
Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը երեկ մասնակցել է նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ կայացած կուսակցությունների ղեկավարների հանդիպմանը` նվիրված հայ-թուրքական արձանագրությունների քննարկմանը: ՀԱԿ-ից, ինչպես ինքն ասաց, միայն ինքն է եղել, և իր խոսքով` ամենասուր ելույթներից մեկն է ունեցել: Մարքսիստին չի գոհացրել քաղաքական կուլտուրայի բացակայությունը մեր քաղաքական ուժերի մոտ, քանի որ վերջիններս նախագահին ընդունելիս ոտքի չեն կանգնել: Եվ ինքն էլ իր ելույթի ժամանակ ստիպված է եղել ցուցադրաբար ոտքի կանգնել:
Այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Դավիթ Հակոբյանը ներկայացրեց, թե ինչ է ասել փաստաթղթի վերաբերյալ` նախագահի հետ հանդիպման ընթացքում:
«Դիվանագիտական սաղմնային վիճակում գտնվող այս փաստաթուղթը նման է աղերսագրի: Այնտեղ գրված է` ապաշրջափակել, բացել սահմանները: Դա նեղ կատեգորիա է, դիվանագիտական հասկացություն չէ: Հայաստանը և Թուրքիան իրենց վրա վերցնում են ապաշրջափակման պայմանավորվածություն: Իրականում շրջափակումը միջազգային կատեգորիայի ոճրագործություն է` ընդդեմ մարդկության ու քաղաքակրթության: Սա սկզբունքայնորեն միջազգային հարց է, և սրա մասին պետք է մտահոգվեն խոշոր տերությունները»,- ասաց նա:
Մյուս հանգամանքը, որ չի գոհացրել պրն Հակոբյանին` թուրք-հայկական հանձնաժողովի ստեղծումն է: Նրա կարծիքով` երկու հակամարտող կողմերը իրավունք չունեն ինչ-որ բանի շուրջ հանձնաժողով ստեղծելու: Սա ցույց է տալիս դիվանագիտական հմտության ցենզի պակասը:
«Բուն փաստաթուղթը փուլ առ փուլ տրամադրված է Միացյալ Նահանգների կողմից: Ընդ որում, լոգիկան ցույց է տալիս, որ այդ փաստաթուղթը նախերգանքն է պատմական Արցախի ազատագրված յոթ գավառների հանձնման: Արևմուտքը, Միացյալ Նահանգներն այդ աղերսագրով ուզեցել են բթացնել հայ հասարակական-քաղաքական մտքի ռեակցիան` այդ 7 գավառները ազերի-թուրքերին հանձնելուց առաջ»,- ասաց նա:
Իսկ եթե Հայաստանի նախագահը լիներ Դավիթ Հակոբյանը, այսպես կձևակերպեր արձանագրություննները. առաջինը` Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ` առանց նախապայմանների, երկրորդ` ապաշրջափակում-շրջափակումը որպես միջազգային ոճրագործություն մարդկության դեմ:
«Իմ ելույթի ամփոփիչ խոսքը ես ավարտեցի հետևյալ խոսքերով` պարոն Նալբանդյան, հաղորդեք իմ սիրելի Հիլարի Քլինթոնին, որ ավելի շուտ Արաքսի պղտոր ջրերը կանգ կառնեն, բայց պատմական Արցախի յոթ ասզատագրված գավառներն ազերի-թուրքերին չեն հանձնվի: Ավելի շուտ երկու Մասիսները կբախվեն իրար, քան հայ ժողովուրդը կհրաժարվի նյութական և տարածքային պահանջատիրությունից` որպես հետևանք Ցեղասպանության»:
Առաջարկությունների ցանկը, Դ. Հակոբյանի համոզմամբ, արդյունավետ է եղել, և շատ առողջ մտքեր նախագահը գրի է առել:
«Համենայն դեպս, մենք այս ֆորումով միջազգային հանրությանը ցույց տվեցինք, որ ճնշում գործադրել մեր նախագահի վրա, պարտադրել ստորագրել որևէ փաստաթուղթ, որը մեր ազգային շահերին շատ կետերում հակասում է, թույլ չենք տա: Դրանով մենք պարտադրեցինք հարգել մեզ»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել