաժնի ղեկավար Վիգեն Սարգսյան - Ամենահեշտը խնդիրները մենտալիտետի վրա գցելն է, ասում եք` կոռուպցիա չէ, ես ասում եմ` ոչ, կոռուպցիա է, ավելի շուտ կոռուպցիան արդեն դառնում է մենտալիտետ: Շատ հեշտ մոտեցում է, շատ հեշտ լուծում է, որը բոլորին ձեռք է տալիս, ասում ենք պատճառը մենտալիտետն է ու առաջ ենք անցնում: Հույս ունեմ, որ մենտալիտետի մոտեցումը կմնա այս սենյակում: Ես չգիտեմ, թե վիճակագրությունը որքանով է ստույգ, համենայնդեպս, տրամաբանություն տեսնում եմ ներկայացված վիճակագրության մեջ եւ համաձայն եմ այդ պատկերի հետ: Հույս ունեմ, որ ծրագրի վերջում հստակ կիմանանք, թե որ խնդիրներն են, որ նորմատիվային են, որոնք իրավական փոփոխության կարիք ունեն եւ որոնք են մնում հոգեբանական եւ բարոյական կոնտեքստում, որը մենք կարճ անվանում ենք մենտալիտետային:

Կիթ Պետերսոն, Ամերիկյան իրավաբանների միություն - Տարբեր պատճառներ եք նշում, թե ինչու են հ/պ-ի հրաժարումներն այդքան շատ, դրանցից մեկը փաստաբաններին չվստահելն է: Բայց մենք տեսնում ենք, որ փոփոխություններ կան, որ հ/պ-ները գնալով ավելի ու ավելի որակյալ են դառնում: Հիմա խնդիրը հենց մենտալիտետի մեջ է, այստեղ մարդիկ ավելի շատ հեղինակությանն են վստահում, ի տարբերություն այլ երկրների: Կարելի է իրավական լուծում տալ հարցին, մյուս կողմից էլ ժամանակային առումով որքան վաղ փուլում ներգրավվի պաշտպանը, այնքան ավելի գործի համար լավ կլինի: Ես կարծում եմ, որ պետք է այնպիսի օրենսդրական փոփոխություն լինի, որով պաշտպանի մասնակցությունը խրախուսվի ավելի վաղ փուլում, եւ սա էլ կփոխհատուցի մենտալիտետի հարցը: Եթե այստեղ հեղինակությանն են վստահում, այդ երեւույթը մի գիշերվա մեջ հնարավոր չէ շտկել:

Պատրաստեց` Բելլա Հովհաննիսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter