HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

5 հակակարկտային կայան Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղում

17_09-meghrashenՇիրակի մարզի Արթիկի նախկին վարչատարածքի Մեղրաշեն գյուղի տարածքում 5 հակակարկտային կայանի տեղադրումը համայնքի բնակիչների կամքի արտահայտման յուրօրինակ դրսեւորումն էր: Երկու տարի առաջ, երբ խնդիր էր առաջացել մասնակցել ծրագրին, եւ Գյուղատնտեսական տարածքների զարգացման դրամաշնորհային ծրագրի ղեկավարներն առաջարկել էին գումարները ծախսել ալրաղացի կառուցման վրա, մեղրաշենցիներն ըմբոստացել էին: Հավաքվել, ժողով էին արել ու որոշել, որ իրենց առավել ձեռնտու տարբերակը հակակարկտային կայանների տեղադրումն է: «Կարծես օրինաչափություն լինի, 5 տարուց երեքի ժամանակ կարկուտը բերքը տարել է,- ասում է Մեղրաշենի համայնքապետ Հունան Պետրոսյանը,- էս տարի էլ 165 մլն դրամի վնաս արդեն կրել ենք: Կայանների տեղարումը մեր համայնքի համար փրկություն էր, մանավանդ, որ ժողովրդի կամքով էր»: Ծրագրի ընդհանուր արժեքը 49 մլն դրամ էր: Անմասն չէր մնացել եւ համայնքը` կատարելով 10 տոկոսի ներդրում: 17_09-zenitԱյսօր Մեղրաշենում պաշտոնապես բացվեց հակակարկտային կայանների ղեկավարման կենտրոնը: Արարողությանը մասնակցում էր նաեւ Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենես Վանուդակիսը: Այնուհետեւ փորձարկվեց կայաններից մեկը: Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը նկատեց, որ եթե անցած տարի պետական միջոցներով մարզը ընդամենը 6 կայան կարողացավ ձեռք բերել, ապա այս ծրագրի շնորհիվ միայն մեկ գյուղի տարածքում 5 կայան տեղադրվեց: Մարզպետարանի Գյուղատնտեսութայն վարչության պետ Մովսես Մանուկյանի կարծիքով` տարբեր համայնքներում կայանների տեղադրումը այնքան էլ ճիշտ չէ, պետք է բոլոր կայանները տեղադրել հայ-թուրքական սահմանի երկայնքով: «Դե պահած բան չէ, որ կարկտաբեր ամպերը հենց Թուրքիայի կողմից են գալիս,- պարզաբանեց պրն Մանուկայնը,- էնտեղ մենք 6 հատ ունենք, մի 30 հատ էլ որ տեղադրեինք, էլ խնդիր չէինք ունենա, թե չէ` Մեղրաշենն իրա համար, Ազատանն իրա համար, բա մյուս համայնքները»: Ի դեպ, եթե Մեղրաշենում հակակարկտային կայանների կառուցումը պետական ծրագրով էր, ապա Ազատանի համայնքապետը սեփական եկամուտների հաշվին 20 մլն դրամով կարողացել է 3 կայանի հարց լուծել: «Գյուղացին, ի վերջո, հասկացել է, որ լացելով ու պետությունից փոխհատուցում ուզելով` հալի չի հասնի,- նկատեց պրն Մանուկյանը,- դրա համար էլ հիմի խելքի են եկել, գյուղապետի օձիքից բռնած` հակակարկտային կայան են պահանջում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter