HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Շահումյան ավանը` անձնական հաշվեհարդարի հարթա՞կ

22_09-Dino-gold

Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի` «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերության (Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ)  հանքավայրում կատարվող պայթեցումներից վտանգվել է Կապանի Շահումյան ավանի բնակիչների կյանքը:

Ըստ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ իրավախորհրդատու Արթուր Ղազարյանի, «բնակիչները ամեն օր ահ ու սարսափով են արթնանում», ինչի պատճառով էլ այդտեղ բնակվողներից մի քանիսը դիմել են ՀԿ-ին պաշտպանելու իրենց իրավունքները: Ըստ մեր զրուցակցի, կազմակերպությունը մարդու կյանքին, առողջությանը եւ սեփականությանը սպառնալու հայցով դիմել է Սյունիքի ընդհանուր իրավասության դատարան ու դատական նախնական նիստը նշանակվել է հոկտեմբերի 8-ին: «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության հանրության և լրատվության կապերի բաժնի պետ Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի փոխանցմամբ էլ «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի դատական հայցի մասին ձեռնարկության ղեկավարությունը իմացել է լրատվամիջոցների հրապարակումներից: Անցած տարի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունը  փոխհատուցում տրամադրեց Շահումյան համայնքում բնակվող 8 սեփականատերերի՝ տեղափոխման համար: Մնացած 140 ընտանիքները փոխհատուցում չստացան:

«Ասեմ, որ ձեռնարկության պատասխանատուները  պարբերաբար հանդիպում են Շահումյան ավանի բնակիչների հետ, նրանց մի մասին տրվել է փոխհատուցում, մնացածների հետ էլ կա պայմանավորվածություն: Բոլորին անխտիր տրվելու է փոխհատուցումը, սակայն ֆինանսական միջազագային ճգնաժամի պատճառով ժամանակավորապես դադերեցվել է»,-ասաց Ռ. Տեր-Մարտիրոսյանը:

Արթուր Ղազարյանի համոզմամբ էլ  փոխհատուցումների դադարեցումը ամենեւին էլ ճգնաժամի հետ չի կապված: «Շահումյան ավանի տարածքը որպես բաց հանք շահագործելու համար է անհրաժեշտ, որտեղ հետախուզական աշխատանքներ էին իրականացվում: Այդ աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Շահումյանի հանքի շահագործումն այնքան էլ շահավետ չէ ձեռնարկության համար: Ուստի եւ նրանք հարկ չհամարեցին մեծ գումարներ ծախսել եւ շահումյանցիների տեղահանման համար փոխհատուցման պրոցեսը շարունակել»,- ասում է Ա. Ղազարյանը:

Ձեռնարկության մամուլի պատասխանատուի խոսքով էլ ընկերությունը  պաշտոնապես խնդրին կանդրադառնա  ու մամլո հաղորդագրություն կտարածի  դատարանի ծանուցագիրը ստանալուց հետո : Վերջինս նաև նշեց, որ մամուլի վերջին հրապարակումներից հետո էլ ձեռնարկության ղեկավարությունը  հանդիպել է բնակիչներին ու պարզել իրականությունը: Ավելացնենք, որ  «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի պատասխանատուները նախկինում աշխատում էին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»-ում, ու ՀԿ-ի պատասխանատու Ռաֆիկ Ասրյանը անձամբ է զբաղվել այդ խնդրով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter