
«ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումը, որը զբաղվում է թրաֆիքինգի հարցերով, արդեն իսկ հարցումներ է ուղարկել մի շարք վայրեր` մամուլում հրապարակված ինֆորմացիայի հավաստիությունը ճշտելու համար: Եթե տեղեկատվությունը հաստատվի, անպայման կձեռնարկվի համապատասխան միջոցներ»,- «Հետքին» փոխանցեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Մուշեղ Կրոյանը:
Նախորդ շաբաթ «Առավոտ» օրաթերթը գրեց, որ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լյուցենբերգերի ընտանիքում ՀՀ քաղաքացի Աստղիկ Դանիելյանը ենթարկվել է թրաֆիքինգի:
37-ամյա Աստղիկն աշխատել է դեսպանի ընտանիքում, որպես վերջինիս դստեր դայակ-դաստիարակ: 2008-ի մայիսին դեսպանի կնոջ` բելառուսցի Նատալիա Հրուշայի առաջարկով Աստղիկը մեկնել է Բրյուսել` օգոստոսին վերադառնալու պայմանով: Ավելի ուշ Աստղիկը պարզել է, որ իր անձնագրում կնքված «տուրիստական» վիզան և ինքնաթիռի տոմսը պարունակում են օրինախախտումներ:
Արդեն Բրյուսելում դեսպանի տիկինն Աստղիկին խորհուրդ է տվել քաղաքական ապաստան խնդրել ` վկայակոչելով Հայաստանում տեղի ունեցած մարտյան դեպքերը:
Աստղիկ Դանիելյանի պատմելով` Բրյուսելում Նատալիա Հրուշան սիրալիր տիկնոջից վերածվել է դժգոհ, սաստող և հրամայող տիրուհու. « ...Ես, փաստորեն, վերածվեցի աղախնի և տկն Հրուշայի կամակատարի: Աշխատանքային օրս սկսվում էր 8:30-ին և ավարտվում 22:00-ին, երբեմն` կեսգիշերին կամ ավելի ուշ: Զրկված սնունդից (տկն Հրուշան խորհուրդ էր տալիս սնվել դստեր մնացորդներով), բուժօգնությունից (որի կարիքը բազմիցս զգացել եմ), տնից դուրս գալու և հանգստյան օրերի իրավունքից, ես շարունակեցի աշխատել մինչև հուլիսի 2-ը: Տկն Հրուշան ինձ պարտադրում էր հանգստի ժամերին և աշխատանքային ժամերից հետո արդուկ, լվացք և տան մաքրություն կատարել»,- պատմել է Աստղիկը:
Հուլիսի 2-ին նա հրաժարվել է «աղախնի» պարտականություններից և խնդրել, որ հաջորդ օրվա համար իրեն վերադարձի տոմս գնեն դեպի Հայաստան: Արդյունքում Նատալիա Հրուշան և նրա բնակարանում ապրող ընկերուհին` Սվետան, սկսել են վիրավորել, ծաղրել ու հայհոյել Աստղիկին, այնուհետև քաշքշել ու հարվածել` ջարդելով ատամը: Ա. Դանիելյանի ասելով` դեսպանի կինը նաև սպառնացել է, թե իր ամուսնու պես հզոր դիպլոմատի դեմ «վայրի ու հետամնաց երկրի դուսպրծուկ աղջնակը ոչ մի շանս չունի»:
«Արցունքոտ, պատառոտված հագուստով և այլայլված դուրս պրծնելով դժոխային կալանքից, գիշերվա կեսին` իրերովս հանդերձ, առանց դրամի հայտնվեցի փողոցում... Հասնելով մոտակա ոստիկանության բաժանմունք` ես բողոքի հայտ ներկայացրի Լյուցենբերգեր-Հրուշա ընտանիքի դեմ: Բողոքս արձանագրվել է Բրյուսելի ZP 5339 Իքսել ոստիկանատան աշխատակից Էլիս Վանդերշրիկի կողմից»,- պատմել է Աստղիկը:
Բրյուսելի փողոցներում գիշերն անցկացնելուց հետո նա փեսայի օժանդակությամբ մեկնել է Փարիզ, և առայսօր ապրում է քրոջ բազմանդամ ընտանիքում:
Փարիզում բժիշկ Ժան-Քրիստոֆ Գալիեյը հուլիսի 4-ին տված տեղեկանքով հաստատել է, որ «տիկին Դանիելյան Աստղիկը, որը հայտարարում է, որ 2.07. 2008-ին ստացել է մարմնական վնասվածքներ» ձախ և աջ թևերին, աջ ձեռքին ունի այտուցված կապտուկներ, առկա է նաև մաշկային սալջարդ. « ...Ծնոտի աջակողմյան մասում` մաշկային սալջարդ: Ներքին ծնոտի վրա` աջակողմյան ժանիքը ցավոտ է և տեղահանված: Տիկինը բողոքում է թևերի և մեջքի ցավից, ընդ որում` առկա ուժեղ սթրեսից և տագնապից»,- արձանագրել է բժիշկը` նշելով, որ տեղեկանքը տրվում է իրավապահ մարմինների պահանջով` ներկայացնելու ըստ պահանջի:
Մի քանի օր է` «Հետքը» փորձում է այս պատմության առնչությամբ մեկնաբանություններ ստանալ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լյուցենբերգերից: Ի վերջո, դեսպան Լյուցենբերգերն օգնականի միջոցով փոխանցեց, թե աշխատանքային խիստ հագեցած գրաֆիկի պատճառով չի կարող հանդիպել մեզ հետ, և խոստացավ հրապարակման կապակցությամբ մեկնաբանություններ ներկայացնել եկող շաբաթ:
Աստղիկ Դանիելյանը կատարվածի մասին տեղեկացրել է նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանին: Արդյունքում նրան զանգահարել է Բրյուսելում ՀՀ հյուպատոսը և առաջարկել` օգնել հայրենիք վերադառնալու հարցում, ինչից Աստղիկը հրաժարվել է: Նա հայտարարել է, թե Եվրոպայում հաստատվելու մտադրություն չունի, ուզում է ժամ առաջ հետ գալ Հայաստան, սակայն, կատարելապես տիրապետելով ֆրանսերեն և անգլերեն լեզվին, չի ցանկանում այլոց մեղքով կամ պարզապես խաբված լինելու պատճառով իր անձնագրում «դեպորտի» կնիք ունենալ և արդյունքում հետագա 10 տարիների ընթացքում զրկվել եվրոպական երկիր մուտք գործելու իրավունքից:
ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետ Տիգրան Բալայանը նույնպես նշեց, թե դեպքի իրական պատկերը ստանալու համար հարցում են ուղարկել Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն. «Իրականում ե՞րբ է ՀՀ քաղաքացին դիմել դեսպանություն, ի՞նչ խնդրանքով, ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվել դեսպանատան կողմից: Մի խոսքով` բոլոր հարցերի համար սպասում ենք տեղեկատվության, որից հետո կդիմենք որոշակի գործողությունների»,- «Հետքին» ասաց Տ. Բալայանը` առանց մանրամասնելու, թե արտգորնախարարությունն ինչ քայլերի կարող է դիմել:
«Լյուցենբերգեր-Հրուշա ընտանիքը պետք է պատասխանատվություն կրի իմ հանդեպ գործած անօրինականությունների համար, վերականգնի իմ ոտնահարված իրավունքները, փոխհատուցի ինձ՝ ինքնասիրությանս հասցված բարոյական եւ ֆիզիկական վնասները, վարձահատույց լինի Եվրոպայում վարած իմ թշվառ գոյատեւման համար»,- ասում է Աստղիկ Դանիելյանը:
Բրյուսելի ոստիկանությունում Արքայական դատախազին ուղղված բողոքը ներկայացնելուց 2 ամիս անց գործը փակվել է՝ առանց պատճառաբանության եւ հետագա ընթացքի: Աստղիկը դիմել է նաև PAG ASA բելգիական կազմակերպությանը: Այստեղ պարզաբանել են, թե Լյուցենբերգերը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի, ուստի, լինելով Իտալիայի քաղաքացի, Բելգիայում նրա նկատմամբ չի կարող գործ հարուցվել: Այնուամենայնիվ, կազմակերպությունն Աստղիկին առաջարկել է տեղի ունեցածի մասին գրավոր նամակ գրել, որի հիման վրա կփորձեն հետամուտ լինել խնդրին:
Որպես վերջին հնարավորություն` Աստղիկ Դանիելյանը մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել