
ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանին խիստ մտահոգում է վերջին շրջանում Հայաստանի և Վրաստանի միջև ստեղծված լարվածությունը, ինչը նա Հայաստանի համար լրջագույն խնդիր է համարում:
Այսօր «Իրավունք դե ֆակտո» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա նշեց, որ մեզ համար Վրաստանի հետ հարաբերություններն ունեն կենսական և ռազմավարական նշանակություն, քանի որ դա մեր սնուցման երկու ուղիներից մեկն է: Ավելին` առավել կարևոր ուղին:
«Ու այս իրավիճակում եթե իշխանություները չեն կարողանում վերջ տալ այդ լարվածությանը, կարծում եմ` թե' Հայաստանի, թե' Վրաստանի ընդդիմությունը լուրջ անելիք ու պատասխանատվություն ունի այդ հարցում»,- ասաց նա:
Հայաստանն ու Վրաստանն ունեն աշխարհաքաղաքական ընդհանուր շահեր, և Դ. Շահնազարյանի կարծիքով` կա մի ոլորտ, որտեղ շատ լրջորեն կարող են համագործակցել Հայաստանն ու Վրաստանը, այն է` Նաբուկո ծրագիրը:
«Թուրքիայի կողմից երբ ասվեց, որ Հայաստանը կարող է մաս դառնալ Նաբուկոյին, ապա ես համարում եմ, որ դա ընդամենը կոնֆետ էր, որ հեռվից ցույց տվեցին, և առայժմ որևէ լուրջ հիմքեր չկան` նման հույսեր ունենալու: Նաբուկոյում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ, իմ համոզմամբ, Եվրոպան լուրջ սխալ է գործում: Թուրքիայով պետք է անցնի Ռուսաստանից եկող գազը, և Թուրքիայով պետք է անցնի նաև, ինչպես առայժմ նախագծվում է, Նաբուկոն: Այսինքն` Թուրքիան ձեռք է բերում շատ կարևոր նշանակություն և Եվրոպայի վրա գազային ճնշում գործադրելու շատ լուրջ մեխանիզմ»:
Դ. Շահնազարյանին զարմացնում է այն փաստը, որ Եվրոպան դա հաշվի չի առնում, քանի որ հաշվի առնելով այն բարդությունները, որ ստեղծեց վերջին տարիներին Ռուսաստանը Եվրոպայի գազամատակարարման հետ, բոլոր հիմքերը կան` մտածելու, որ Թուրքիան կանի նույն բանը, գուցե ավելի ուժգնությամբ:
«Կարծում եմ, որ Հայասատանն ու Վրաստանը շատ լրջորեն պետք է մտածեն և համատեղ քայլեր իրականացնեն, որպեսզի Նաբուկոն չանցնի Թուրքիայով: Ինձ համար ակնհայտ է, որ առանց իրանական գազի Նաբուկոն ուղղակի անհնար է»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել