Ճշտվում են Լ. Վահանսարյանի սպանության հանգամանքները
Նախաքննությամբ պարզվել են այս տարվա օգոստոսի 31-ին գյումրեցի Լ. Վահանսարյանի սպանության հանգամանքները: Ըստ դրանց` նշված օրը` ժամը 21:00-ի սահմաններում, Գյումրիի թվով 7 բնակիչներ, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, վիճաբանել են նույն քաղաքի բնակիչներ Կ. Մինասյանի եւ Խաչատրյան եղբայրների հետ:
Այնուհետեւ Կ. Մինասյանի հայրը՝ Ա. Մինասյանը, իր հարեւանուհի Ս. Խաչատրյանից տեղեկանալով իրենց որդիների՝ Կ. Մինասյանի, Ս. եւ Ա. Խաչատրյանների ծեծված լինելու մասին, իջել է բակ՝ կռվի պատճառները պարզելու:
Սակայն վերը նշված 7 անձինք, իմանալով, որ Ա. Մինասյանը Կ. Մինասյանի հայրն է, հայհոյել, քաշքշել եւ ծեծի են ենթարկել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
«Ա. Մինասյանը, զայրանալով իրեն ծեծողների վարքագծից, տանից վերցրել է որդու՝ Կ. Մինասյանի որսորդական հրացանը եւ կրակել Լ. Վահանսարյանի դեմքին: Ստացած մարմնական վնասվածքից Լ. Վահանսարյանը տեղում մահացել է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով («Սպանություն»), իսկ Ա. Մանուկյանին, Գ. Հարությունյանին եւ Ա. Սարիբեկյանին՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Խուլիգանություն»): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը»,- նշված է դատախազության տարածած հաղորդագրությունում:
Աղբյուրի հաղորդմամբ` նախաքննությամբ պարզվել է մասնակից անձանց ինքնությունը, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` հանցագործություն կատարած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել