HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սերմերի ու թունաքիմիկատների հարցում գյուղացիներն իրենց խաբված են համարում

17_09-dasht-1Ինչպես շատ գյուղերում, այնպես էլ Արմավիրի մարզի Դաշտ գյուղում երիտասարդությունը մատնված է անգործության: Աշխատատեղեր չկան, իսկ հողագործությամբ զբաղվելն այսօր դարձել է անօգուտ զբաղմունք: Դաշտի համայնքապետ Հրանտ Պետրոսյանի ասելով` այսօրվա երիտասարդությունը նույնիսկ առեւտրով չի կարողանում զբաղվել, քանի որ «հանապազօրյա հաց վաստակելն է դժվար դարձել»: Լավ օրերի հույսով` Դաշտի շուրջ 30 տղաներ, որոնց տարիքը 30 է եւ անց, չեն ամուսնանում: Սպասում են, թե երբ են իրենց համար «բարենպաստ օրեր գալու»: Դաշտ գյուղի կենտրոնական մասում հանդիպեցինք Կարենին: Նա 29 տարեկան է եւ ապրում է ծնողների ու եղբոր ընտանիքի հետ: Կարենը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջիկա 1-2 տարում չի պատրաստվում ամուսնանալ, քանի որ ապրուստի միջոց չունի: «Սիրած աղջիկ ունեի, բայց թողեցի, որովհետեւ չեմ կարա հիմա ամուսնանամ: Հազիվ եմ իմ գլուխը պահում, կնիկ-երեխուն ոնց պահեմ: Ուզում եմ թողեմ, գնամ Ռուսաստան, եթե հետս լավ փող բերեմ, կամուսնանամ, եթե չէ` ուրեմն կմնա հետո»,-ասաց Կարենը: 17_09-h_petrosyanԴաշտի համայնքապետը նույնպես ցավով նշեց, որ երիտասարդությունը չի ամուսնանում, սակայն ուրախանալու առիթ, այնուամենայնիվ, ուներ: «Հակառակ տղաների` մեր գյուղում չամուսնացած աղջիկները շատ քիչ են: Դպրոցն ավարտելուց հետո համարյա իրար ետեւից տանում են: Չեմ թաքցնում, որ մեր գյուղի աղջիկները շատ սիրուն են ու շատ գյուղերում են մեզ այդ հարցում նախանձում: Դե, լավն են, դրա համար տանում են, որ վատը լինեն, հո չեն տանի: Տղերքն էլ վախկոտ են` չեն ամուսնանում, ես ինչ անեմ: Չեն բաշարում գոնե տնփեսա գնան»,- ասում է Հ. Պետրոսյանը: Այն, որ երիտասարդների մեծ մասն այսօր զրկանքներով է ապրում, համայնքապետը մեղադրեց հենց երիտասարդներին` ասելով, որ «մամայի ու պապայի» թիկունքում մեծանալը շատ ավելի հեշտ է: Հեշտ է բավարարվել նաեւ մեկ տաբատով ու վերնաշապիկով, սակայն դա չէ իրական կյանքը: «Աշխարհի դռները բացվել են, ընդամենը պետք է խելացի ապրել, ապրուստի միջոց ստեղծել: Քո տարիքի տղա էի: Երեւի չեք հիշի, կոմունիստական հասարակարգի ժամանակ առեւտուր անելը սպեկուլյացիա էր կոչվում, բայց ես էլի առեւտրով զբաղվում էի, որ պարապ չմնայի: Հիմիկվա երիտասարդների վրա զարմացած եմ: Մեր ժամանակ իրար վստահում էինք, իրար հետ գործ էինք անում, բայց այսօրվա ջահելները սկի իրենք իրենց չեն վստահում: Սարսափելի բան է, բայց եղբայրը եղբորը չի վստահում, հայրը որդուն չի վստահում: Իմ կարծիքով` հոգու սով է սկսվում»,-հավելեց համայնքապետը: Հրանտ Պետրոսյանը եկել է այն եզրակացության, որ մենք օրենք չսիրող ժողովուրդ ենք ու մեր սխալները սիրում ենք բարդել ուրիշների վրա. դա է հիմնական պատճառը, որ այսօր վատ ենք ապրում: «Ուղղակի պետք է ընդունենք այն փաստը, որ կա օրենք, եւ բոլորս պետք է ենթարկվենք: Այդ դեպքում շատ բան կփոխվի մեզ համար: Նույնը վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաներին, որ բոլորն իրենց տեղում լինեն: Սկսած շարքային աշխատողից` մինչեւ բարձրաստիճան պաշտոնյա, պետք է ընդունենք եւ հարգենք օրենքը: Մեկը մեկին խաբելով անընդհատ ուզում ենք շրջանցել օրենքը եւ արդյունքում տուժում ենք բոլորս»,- ավելացրեց Հ. Պետրոսյանը: Համայնքապետը ամուսնական թեմայից սահուն անցում կատարեց գյուղական խնդիրներին, որոնք պակաս ցավոտ չեն, եւ պատմեց, թե ինչ դժվարություններով են ապրում դաշտեցիները: Նրա փոխանցմամբ` Դաշտ գյուղում համապատասխան գյուղտեխնիկա չկա, իսկ եղածն էլ շատ հին է, որն ավելի շատ բարդացնում ու խնդիրներ է ստեղծում գյուղացու համար, քան օգնում է նրան: Հ. Պետրոսյանը դժգոհ է, որ Հայաստանում չկա մի կազմակերպություն, որ վերահսկողություն սահմանի եւ թույլ չտա անորակ սերմեր, թունաքիմիկատներ ու պարարտանյութեր ներկրվեն հանրապետություն: Նման դժգոհություն «Հետքին» հայտնել էր նաեւ Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքի ղեկավար Միսակ Միսակյանը: Նա կասկածում էր, որ վրացական պարարտանյութի վրա նշագրված 34% ազոտը չի համապատասխանում իրականությանը եւ շատ ավելի պակաս է: Սակայն, Գյուղնախարարության աշխատակազմի բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչության, երկրագործության եւ բույսերի պաշտպանության Արմավիրի մարզի ստորաբաժանման պետ Աբրահամ Հակոբյանը իրականությանը չհամապատասխանող էր համարել համայնքապետի ենթադրությունները: «Թունաքիմիկատների վրա պարտադիր նշված է արտադրման տարին եւ ժամկետայնությունը: Ցանկացած թունաքիմիկատ, որ մտնում է Հայաստան, անցնում է լաբորատոր փորձաքննություն: Հայաստանում առկա է ինչպես ֆիրմային արտադրության, այնպես էլ որոշ պետությունների կողմից արտադրված թունաքիմիկատներ, որոնք իրենց որակով համապատասխանում են սահմանված նորմերին»,- «Հետքին» ասել էր Ա. Հակոբյանը եւ ավելացրել,- թունաքիմիկատները ոչ թե չեն օգնում, այլ արդյունավետ պայքարի համար կա ճիշտ ժամանակ: Բացի դա` վնասատուները թունաքիմիկատների նկատմամբ իմունիտետ են ձեռք բերում, եւ անհրաժեշտ է նրանց դեմ պայքարը սկսել օգտագործված դեղամիջոցը նմանատիպ մեկ այլ դեղամիջոցով փոխարինելով» (Տես`Գյուղապետը դժգոհում է թունաքիմիկատների ու պարարտանյութի որակից, http://hetq.am/am/economy/misakyan/): Հրանտ Պետրոսյանը նույնպես վստահ է, որ պարարտանյութի հարցում գյուղացիները խաբված են: «Պարարտանյութի վրա գրված է 34% ազոտ, բայց իրականում պակաս է»,- ասաց Դաշտի գյուղապետը: Նա դժգոհ է նաեւ սերմերի շուկայում տիրող անվերահսկելի վիճակից: Ըստ համայնքապետի` խանութներից թանկ գներով իբր բերքատու տեսակի սերմեր են գնում, բայց երբ գալիս է բերքահավաքի ժամանակը, պարզվում է, որ գյուղացու գնած սերմն ամենեւին էլ բերքատու տեսակի չի եղել: «Ժողովուրդը շատ է խաբվում հատկապես լոլիկի սերմերից: Պատկերացնում եք` սերմը հատիկով են վաճառում, եւ լոլիկի մեկ կորիզի համար վճարում են 6-10 դրամ, սակայն վերջում անորակ բերք են ստանում: 1000 քմ-ի համար 3500 սերմ է հողը գցվում, բայց գյուղացիները գնում են 5000 հատ` հաշվի առնելով կորուստները, սակայն էլի տակ են տալիս ու խաբվում»,- ավելացրեց համայնքապետը: Հետաքրքրվեցինք` արդյոք իր բարձրացրած խնդիրները ներկայացրել է մարզպետարան: Պարզվեց` ոչ: «Դա այն ցավոտ հարցն է, որ բոլորին է հուզում: Ճիշտ է, մարզպետարանի գյուղատնտեսության բաժինը շատ հարցերով օգնում է, բայց դեռ չենք հասել խնդրի լուծմանը, առավել եւս, որ շուկան չենք կարողանում տիրապետել»,- նշեց Հ. Պետրոսյանը: Գյուղացիներն էլ դժգոհեցին, որ այս տարին իրենց համար շատ ավելի ծանր ու դժվար էր, քան նախորդները: 17_09-dasht«Տղա ջան, էդ ճգնաժամը մենակ գյուղացու համար էր: Սկի էդ հաստավիզներին բան չեղավ, իրանք վնասներ չկրեցին: Ինչ ըլնում ա, մենակ մենք ենք տուժում, որովհետեւ գյուղացու թիկունքը դատարկ ա»,- ասաց Անուշ տատը: Նա պատմեց, որ այս տարի մշակաբույսերի հիվանդությունները շատ տարածված էին, եւ նույնիսկ թունաքիմիկատները չեն օգնել: Բերքն առանց հասունանալու չորանում է: Գյուղացիներն այդ հիվանդությանը «չոռ» են ասում: Երբ համայնքապետին փոխանցեցինք գյուղացիների դժգոհությունը, Հրանտ Պետրոսյանը «խորհուրդ տվեց» չհավատալ շատերի ասածներին: «Ամեն տեղ էլ կան շատախոսներ, բանսարկուներ, որ առիթը բաց չեն թողնում շահարկելու եւ էլ ավելի վատթարացնելու վիճակը: Մեր գյուղում էլ նման մարդիկ կան եւ ամեն կերպ փորձում եմ հետները լեզու գտնել»,- ասաց համայնքապետը: Դժվար է ասել` չորացած բերքի կողքին կանգնած գյուղացին է ստում, թե համայնքապետն է կոծկում պատասխանատուների թերությունները: Սակայն, փաստ է, որ այս տարի գյուղացին նախորդ տարիների համեմատ վատ վիճակում է: Դա հաստատում է նաեւ համայնքապետը: «Կիսամյակի կտրվածքով բյուջեն 50 տոկոսով կատարել ենք, բայց դա չի կարելի գովելի ու բավարար համարել, որովհետեւ իմ աչքի առաջ են գյուղացիները եւ տեսնում եմ, որ մարդիկ հարկ վճարելու գումար չունեն: Պարզապես գիտակցելով, որ պետք է տան, իրենց հացի գումարն են կտրում, որ բերեն հարկը վճարեն»,- նշեց Հրանտ Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter