
Սեպտեմբերի 17-ին վերաօծվեց Արցախի Հակ գյուղի Սուրբ Մինաս եկեղեցին: Քաշաթաղի շրջանում գտնվող Հակի եկեղեցու վրա փորագրված է 1675 թ.:
Եկեղեցու վերանորոգման աշխատանքները կատարել է Թուֆենկյան հիմնադրամը` Վիրջինիա Դևիսի մասնակցությամբ: Վիրջինիան նվիրատվությունը կատարել է ի հիշատակ իր տատիկի` Վերժինե Մուրադյանի: Ցեղասպանության ժամանակ ամբողջ գերդաստանից կենդանի են մնացել միայն Վերժինե Մուրադյանն ու եղբայրը:
Ծրագրի երկրորդ մասը գյուղը ջրով ապահովելն էր: Ինչպես «Հետքի» հետ զրույցի ժամանակ նշեցին հակեցիները, սեպտեմբերի 16-ից իրենք արդեն խմելու ջուր ունեն: Սակայն ջրագծի բացման արարողությունը տեղի չունեցավ վատ եղանակի պատճառով:
Եկեղեցու վերաօծման արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, այլ պաշտոնյաներ, Հակի և հարևան գյուղերի բնակիչներ, հյուրեր:

Վերաօծման արարողությունը գլխավորում էր Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Դիմելով Վիրջինիա Դևիսին` Պարգև Սրբազանն ասաց, որ ցեղասպանության մի փորձ էլ «թուրքերը փորձեցին կատարել նաև այստեղ` արցախյան հողում, մեր նկատմամբ, որն էլ իրենց, բարեբախտաբար, այս անգամ չհաջողվեց, որովհետև մեր ժողովուրդը այս անգամ եղավ կազմակերպված, համախմբված և միակամ: Դրանով մենք ոչ միայն կասեցրինք այս երկրորդ ցեղասպանության փորձը», այլև ունեցանք երկու հայկական անկախ պետություն:

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշեց. «Այսօր Արցախի նախագահի ներկայությունը, մեր բոլորի մասնակցությունը այս միջոցառմանը երևի մի մեծ խորհուրդ էլ ունի իր մեջ, և պատասխանն է բոլոր այն հարցերին, թե ինչ է լինելու այս տարածքների ապագան: Շատ լա'վ է լինելու, որովհետև մենք քայլ առ այլ մեր բոլոր իղձերը, ցանկությունները մոտեցնում ենք երևի և փորձում ենք մեր երազանքը դարձնել իրականություն»:
Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն Մարո Մաթոսյանը նշեց, որ հիմնադրամի գործունեության 50 տոկոսն ուղղված է ազատագրված Քաշաթաղում ծրագրեր իրականցնելուն:

Նա նշեց, որ պատմական փաստաթղթերով Հակը բավականին մեծաթիվ բնակչություն է ունեցել: Բազմիցս և թուրքերը, և քրդերը փորձել են ոչնչացնել գյուղը, բայց հայերը վերականգնել են այն: 1918 թ. օսմանյան բանակը տարածքը հայաթափել է, իսկ 1921 թ. տարածքը հանձնվել է Խորհրդային Ադրբեջանին:
Ներկայումս գյուղը 45 բնակիչ ունի:

Մարո Մաթոսյանի խոսքերով` Հակի գյուղապետ Վոլոդյա Սահակյանը գյուղի բնակչությանը «կազմակերպել է մի բանակի նման»: Գյուղացիները երկար ժամեր աշխատել են եկեղեցու վերանորոգման վրա. և տղամարդիկ, և կանայք իրենց ձեռքերով մաքրել են սրբատաշ քարերը: Իսկ գյուղի վարպետը` Վանիկ Մկրտչյանը, Մարո Մաթոսյանի խոսքերով, գիշերը չէր քնում` մտածելով, որ «կարո՞ղ է թիթեղը չհասնի, կարո՞ղ է` ես սխալ հաշվարկներ արեցի»:
«Այսօր մենք հաճախ լսում ենք բանակցությունների, պայմանագրերի, Ղարաբաղի կարգավիճակի մասին: Բայց մենք բոլորս, որ այստեղ ենք, դա լինի կառավարություն, հակեցիներ, սփյուռքահայեր, գիտենք, որ ոչ ոք այստեղից դուրս չի գալիս, ոչ ոք այստեղ պատրաստ չէ լքել այս հողերը»,- ասաց Թուֆենկյան հիմնադրամի տնօրենը:
Նա բերեց հետևյալ օրինակը. 1967 թ. 1500 հրեա բնակություն է հաստատել զավթված պաղեստինյան հողերի վրա: Հրեաներին դատապարտել են «ՄԱԿ-ի որոշումը, միջազգային պայմանագրեր, բանակցություններ, պատերազմներ», քանի որ նրանք ոչ իրենց հողի վրա էին բնակություն հաստատել: Մարո Մաթոսյանը հարցնում է, թե հիմա ո՞ւր են կորել այդ բոլոր «պայմանագրերը, միջազգային ստորագրությունները կամ օրենքները»: Դրանց փոխարեն զավթված պաղեստինյան հողերի վրա 2000 թ. արդեն 225.000 հրեա էր ապրում:
«Անօրինակա'ն կերպով իրենք այնտեղ ապրում են: Եվ ոչ ոք իրենց այսօր չի կարող ասել, որ «այստեղից գնացք»»,- ասաց նա:
Մարո Մաթոսյանը հավելեց, որ ի տարբերություն հրեաների` հայերը ազատագրել և վերաբնակություն են հաստատել իրենց պատմական հայկական հողերի վրա:
«Մենք բավական հայկական հողեր տվել ենք` Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը, Ջավախքը, Շահումյանը: Ինձ թվում է` հերիք է: Արդեն սա պետք է մնա մերը: Ես հուսով եմ, որ մեր բանակցողները այս եռանդով են նստում բանակցության սեղանի առջև: Ո’չ` վախկոտաբար, ո’չ` զիջողական, ո’չ` ասելու, որ «բանակցություն է. պետք է մտածենք` ինչ ենք տալիս, ինչ ենք առնում»: Ոչ, սա մերն է ու վերջ»,- ասաց Մարո Մաթոսյանը:
Նրա խոսքերով, այս համատեքստում իրենք, տիկին Դևիսի գլխավորությամբ, ուզում են վերականգնել հնարավորինս շատ եկեղեցիներ և հայկական այլ հուշարձաններ:

Ինչպես հայտնեց Վիրջինիա Դևիսը, հաջորդը վերանորոգվելու են
Միրիկ գյուղի Սուրբ Աստվածածինը և Հոչանց գյուղի Սուրբ Ստեփանոսը:
«Երբ վերջացնենք այս երկու եկեղեցիները, պիտի անցնենք մյուս եկեղեցիներին»,- ասաց նա:
Սուրբ Մինասի վերաօծման արարողությանը ներկա Վարսիկ Աբգարյանը վերաբնակ է: Սիսիանցի տիկին Վարսիկը 10 տարի առաջ է հաստատվել Քաշաթաղում:

«Հետքի» հետ զրույցի ժամանակ նա բացառեց ազատագրված տարածքները թշնամուն հանձնելու հնարավորությունը:
«Միանգամայն բացառվում է: Բոլորի կողմից էլ բացառվում է, որ մի թիզ հող անգամ հանձնվի: Այդպիսի բան չի լինի: Երբեք: Մենք մեր բնակիչներով` մեծից մինչև փոքր, բոլորով պահակ ենք»,- ասաց տիկին Վարսիկը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել