Նախագահ Սարգսյանը հանդիպել է լրատվամիջոցների ղեկավարներին
Ծավալվող հանրային քննարկումների համատեքստում նախագահ Սերժ Սարգսյանն անցած շաբաթավերջին հանդիպման է հրավիրել հայաստանյան ավելի քան երեք տասնյակ լրատվամիջոցների ղեկավարներին` մտքեր փոխանակելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցերի շուրջ:
Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ` Ս. Սարգսյանը լրատվամիջոցների ղեկավարներին ասել է, որ ակնկալում է բաց եւ անկեղծ խոսակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլի վերաբերյալ` կարեւորելով նրանց տեսակետը թե՛ որպես ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդիկ, թե՛ որպես մարդիկ, ովքեր հասարակական կարծիք են ձեւավորում:
Սերժ Սարգսյանն ընդգծել է նաեւ այս գործընթացին երկու երկրների հասարակությունների մասնակցության եւ աջակցության կարեւորությունը եւ նշել, որ առանց դրա անհնարին է հասնել խնդրի լուծմանը:
Նախագահ Սարգսյանը մեկ անգամ եւս կարեւորել է գործընթացի ու դրա վերաբերյալ առկա տարբեր տեսակետների բազմակողմ լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներում:
Ավելի քան երկու ժամ տեւած քննարկման ընթացքում զանգվածային լրատվության միջոցների ղեկավարները ներկայացրել են գործընթացի եւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ իրենց կարծիքը եւ նկատառումները, մտքեր փոխանակել հնարավոր ռիսկերի ու մտահոգությունների վերաբերյալ:
Հանրապետության Նախագահը պարզաբանումներ է տվել հանդիպման մասնակիցներին գործընթացի վերաբերյալ լրատվության միջոցներում հնչեցված հիմնական կարծիքների ու արծարծվող հարցերի մասին: Նա ասել է, որ Հայաստանը մտել է դժվարին, բայց միեւնույն ժամանակ անհրաժեշտ գործընթացի մեջ: Հայ-թուրքական նախաստորագրված փաստաթղթերը երկրի ղեկավարը դիտարկել է որպես հարաբերությունների կարգավորմանն ուղղված սկզբնաքայլեր, որոնց հիմնական նպատակն է ապահովել նվազագույն մի միջավայր, հարթակ, որը հնարավորություն կտա Թուրքիայի հետ սկսել երկխոսություն եւ քննարկել տնտեսականից, քաղաքականից սկսած մինչեւ պատմամշակութային բազմաթիվ հարցեր:
«Հետք» - Երկրի ղեկավարի հետ հանդիպմանը մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում` «Հետքը» չի հրավիրվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել