HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԴԱՀԿ-ն բողոքում է, որ հեռուստաընկերությունն օգտագործվում է իրեն վարկաբեկելու համար

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մամլո գրասենյակը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` «վարույթներով պարտատեր հանդիսացող որոշ անձինք դատարանի որոշումները կատարելու փոխարեն իրենց սեփական ԶԼՄ-ներով խղճուկ փորձեր են անում վարկաբեկել ծառայության հեղինակությունը»: «Խոսքը գնում է Աչափնյակ-Դավիթաշեն ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող դատական գործով պատասխանող հանդիսացող Վարշամ Ղարիբյանի մասին: Հայցը դատարան են ներկայացրել «Մավա իմպուլս» եւ «Շանթ+» կազմակերպությունները, որոնք վիճարկում են Վարշամ Ղարիբյանի թվով մոտ 100 բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաների շահագործման իրավունքը: Դատական գործի շրջանակներում ԴԱՀԿ ծառայությունը ստացել է կատարողական թերթ, որպես հայցի ապահովման միջոց արգելանք դնել վիճարկվող մեքենաների վրա, ինչը եւ իրականացվել է: Սակայն մեքենաները ապօրինի օգտագործվել են, ինչի համար եւ պատասխանատու անձերը տուգանվել են ընդհանուր առմամբ 2,6 միլիոն դրամի չափով: Տուգանքների գումարները մուծվել են ամբողջությամբ, իսկ արձանագրություններում այդ անձինք նշել են, որ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների գործողությունների վերաբերյալ առարկություններ չունեն: Չնայած դրան պարտատեր Վարշամ Ղարիբյանին պատկանող «Երեւան» հեռուստաընկերությունն օրերս նախաձեռնել է հատուկ թողարկում հեռուստարեպորտաժ, որտեղ խեղաթյուրվել են փաստերը եւ փորձ է արվել վարկաբեկել ԴԱՀԿ ծառայությունը: ԴԱՀԿ ծառայությունը հայտնում է, որ շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները, չտարբերակելով կատարողական վարույթները ըստ իրենց գումարային ծավալների կամ մասնակիցների ով լինելու, եւ անկախ այն հանգամանքից, թե ինչ հեռուստաընկերությունների սեփականատերեր են ներգրավված վարույթներում: Դատական ակտերը կամովին չկատարելու դեպքում ծառայությունը իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու է հետեւողականորեն եւ օրենքի ողջ խստությամբ»,- նշված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter