Մամուլի տեսություն
Պատրաստվում են
Վերջին մեկուկես տարում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական դատավարությունների ընթացքում ԵԱՀԿ դիտորդները իրականացրել են դիտորդական առաքելություն, որի արդյունքում կազմված զեկույցի հրապարակումը նախատեսված է հոկտեմբերին:
Իրականում թեժ է եղել
Ուրբաթ օրը Հանրային խորհրդում թեժ քննարկումներ են տեղի ունեցել հայ-թուրքական հարաբերությունների թեմայով: Անկախ լրատվամիջոցներ հրավիրված չեն եղել, իսկ պետական քարոզչամեքենան նիստի մասին հանրությանը հաղորդել է բացառապես իշխանության համար ցանկալի ինֆորմացիա:
Իրականում` Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ գործող այդ կառույցի շարքային անդամների միջև ուրբաթ օրը տեղի է ունեցել տաք բանավեճ, հնչել են փոխադարձ վիրավորանքներ Թուրքիայի հետ բարեկամանալու կողմանկիցների և Սերժ-Սարգսյան-Էդվարդ Նալբանդյան զույգի արտաքին քաղաքականության հակառակորդների միջև:
Այս շաբաթ Հանրային խորհուրդը դարձյալ քննարկումներ է անցկացնելու, թեման կրկին հայ-թուրքական հարաբերություներն են, բայց ենթադրվում է, որ քննարկումներին դարձյալ չեն հրավիրվելու չվերահսկվող լրատվամիջոցները:
Գործերը կարգավորվել են
Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը, ոչ միայն վերադարձել է կարճատև ուղևորությունից, այլև արդեն հասցրել է կարգավորել աշխատանքային և ընտանեկան հարցերը:
Նա շաբաթ օրը կնոջ և երեխայի հետ դուրս է եկել քաղաք` հավանաբար ցուցադրելու ջերմ ընտանեկան հարաբերությունները և հերքելու կոնֆլիկտի ներընտանեկան առկայությունը: Նրանք քայլել են Կասկադի հարևանությամբ, ի ցույց հանրության` նստել «Շառլի» սրճարանում:
Ըստ որոշ լուրերի` նրա հրաժարականի դիմումը նետվել է աղբարկղ, և նա առայժմ շարունակում է զբաղեցնել նախկին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Հարցազրույց բաղնիքո՞ւմ
«Հրապարակի» զանգի ժամանակ մարքսիստ Դավիթ Հակոբյանը լողանում էր: Լսելով, որ լրագրող է, արագ դուրս եկավ լողասենյակից, հետո, իմանալով, որ «Հրապարակից» է, ասաց, որ ինքը զբաղված է` ռուսական թերթի լրագրողի հետ է զրուցում:
«Բաղնիքո՞ւմ», «Չէ, էդպես եմ ասում, որ չանհանգստացնեն»,- պարզաբանեց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել