Անունները հայտնի են
Թերթի տեղեկություններով` իշխանական վերնախավում արդեն քննարկվում են այն պատմաբանների անունները, ովքեր կարող ընդգրկվել Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին նախաստորագրված արձանագրություններով նախատեսված հայ-թուրքական պատմական ենթահանձնաժողովում: Այդ պատմաբանների մեծ մասի անունները հանրությանը հայտնի են.

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյան, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյան, պատմական գիտությունների դոկտորներ Լավրենտի Բարսեղյան, Գևորգ Խուդինյան, Արմեն Այվազյան:
Այդ հանձնաժողովում կարող են ընդգրկվել նաև Կտրիճ Սարդարյանը, Հակոբ Զաքարյանը և Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը: Վերջինը թերթին ասել է, որ ենթահանձնաժողովի ստեղծման մասին դեռ տեղեկություններ չունի, բայց չի բացառել, որ կարող է իր մասնակցությունն ունենալ այդ հանձնաժողովի աշխատանքներում:
Դեղորայքը թանկացել է
Արդեն երեք օր է` բոլոր դեղատներում թանկացել են դեղորայքի հիմնական տեսակները: Առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ իրենք դրա համար պատասխանատվություն չեն կրում, իսկ կենտրոնացված կարգով ներկրվող դեղորայքը չի թանակցել:
«Հավանաբար թանկացումները կապված են դրամի արժեզրկման հետ»,- պատասխանեցին ԱՆ-ից: Նույնը հաստատեցին նաև ներկրողները: «Թանկացել են այն դեղատեսակները, որոնք վաճառվում էին ինքնարժեքից ցածր կամ ձեռք էին բերվում եվրոյով»,- ասաց դեղորայք ներկրողներից մեկը:
Ասում են նաև, որ դեղերի գների բարձրացումն առաջինն իրականացրել է իշխանությանը մերձ կանգնած օլիգարխներից մեկը, մյուսները հետևել են նրա օրինակին, որ դիմանան մրցակցությանը:
Քոչարյանական նախընտրություն
Երեկ Օսկանյանի տիկնոջ կազմակերպած «բազարին» մասնակցել է նաև Քոչարյանի կինը` Բելլա Քոչարյանը: Երկու օր առաջ նմանատիպ միջոցառմանը նա չէր մասնակցում, հավանաբար այն պատճառով, որ գործող նախարարի տիկինն էր դրա կազմակերպիչը: Սա խոսում է քոչարյանական նախընտրությունների մասին:
Բորսան երեք օր չի աշխատելու
Երեկ նույնպես` ՀՀ Կենտրոնական բանկը խոշորածավալ ինտերվենցիա է իրականացրել ֆինանսական շուկայում: Ֆոնդային բորսայում ԿԲ-ն վաճառել է մոտ 6.3 միլիոն դոլար, սակայն չնայած այդ ծավալին, դոլարի փակման գինը կազմել է 381 դրամ 75 լումա, ինչն ընդամենը 24 լումայով է պակաս միջին կշռված փոխարժեքից:
Մասնագետների կարծիքով` որոշակի հավանականություն կա, որ առաջիկա երեք օրերին շուկայում կնկատվի կանխիկ արտարժույթի պակաս: Խնդիրն այն է, որ առաջիկա 3 օրերին ֆոնդային բորսան չի գործելու, ուստի` շուկայում դոլարի նկատմամբ պահանջարկի բավարարումը կստանձնեն բացառապես «չենջերը»: Դրանց արտարժույթի գինը` դրամով արտահայտված, կարող է բարձրանալ, ինչն էլ իր հերթին կհանգեցնի նրան, որ «չենջերը» կորոշեն պահել իրենց մոտ եղած կանխիկ արտարժույթը:
Սրանից խուսափելու համար, թերևս, ԿԲ-ն կդիմի իր փորձարկած մեթոդներից մեկին` ոստիկանության միջոցով «չենջերին» պարզապես կարգելի բարձրացնել արտարժույթի գինը:
Վազգեն Մանուկյանը պատժեց ինքնուրույնության համար
«Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի տակ չստորագրած ԱԺՄ ներկայացուցիչ Արտավազդ Վարդանյանը կհեռացվի կուսակցությունից: Այդ մասին հայտնել է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը.
«Ինքը մեր ներկայացուցիչն է այնտեղ, բայց չի ներկայացրել փաստաթուղթը, այն չի քննարկվել մեզ մոտ, ինքն ընդունել է ինքնուրույն որոշում, որն իր իրավասությունից դուրս է»: Հավելել է, թե Արտավազդ Վարդանյանի համար «ուղղակի սա հնարավորություն էր իր վրա ուշադրություն գրավելու: Այդ փոքր մարդկային թուլությունն է իր մեջ խոսել»:
Մինչդեռ Արտավազդ Վարդանյանը լրագրողներին հայտնել է, թե ինքն է կուսակցությունից հեռանալու` դա պայմանավորելով ԱԺՄ-ի «անողնաշար» պահվարծքով:
Մոռանալ Աստվածաշո՞ւնչը
Օրերս հերթական քաջագործությամբ էջմիածինցիների ուշադրության կենտրոնում հայտնվեց Մայր աթոռի սպասավոր տեր Հարություն Քեսաբյանի որդին` Նարեկ Քեսաբյանը: Նա ապակյա շշով հարվածել է Էջմիածին քաղաքի բնակիչ Մ. Հ.-ին` պատճառելով լուրջ վնասվածքներ:
«Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի ընդունարանից «Առավոտին» ասացին, որ իրենց մոտ նման վնասվածքներով քաղաքացի չի ընդունվել, հետևաբար` դեպքն արձանագրված չէ նաև ոստիկանությունում: Փոխարենը գործի են անցել տուժողի «շահերից հանդես եկող» հեղինակությունները` Նարեկ Քեսաբյանին գտնելու և նրա հետ «դաստիարակչական աշխատանքներ» տանելու նպատակով:
Հիշեցնենք, որ հոգևորականի ընտանիքում մեծացած Քեսաբյան տղաներից ավագը` անչափահաս Հակոբ Քեսաբյանը ևս դատական գործընթացների մեջ է: Նա էլ անցած ուսումնական տարում դասամիջոցին դանակահարել էր դասընկերոջն ու սառնասրտորեն հեռացել:
Քեսաբյանների երկորդ որդու` Նարեկի «սխրանքը» զայրացրել է քաղաքի բնակիչներին: Որդիների անվտնագությունն ապահովելու համար Քեսաբյան ընտանիքը ժամանակավորապես լքել է քաղաքը` մինչև կրքերը կհանդարտվեն, իսկ Աստվածաշունչը պատվիրում է` «Սիրիր մերձավորիդ»:
Ազգը` հեռուստաալիքների պատկերացմամբ
«Բոլոր հեռուստաընկերությունները, չգիտես ինչու, որոշել են, որ մեր ազգն ամենաապուշ, ստոր և հիմար ազգն է և համապատասխան ստոր և հիմար պատմություներ պիտի պատմեն, որ հանդիսատեսին գրավեն: Սա մի բևեռն է, մյուսն էլ «քեֆ-ուրախության» տարրը:
Հեռուստատեսությունը միտումնավոր հանրությանը զրկում է այն ինֆորմացիայից, որը կարող է ճաշակը զարգացնել, դաստիարակել»,- կարծում է երաժիշտ, երգիչ Վահան Արծրունին:
Կոտորածն մոծակաց
Բանից պարզվում է` կառավարության հատկացրած 20 միլիոն դրամն արդյունավետ է ծախսվել. Ջերուկ քաղաքի մոծակների 80 տոկոսը ոչնչացված է: Ընդ որում` «գործընթացն» իրականացնողները տեղեկացրել են, որ տարեկան մեկ անգամ նման միջոցառումը բավարար է` դրական արդյունք ունենալու համար:
«ՉԻ» - Բայց չկարծեք, թե «գործընթացի» ղեկավարները չէին կարող Ջերմուկի մոծակները 100 տոկոսով վերացնել: Լավ էլ կարող էին, պարզապես «միջազգային նորմերն» արգելում են «ամբողջովին վերացնել որևէ կենդանատեսակ»: Այսինքն` կարող էր այնպես պատահել, որ Ջերմուկի պատճառով մոծակները երկրի երեսից ընդհանրապես վերանային:
Լավ, իսկ ինչպե՞ս են պարզել, որ վերացվել է մոծակների 80, և ոչ թե, ասենք, 75 տոկոսը: Այստեղ երկու տարբերակ կա. կամ ծրագիր իրականացնողները համարակալել են բոլոր մոծակներին և յուրաքանչյուր հինգերորդին «համաներել» ու ազատ արձակել, կամ էլ ընտրանքային հարցում են անցկացրել մոծակների շրջանում և տվյալները համադրել մոծակակծման փաստերի դիմանիկայի հետ:
Ամեն դեպքում, ճիշտ կլիներ, եթե մոծակների ոչնչացման հաշվետվությունը ներկայացվեր ոչ թե հիմա, այլ հունվարին: Հավատացնում ենք` արդյունքներն ավելի տպավորիչ կլինեին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել