HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Վերաքննիչ դատարանը կրկին մերժեց բազմանդամ ընտանիքի բողոքը

19-09_K-XlxatyanԱրարատ քաղաքի Սալակիթների 2 հասցեում բնակվող Խլղաթյանների ընտանիքը շուտով կզրկվի իր ննջասենյակից, քանի որ դատարանի որոշմամբ` այն պետք է պատկանի քաղաքացի Ֆենյա Մարգարյանին: Կատյա Խլղաթյանը, նրա երկու որդիները` կանանց եւ զավակների հետ, այժմ բնակվում են 77,54 քմ մակերեսով տանը, որի 11.64 քմ տարածքը Արարատի քաղաքապետարանը վաճառել է Ֆենյա Մարգարյանին: «Կարո՞ղ է մեզ էլ սենյակի հետ են վաճառել, չենք իմացել: Սա նման է գողության, իմ անշարժ գույքն են գողացել: Այդ սենյակում տղայիս նորածին երեխան է ապրում, ես հո՞ երեխային ննջարանից չեմ հանելու բերեմ հյուրասենյակում պահեմ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Կատյա Խլղաթյանը: Այդ տունը Խլղաթյանների ընտանիքին հատկացրել է Արարատի քաղխորհրդի գործկոմը 1996 թվականին: 9 անդամից բաղկացած ընտանիքը, ի դեմս Կատյա Խլղաթյանի, դիմել էր Արարատի ընդհանուր իրավասության դատարան` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ստանալու հայցով: «Մեր ընտանիքն արդեն 13 տարի այդ տանն է ապրում, մենք այն սեփականաշնորհելու իրավունք ունենք»,- ասում է Կատյա Խլղաթյանը: Նրանց հայցը մերժվել է, որից հետո Կատյան բողոք է ներկայացրել Վերաքննիչ քաղաքացիական դատարան: Այստեղ էլ դատավորներ Լ. Գրիգորյան, Ա. Թումանյան, Գ. Մատինյան եռյակը մերժել է ընտանիքի Վերաքննիչ բողոքը` համարելով այն անհիմն: Ի դեպ, Վերաքննիչ դատարանի վերոնշյալ եռյակը Կատյա Խլղաթյանի տան վերաբերյալ մեկ այլ գործ էլ էր քննել եւ որոշում էր կայացրել կրկին ի վնաս բազմանդամ ընտանիքի: Այդ պատճառով էլ Խլղաթյանը դատավորներին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել: Նա կարծում էր, թե միեւնույն դատավորները դարձյալ պիտի մերժեն իր բողոքը: Ինքնաբացարկի միջնորդությունը դատարանը մերժել էր, եւ ինչպես Խլղաթյանն էր կանխատեսել` իր բողոքը եւս մերժվեց: Խլղաթյանների ընտանիքը դեռ չի որոշել` դիմել Վճռաբեկ դատարան, թե ոչ: «Ես էս դատարաններից հույսս կորցրել եմ արդեն, իզուր տեղը փող ենք ծախսում, բայց մյուս կողմից էլ` հո՞ չեմ կարող տանս մի սենյակը ուրիշին զիջեմ»,- ասում է Կատյան: Հիշեցնենք, որ Խլղաթյանների ննջասենյակի ապագա տերը` Ֆենյա Մարգարյանի կարծիքը լսելու համար այցելել էինք Երեւանում գտնվող նրա բնակարան: Դուռը չբացեցին. հարեւան բնակարանից մի երիտասարդ աղջիկ ներկայացավ որպես Ֆենյայի դուստր եւ ասաց, որ այդ հարկի երկու բնակարաններն էլ իրենց է պատկանում: Աղջկա խոսքով` հայրն ու մայրը գտնվում են Ռուսաստանում եւ առաջիկա ամիսներին Երեւան գալու մտադրություն չունեն: Իսկ Կատյա Խլղաթյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, թե Ֆենյա Մարգարյանը դատարանում մշտապես հաղթում է ամուսնու շնորհիվ: «Նրա ամուսինը ոստիկանության նախկին աշխատող է, այդ պատճառով էլ բոլոր դատական վճիռները նրանց օգտին են կայացնում, նույնիսկ դատարան չեն գալիս, փաստաբան էլ չեն ուղարկում, բայց գործը հաղթում են: Նրանք շատ տներ ունեն, բայց մեր ննջասեյնակն էլ են ուզում խլել»,- ասում է արդարադատությունից հիասթափված Կատյան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter