Հաստատեցին «Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվելու են հոկտեմբերի 13-ին` Հայաստանի եւ Թուրքիայի Ագ նախարարների կողմից»,- երեկ նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳՆ մամլո խոսնակ Բուրաք Օզյուգերգինը: Նրա խոսքերով, արձանագրություններն իսկապես ստորագրվելու են հոկտեմբերի 14-ին երկու երկրների ֆուտբոլի հավաքականների` Բուսայում կայանալիք խաղից առաջ: Այսպիսով, Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնապես հաստատել է նախօրեին «Milliyet» օրաթերթի այն տեղեկատվությունը, որ Ահմեդ Դավուդօղլուն ու Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 13-ին ստորագրելու են արձանագրությունները: Ի դեպ, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հոկտեմբերի 1-ին հայ-թուրքական թեմայով խորհրդարանական լսումներ է կազմակերպել:
Այսպես խոսեց հեղաշրջման փորձի համար մեղադրվածը ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, թե մարտի 1-ին տեղի է ունեցել իշխանության բռնազավթման, պետական հեղաշրջման փորձ. «Եւ այդ փորձը իրականացրել են մարդիկ, որ չունեին դրա բարոյական իրավունքը: Օգտվելով ժողովրդի արդար դժգոհությունից (հասկանալի է, որ մեր երկրում ժողովուրդն արդար դժգոհության հիմքեր ունի)` մարդիկ, որոնք այդ դժգոհության պատճառն են եղել ու հիմքերը ստեղծել` ժողովրդավարության հետ որեւէ առնչություն չունեցող, ժողովրդավարության թշնամի հանդիսացող մարդիկ տարել են ժողովուրդը պետական հեղաշրջման: Մյուս կողմից` այդ պետական հեղաշրջման կասեցման փորձը իշխանությունների կողմից եղել է այնքան ապիկար, անգրագետ ու ոչ պրոֆեսիոնալ, որ մենք ստիպված ստեղծել ենք այս հանձնաժողովը»: «Մարտի 1»-ի հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ասաց. «Եթե ինձ ասեին մեր զեկույցը մի նախադասությամբ բնութագրիր, ավելի լավ չէի կարող անել, ինչ արեց ընկեր Վահանը»:
Սպանության նոր մանրամասներ Նախօրեին ձերբակալվել է մայոր Մամիկոն Վարդանյանը, ում կասկածում են օգոստոսի 28-ին Վայքի զարամասի պարտադիր ժամկետային զինծառայող Արամ Մկրտչյանին ծեծի ենթարկելու եւ մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ: Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Վայքի զորամասում ծեծի ենթարկված ժամկետային զինծառայող Արամ Մկրտչյանը դեպքից մի քանի օր անց մահացել էր: Երեկ զինծառայողի հորեբոր որդին` Նորայր Նորիկյանը, որը նաեւ այս պահին հանդես է գալիս որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ tert.am-ին պատմել է այդ դեպքի հետ կապված որոշ մանրամասներ: Ըստ այդմ, օգոստոսի 28-ին` առավոտյան վազքի ժամանակ, զինծառայող Արամ Մկրտչյանը 5-6 քայլ հետ է մնացել մյուս զինվորներից, իսկ գնդի հրամանատարի տեղակալ մայոր Մամիկոն Վարդանյանը, ով այդ օրը եղել է գնդի պատասխանատուն, հարվածել է Արամ Մկրտչյանի գլխի աջ հատվածին, այնուհետեւ ոտքով հարվածել է որովայնի հատվածին, հայհոյել է ու ասել. «վազիր, հասիր շարքին»: Այնուհետեւ մայոր Վարդանյանը մոտեցել է վաշտի հրամանատար կապիտան Անդոկ Գալստյանին եւ ասել. «Արա, արի լակոտներիդ տիրություն արա»: Անդոկ Գալստյանը, ամենայն հավանականությամբ վիրավորվելով մայորի դիտողությունից, Արամ Մկրտչյանին ասել է` «դու հլը հալդ կտենաս»: Դրան հաջորդել է հայտնի ծեծը, որից հետո ծխարանում Արամ Մկրտչյանն ուշագնաց է եղել, եւ նրան երկու զինվոր տեղափոխել են բուժկետ, որտեղ Արամ Մկրտչյանին ներարկել են անալգին, դիմիդրոլ, սակայն գիտակցությունը չի վերականգնվել եւ նրան տեղափոխել են Վայքի հիվանդանոց, ուր եւ մահացել էր զինվորը:
Արժութային շուկան դարձյալ անհանգիստ է Վերջին օրերին արժութային շուկան վերստին անհանգիստ է: Դա սկսվեց նրանից հետո, երբ շաբաթավերջին փորձ արվեց շուկայից մեծ քանակությամբ դոլար դուրս բերել: Պահանջարկը բավարարելու նպատակով Կենտրոնական բանկը ստիպված էր վաճառել շուրջ 56 մլն դոլար: Սակայն դրանով, ըստ էության, խնդիրը չլուծվեց: Եթե այլ դեպքերում նման քանակի տարադրամի իրացումը կարող էր հանգեցնել դոլարի արժեզրկման, ապա այս անգամ նման բան տեղի չունեցավ: Ավելին` շարունակվեց դոլարի արժեզրկումը, ինչը նշանակում է, որ ԿԲ-ին չհաջողվեց նույնիսկ մի քանի տասնյակ մլն դոլար վաճառելուց հետո բավարարել ողջ պահանջարկը: Հենց դա էլ հանգեցրեց դոլարի հետագա արժևորմանը: Այսօր արդեն Երևանի արտարժույթի վաճառքի կետերում դոլարը գնվում և իրացվում է 381-385 դրամով: Եվրոյի փոխարժեքը տատանվում է 560-570 դրամի սահմաններում: Առք ու վաճառքի նման մեծ տարբերությունը վկայում է շուկայում ձևավորված բարձր սպասումների մասին: Դրա հետևանքով վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամերիկյան արժույթը թանկացավ շուրջ 10 դրամով: Ընդ որում` 5 դրամով միայն անցած օրվա ընթացքում:
Բաքվում քանդում են մզկիթները Պատճառաբանելով, թե դրանք ապօրինի կառույցներ են Ընթացիկ տարում նախագահ Իլհամ Ալիևի հատուկ կարգադրությամբ Բաքուն հռչակվել էր, այսպես կոչված, իսլամական քաղաքակրթության մայրաքաղաք: Սակայն կարգադրությունից անմիջապես հետո հանկարծ Բաքվում սկսում են մզկիթները նախ փակել, ապա և քանդել: Այդ մասին կայքէջում տեղեկացնում է թուրքական «Դունյա Բյուլթենի» լրատվական կենտրոնը, նշելով. «Բաքվում նախ փակվեց Թուրքիայի կրոնական հիմնադրամի կառուցած «Աբու Բաքրի և նահատակների» մզկիթը: Այնուհետև կասեցվեց Յասամալ թաղում կառուցվող «Մարգարեի» մզկիթի շինարարությունը, ապա փլեցին «Նավթահանքի քարերով» կառուցված մզկիթը: Վերջերս էլ Գյունեշլի թաղամասում կառուցված «Ֆաթիմաի Զեհրա» մզկիթը փլելու որոշում է ընդունվել: «Կրոնական հավատ և խղճի ազատություն» կազմակերպության նախագահ Իլգար Իբրահիմօղլին «Մուսաֆաթ» թերթին տված հարցազրույցում իրավիճակը օրհասական է բնութագրել: Իսկ Կովկասի մահմեդականների հոգևոր վարչության նախագահ Շեյխուլիսլամ Հաջի Ալաշուքուր Փաշազադեն մզկիթների քանդման ողջ պատասխանատվությունը բարդել է բյուրոկրատների վրա, թե փողի դիմաց իրենց հավատքն են վաճառում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել