HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

36 հազար դրամով ապրում են 6 հոգի

21_09-antarutԱրագածոտնի մարզի Անտառուտ գյուղում ապրող Աշոտ Հակոբյանի ընտանիքին ճանաչում էին ոչ միայն հայրենի Անտառուտ գյուղում, այլեւ հարեւան Բյուրականում: Նրանց «ճանաչված» լինելու պատճառը ընտանիքի սոցիալական վատ պայմաններն են: Ընտանիքը բաղկացած է 7 անդամից: Նրանք ապրում են կիսակառույց շինության մեջ, որի վրա խորհրդային կարգերի փլուզումից հետո ոչինչ չեն կարողացնել ավելացնել:

Այժմ ապրում են ընդամենը մեկ սենյակում, որտեղ էլ տեղավորվում են ընտանիքի բոլոր անդամները: Այդ սենյակը ծառայում է եւ' իբրեւ հյուրասենյակ, եւ' ննջարան: Աշոտի ավագ որդին` Տարոնը, 4 ամիս առաջ զորակոչվել է Ազգային բանակ, ծառայում է Արցախում: Տիգրանն այս տարի է ավարտել դպրոցը: Տղան աշխատանք է փնտրում, քանի որ ուսումը շարունակելու հույսեր չունի` ֆինանսական պատճառով: Մայիսին նա նույնպես կզորակոչվի բանակ: Երեխաներից երկուսը դպրոցական են, եւ ծնողները մեծ դժվարությամբ են կարողանում նրանց համար հագուստ հայթայթել, որպեսզի դասընկերներից ու դասերից ետ չմնան: 21_09-ashot«Արհեստավոր տղա եմ, եթե գյուղում գործ ա լինում, աշխատում եմ: Ստից-մտից աշխատում եմ, էլի, հիմնական աշխատանք չունեմ: Դե, գյուղացու կյանքով ենք ապրում: Ո՞ր մի գյուղացին ա լավ ապրում, որ մենք լավ ապրենք»,- ասաց Աշոտը: Նրա ասելով` տուն մտնող կայուն եկամուտը մոր 10 000 դրամ թոշակն է եւ 26 000 դրամ աղքատության նպաստը: Հենց 36 հազար դրամով էլ ապրում են 6 հոգի: «Էսօր երկիրը քանդ ու քարափ վիճակում ա, առաջվանը չէ, որ գործերս լավ ըլնի: Դե, մեկ-մեկ գործ կպնում ա, անում, յոլա ենք էթում, բայց էդ 2-3 ամիսը մեկ ա լինում: Մի 2 անասուն ունենք, որ նեղվենք, դրանք կծախենք: Տեղից մի կով եմ ծախել, որ կարենամ երեխեքի դպրոցի շորերն առնեմ: Ոնց էլ անում ենք, էլի չենք կարում նորմալ ապրենք»,- ավելացրեց ընտանիքի հայրը: Աշոտը մանկուց ոտքից կաղ է եւ չի կարողանում երկար ոտքի վրա աշխատել: Նույնիսկ չի կարողանում հիվանդության կարգ հանել, քանի որ եթե մի քանի օր Երեւանի հիվանդանոցում պառկի, իր բնորոշմամբ` «ընտանիքը սոված կկոտորվի»: Աշոտը հնարավորինս թաքցնում էր իր վատ ապրելակերպը: Նա ասում էր, որ գոնե ցամաք հացը տնից չի կտրվում, սակայն պարզեցինք, որ արդեն 2 օր է ուտելու հաց չունեին: Այդ վիճակում նույնիսկ Ղարաբաղում ծառայող տղային է ուտելիք ու անհրաժեշտ իրեր ուղակում, որպեսզի բանակային ընկերների մոտ չնեղվի: «Մի քանի օր առաջ երեխուս վեշ եմ ուղարկել Ղարաբաղ: Երեխա ա, բան էր ուզել, ոնց չուղարկեի: Գնացել գյուղի խանութի տիրոջը խնդրել եմ, մի 10000 դրամի նիսյա ապրանք ա տվել, որ ուղարկեմ տղուս: Դե, էդ պարտքն էլ մի ձեւ կտանք, էլի»,- ավելացրեց Աշոտը: Վառելիքի հարցում Հակոբյանների ընտանիքը ապավինում է համագյուղացիների բարեգթությանը. «Դե, վառելիքը պետք ա այս ու այն կողմից հավաքենք: Սկի չլինի, հայաթի ծառերը կկտրեմ, կվառեմ, հո չեմ թողի երեխեքը ցրտահարվեն»: Աշոտ Հակոբյանի ընտանիքը հողագործությամբ գրեթե չի զբաղվում: Մշակում են միայն տան դիմացի փոքր հողակտորը, դա էլ միայն իրենց է բավականացնում եւ վաճառելու բերք չեն ունենում: «Մենք հող ունենք, գյուղի վերեւի մասում ա, 10 տարի ա բրախ ենք տվել, ոչ մի բան չենք ցանում, որովհետեւ ջուր չկա: 2 տարի ցորեն արեցի, բերք չստացա, էլ բան չարեցի, ըտենց էլ անտեր մնացել ա»,- պատմեց Աշոտը: 21_09-karine Աշոտի կինը` Կարինեն էլ ասաց, որ մի քանի տարի է ընտանիքը պարտքերից չի կարողանում ազատվել: Ինչքան էլ փորձում են պարտք չանել, սակայն միշտ 100 000 դրամի պարտք են կուտակում: «Երեխեքի շորերի կեսն ենք առել: Հեսա ձմեռ կգա, բայց տաք շոր չունեն, որ հագնեն դպրոց գնան: Ինչ սովետը քանդվել ա, ես ինձ թազա շոր չեմ առել` ուրիշների շորերով եմ յոլա էթում, որ երեխեքին հասցնենք, բայց էլի չենք կարում»,- ասաց Կարինեն: Տիկնոջ պատմելով` «երկիրը ավիրվելուց հետո» տան համար իրեր, կահույք նույնպես չեն գնել եւ բավարարվում են միայն երկաթյա մահճակալներով: 21_09-antarut-1Անտառուտի համայնքապետ Սամվել Հովհաննիսյանը նույնպես հաստատեց, որ Հակոբյանների ընտանիքը գյուղի աղքատ ընտանիքներից է: Երբ Ս. Հովհաննիսյանին հարցրի, թե ինչ է արել, որպեսզի նրանց վիճակի փոքր-ինչ բարելավվի, ասաց, որ համայնքապետարանը համապատասխան ֆինանսական միջոցներ չունի եւ շատ չեն կարող օգնել: «Սեպտեմբերի վերջին Աշոտի ընտանիքին մի 10 հազար դրամով կօգնեմ: Դա է մեր հնարավորությունը»,- ավելացրեց համայնքապետը: Սամվել Հովհաննիսյանի տրամադրելիք 10000 դրամն ընդամենը մեկ պարկ ալյուրի գումար է: Այդ գումարով Հակոբյանները չեն կարող նույնիսկ մեկ ամիս ցամաք հաց ուտել, քանի որ ամսական 20000 դրամի ալյուր են գնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter