
«Հայելի» ակումբում այսօր հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացումների շուրջ բանավիճում էին Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն ու Հանրապետական կուսակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
Վերջիններն անդրադարձան կուսակցությունների ղեկավարների` նախագահի հետ կայացած հանդիպմանը: Տ. Կարապետյանն ասաց, որ հնչեցին տարբեր կարծիքներ, սակայն իր մասնավոր կարծիքը ոչ ոք իրենցի բացի չի բարձրաձայնել:
Այն է` այսօր Թուրքիան ներկայացված չի մեր տարածաշրջանում: Իսկ այս պայմանագիրը հնարավորություն է տալիս Թուրքիային ներխուժել մեր տարածաշրջան:
«Ինչ է նշանակում` երկու պետությունները պարտավորվում են նպաստել կայունությանը տարածաշրջանում: Թուրքիան տարածաշրջանային պետություն չի: Եթե պետք է ինքն էլ նպաստի, ուրեմն պետք է դերակատարություն ունենա: Թուրքիան հզոր պետություն է, ուրեմն պետք է լիդերի կարգավիճակ ունենա: Փաստորեն, ես տեսնում եմ ռեգիոնալ գլոբալիզացիա, որը կգլխավորի Թուրքիան»,- ասաց նա:
Լ. Ալեքսանյանն էլ նախ նշեց, որ հենց միայն այն փաստը, որ կուսակցությունները հավաքվում և լսում են իրար, արդեն մեծ օգուտ կբերի մեր քաղաքական կյանքին: Ապա պատասխանելով Տ. Կարապետյանին` ասաց, որ Թուրքիան երբեք գլխավոր դերակատար չի դառնա տարածաշրջանում: Թուրքիան ընդամենը մինչ օրս տարածաշրջանում դերակատարում ուներ որպես ԱՄՆ-ի «ոստիկան»:
«Իմ կարծիքով` Թուրքիան այսօր փորձում է ավելի ինքնուրույն քաղաքականություն վարել տարածաշրջանում: ԱՄՆ-ի քաղաքականության հետ կապված` որոշակի փոփոխություններ են գնում: Իսկ ընդհանրապես Թուրքիան Անդրկովկասում լուրջ դերակատարություն կատարել է ու կատարելու է»,- ասաց նա:
Պատգամավորի կարծիքով` այսօր Հայաստանի շահերից է բխում բոլոր հարևանների հետ «հարևանություն անելը», ուստի Թուրքիայի հետ հարաբերությունները որոշակի զարգացում պիտի ստանան: Տ. Կարապետյանն էլ, նրան հակադարձելով, նշեց, որ հարևանների հետ կարելի է հարևանություն անել, բայց ինչո՞ւ նպաստել Թուրքիայի կայունությանը տարածաշրջանում:
Լ. Ալեքսանյանի կարծիքով` առայժմ Հայաստանն ընդամենը ուզում է հարաբերություներ սկսել Թուրքիայի հետ: Իսկ թե հետագայում դրանք ինչ ընթացք կստանան, դեռ ոչ ոք չի կարող ասել:
Տ. Կարապետյանն էլ ասաց, որ այդ հարաբերություններն ընդհատվել են միակողմանի, և հիմա ինչո՞ւ պետք է նորոգվեն երկկողմանի: Թող միակողմանի էլ սկսվեն:
«Ես դեմ չեմ, որ սահմանը բացվի: Ես արձանագրության դրույթների մասին եմ խոսում, որոնց հետ ունեմ անհամաձայնություններ: Կա կետ, որտեղ գրված է, որ երկու պետություն պետք է նպաստեն ստաբիլությանը, տարածաշրջանում կայունությանը: Փաստորեն` տարածաշրջանային գործընթացներ տեղի կունենան: Փաստորեն թուրքը դառնում է` 3+1` երեք անդրկովկասյան պետություններն ու Թուրքիան»,- նշեց ԺԿ նախագահը:
Լ. Ալեքսանյանի կարծիքով էլ` կան քաղաքական սկզբունքներ: Իսկ այսօր քաղաքական սկզբունքը միանշանակ է` զարգացնել հարաբերությունները հարևանների հետ: «Թուրքիայի հետ մենք ընդամենը սկսում ենք առաջին քայլը: Կա արձանագրություն, որը դեռ պետք է քննարկվի: Դա վերջնական պայմանագիր չէ»,- ասաց նա:
Ի պատասխան` Տ. Կարապետյանը նշեց, որ քննարկման խնդիր չկա, քանի որ արտգործնախարարն ասել է, որ այն կետերը, որոնք կան, քննարկման ենթակա չեն:
Ի դեպ, Տիգրան Կարապետյանը նշեց, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ ամենաբուռն քննադատություն հնչել է Դաշնակցության, Նոր ժամանակների և իր կողմից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել