Միաձայն կողմ` «հանդուրժողականության սկզբունքին»
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր պաշտոնական վեբ կայքի (www.competition.am) միջոցով օգոստոսի 31-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ կազմակերպել եւ անցկացրել է առցանց հարցում` մրցակցության կարգավորման միջոցների վերաբերյալ: Թեման հետեւյալն էր. «Հանդուրժողականության սկզբունքը մրցակցության կարգավորման բնագավառում: Այն արդյունավետորեն կգործի՞ Հայաստանում»:
Ինչպես արդեն տեղեկացրել էր ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը, մրցակցային օրենսդրության առաջիկա բարեփոխումների շրջանակներում եվրոպական փորձագետներն առաջարկում են ընդգրկել «հանդուրժողականության սկզբունքի» (leniency programme) կիրառումը
Հարցերը հետեւյալն էին.
1. Ձեր կարծիքով հակամրցակցային համաձայնությունների դեպքում պե՞տք է կիրառել հանդուրժողականության սկզբունքը, թե՞ ոչ:
2. Ձեր կարծիքով որքա՞ն արդյունավետորեն այն կգործի Հայաստանում:
3. Ձեր կարծիքով տուգանքի չափն անհրաժե՞շտ է բարձրացնել, եթե այո` որքա՞ն:
Հարցման մասնակիցները մեծ ակտիվություն չեն ցուցաբերել, սակայն բոլոր մասնակիցները միաձայն կողմ են արտահայտվել «հանդուրժողականության սկզբունքի» կիրառման վերաբերյալ: Ոչ մի դեմ արտահայտվող չի եղել: Ինչ վերաբերում է արդյունավետությանը, ապա մեծ մասը կարծում է, որ սկզբունքի կիրառումն ամեն դեպքում կբարձրացնի հակամրցակցային համաձայնությունների բացահայտման արդյունավետությունը, չնայած ոմանք էլ կարծում են, որ այն արդյունքներ կտա ժամանակի ընթացքում: Տուգանքի չափի բարձրացման առնչությամբ եւս հարցման մասնակիցները միակարծիք են. այն պետք է բարձրացվի, ըստ հարցման մասնակիցների` 4-15 տոկոս: Մի քանիսը դժվարացել են պատասխանել հարցին:
Առաջիկայում կքննարկվեն մրցակցային օրենսդրության բարեփոխումների մի շարք դրույթներ, որի ժամանակ Հանձնաժողովը նկատի կունենա նաեւ հարցման արդյունքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել