HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սկեսուր եւ հարս. հավերժական կռիվ

- Հոպոպ դառնաս Անամոթ հարս... Հովհ. Թումանյան, «Անիծված հարսը» Սկեսուրի եւ հարսի կռիվը համամարդկային խնդիր է, եւ նրանց զավեշտական հակադրության ընդհանրացումները տեղ են գրավել նաեւ ժողովրդական բանահյուսության մեջ, որոնցից մեկն էլ փաստում է` եթե սկեսուրը չի սիրում հարսին, նրան անգամ նախատում է, թե ալյուր մաղելիս «քամակը պտտում է»: Տարիներ շարունակ սկեսուրի հետ ունեցած անվերջանալի հակասությունը քայքայել է Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ Արմենուհի Գրիգորյանի առողջությունը: Նա ստեպ-ստեպ ընկնում է նյարդային ցնցումների մեջ, որի ընթացքում փակվում է մի աչքը: Այդ հակասությունը ոչ միայն սկեսուրի` Ջեմմա Վանյանի հետ երկու աղջիկ թոռների հարաբերություններն է խաթարել, այլեւ երեխաների մանկությունը: Արմենուհի Գրիգորյանը 1992 թվականին ամուսնացել է Արսեն Ռամազյանի հետ: Համատեղ ամուսնությունից նրանք ունեցել են 2 աղջիկ: «Ինը տարվա ընթացքում, կարելի է ասել, 3 տարին ենք Արսենի հետ եղել ամուսիններ: Ամուսնությանս հենց առաջին օրվանից սկեսուրս` Ջեմմա Վանյանը, ոչ մի անգամ չի ընդունել ինձ, ու չգիտեմ, թե ինչու չի ընդունել»,- ասաց Արմենուհի Գրիգորյանը: 16-ամյա Սոսե Ռամազյանը մոր եւ տատի հարաբերությունների մասին պատմեց հետեւյալը. «Ի՞նչ ասեմ, ես ինչ ծնվել եմ` անընդհատ վեճեր ու կռիվներ եմ տեսել: Մամային անընդհատ նեղացրել են: Հիմա մենք տատի հետ կապ չունենք: Տատը մեզ չի ասել` ինձ հետ մի խոսացեք, ուղղակի մենք զգում էինք, որ ինքը մամային չի ընդունում: Անընդհատ մամային արհամարհում էր: Ինձ էլ հաճելի չէր, որ մեզ ընդունեն, մամային` ոչ: Ես ուզում էի, որ տատը մամայի հետ շփվեր: Տատը չցանկացավ մամայի հետ շփվել: Ինձ դուր չէր գալիս, որ տատը ուրիշների հետ մամայից բամբասում էր»: Այս պահին էլ տատի եւ թոռների սառը, իսկ հարսի եւ սկեսուրի թշնամական հարաբերությունները շարունակվում են: «Ես լավ օր չեմ հիշում իմ մանկությունից, ես ինչքան հիշում եմ` մեր տանը միայն կռիվ է եղել, մենք, կարելի է ասել, ոչ մի լավ օր չենք տեսել: Ես գիտեմ` տատը ինձ չի սիրում, որովհետեւ ես մամայի նման եմ»,- բարձրաձայն արտասվելով` ասաց Սոսեի քույրը` 14-ամյա Իսկուհին: «Հնարավոր չէ՞ հաշտեցնել տատին ու մորը» հարցին Իսկուհին պատասխանեց. «Էս էդ դեպքը չի»: Սկեսուր Ջեմմա Վանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստ է հարսի հետ շփվել, եթե հարսի մայրը չխանգարի. «Հենց առաջին օրից խանգարել ա, մեր ընտանեկան հարցերին նա է խառնել: Եթե ես հարսին ասեմ` էս բանը ինչի՞ ես արել, ասում ա` ավել-պակաս շան պես քիչ հաչա, մենակ էդ եմ ասում, դրանից բեթարն էլ ա ասել»: Սոսեն պատմեց, որ հայրը` Արսեն Ռամազյանը, 2002 թ.-ին սրտի արատից մահացել է: Սակայն Սոսեն այնքան էլ հեշտ չի տանում հայրական կողմի տատի հետ չշփվելը. «Ես կուզենայի տատի հետ շփվել, բայց դե...»: «Իսկապե՞ս ուզում է տատի հետ շփվել» հարցին Սոսեն պատասխանեց. «Հա, իհարկե: Մամային ընդունեն: Մենք դժվար ենք ապրում: Օգնում է մյուս տատը, 16 հազար դրամ թոշակ ենք ստանում, բայց չի բավարարում: Տատն էլ մեզ սիրելիս կլինի, բայց թե ..., ես չգիտեմ, թե տատի ու մամայի միջեւ սկզբից ինչ է եղել: Մաման մեզ միշտ ասել է, որ տատին սիրենք»: Արմենուհի Գրիգորյանը տեղեկացրեց, որ ամուսնությունից հետո սկեսուրը իրեն եւ երկու թոռներին չի թույլատրել գրանցվել ամուսնու հայրական տանը, որտեղ գրանցված է եղել նաեւ ամուսինը: «Ի սկզբանե թույլ չի տվել մեզ գրանցվել այնտեղ: Սակայն ես հիմա ցանկանում եմ, որ երեխաներիս հայրական տան չափաբաժինը իրենց պատկանի: Տան ձեւակերպվելը ձեւակերպված է, մայրս է արել: Ես ուզում եմ իմ մուտքը առանձին լինի, նկուղը` առանձին: Հողամասը առանձնացվի: Ինքը գազը քաշել է, մի կետ էլ ինձ տա, որ ես կարողանամ օգտվել: Իմ երեխեքը իրավունք չունեն, որ էս ծառերիցը մի լոլոկ քաղեն»,- ասաց Արմենուհին: «Հանգուցյալ փեսաս շատ աշխատող ու գրագետ տղա էր: Երկու անգամ եմ աղջկաս տուն եկել, երկու անգամն էլ սկեսուրը ինձ տանից դուրս է արել: Փեսայիս մահից հետո աղջկաս ընտանիքի հոգսը ինձ վրա է մնացել: Տղայիս թոշակը որ ստացել եմ, ես չեմ կարողացել դա միայն էն մի որբերին անեմ: Տղաս` Արայիկ Գրիգորյանը, զոհվել է 1993 թ.-ի հոկտեմբերի 30-ին Քելբաջարում: Էդ վշտի հետ ես էս երեխանց հոգսը քաշեցի»,- ասաց Արմենուհի Գրիգորյանի մայրը` տիկին Սոֆիկը: Նա հայտնեց, որ բնակարանն ու հողամասը երեխաներին հատկացնելու համար պարտական է Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանին: Սակայն այս գործում զոհվածի մայրը իր դժգոհությունը հայտնեց Դսեղի գործող համայնքապետ Գառնիկ Հովսեփյանից: «Թեեւ անշարժ գույքի կադաստրի Թումանյանի մասնաճյուղի կողմից ընտանիքին 450մ տնամերձ է հատկացված, սակայն նախագծում նշված չէ, թե չափաբաժինը ընդհանուր հողամասի ո՞ր հատվածն է ընդգրկում»,- ասաց Արմենուհին: Նա սկեսուրից նաեւ դժգոհեց, որ երբ մի քանի օրով գնացել է Վանաձոր` հիվանդ մորը խնամելու, ետդարձին տեսել է, որ սկեսուրը հնձել է իր բանջարանոցում ցանված կարտոֆիլի, վարունգի, պոմիդորի եւ մյուս բանջարեղենի ցանքսը: «Հնձած տեղը ձեռք չեմ տվել, նորից էլի խոտ է դուրս եկել: Նա մեր առջեւ կողպել է նաեւ զուգարանի դուռը»,- արտասվելով ասաց սկեսուրի կողմից արհամարհված հարսը: «Էնտեղ բան չի եղել ցանած, էնտեղից խոտ էլ չեմ վերցրել, կոշտ ու կոպիտ խոտեր են եղել, հավաքել եմ վառել, էնտեղ բան չի եղել ցանած»,- ասաց Արմենուհու սկեսուրը` Ջեմմա Վանյանը: Զուգարանի վրա կողպեք դնելու մասին հարցին էլ նա պատասխանեց. «Հա, ի՞նչ անենք թե դրել եմ, սաղ դպրոցը էստեղ ա գալիս զուգարան, դպրոցի կոյուղին չէր աշխատում, հիմա բաց ա: Դրել եմ, որովհետեւ մի զուգարանը ինձ վրա 30 հազար դրամ ա նստել, հո դպրոցի համար չեմ շինել: Կարո՞ղ ա ես իրանց արգելել եմ»: Ջեմմա Վանյանն ասաց, որ ինքը դեմ չէ երեխաներին բնակարանով, հողամասով, խորդանոցով ապահովելուն եւ հավելեց.«Օրինական ձեւով, ինչքան հասնում ա, առանց մի սանտի զիջելու»: Ու մինչ անդրդվելի սկեսուրը բարձրաձայն թվարկում էր «անիծված հարսի» արատները, տատի սենյակ մտած Սոսեն արտասվելով նրան խնդրեց. «Տատ, կարո՞ղ ա ես չեմ ուզենա, որ մենք իրար հետ լավ լինենք, ախր ես ուզում եմ դու մամայի հետ խոսես, ինքը քեզ հետ խոսի: Դժվա՞ր ա, տատ: Մեր խաթեր պտի անեք, տատ»: Արմենուհի Գրիգորյանին եւ նրա երեխաներին հատկացված տնամերձ հողամասը նրանց անունով չգրանցելու պատճառների մասին փորձեցինք տեղեկանալ Դսեղի համայնքապետարանից: Համայնքապետ Գառնիկ Հովսեփյանը տեղում չէր: Հեռախոսով էլ ասաց, որ իր ղեկավարած համայնքապետարանը շատ լավ է զբաղվում համայնքի բնակիչների հոգսերով: Արմենուհի Գրիգորյանի եւ նրա երկու աղջիկների անունով 450քմ տնամերձ հողամասը չգրանցելու մասին էլ ասաց. «Կադաստրի կողմից նախագծում չի նշվել, թե ընդհանուր հողամասի ո՞ր հատվածն է հատկացված նրան, այդ պատճառով էլ մենք չենք գրանցել նրանց հողաբաժինը»: Անշարժ գույքի պետկադաստրի Ալավերդու ստորաբաժանման գրանցման գծով գլխավոր մասնագետ Անի Պետրոսյանը, որը փոխարինում էր ստորաբաժանման` արձակուրդում գտնվող պետին, ասաց. «Սեփականության հավասար իրավունքով Արսեն Ռամազյանի ընտանիքին եւ նրա մորը` Ջեմմա Վանյանին պետկադաստրի Ալավերդու ստորաբաժանման կողմից տվել ենք տան ընդհանուր հատակագիծ եւ սեփականության վկայական, նոտարի կողմից հաստատված չափաբաժնով մենք գրել ենք մասերը, բայց` ոչ կոնկրետ: Դսեղի համայնքապետարանի քարտուղար Վանիկ Հովսեփյանը հողատարածքը չափագրել է որպես մեկ անձի հողամաս, մենք իրավունք չունենք առանձին չափափագրում կատարելու: Դրա համար կողմերը պետք է դիմեն դատարան»: Դսեղի համայնքապետարանը հենց դա էլ զլացել է բացատրել վիճող կողմերին եւ հանգուցալուծել խնդիրը: Մինչդեռ Սոսեն եւ Իսկուհին շարունակում են տառապել իրենց կորցրած մանկության եւ հայրական տատի հետ շփվելու կարոտից: Դսեղից դուրս գալիս հեռվից ականջներիս հասավ նրանց երկու տատերի չդադարող կռվի ձայնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter