
«Yerevan City» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել
Օգոստոսի 22-ից «Yerevan City» խանութների ցանցում գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները ստուգումներ են սկսել: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Հայկ Մինասյանը «Հետքին» տեղեկացրեց, որ մինչ օրս արված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները վերաբերում են հայերեն մակնշումներին. որոշ ապրանքատեսակների վրա բացակայել են հայերեն մակնշումները:
Ուսումնասիրությունները կշարունակվեն մինչև օգոստոսի 31-ը, որից հետո Հայկ Մինասյանը խոստացավ տեղեկություններ տրամադրել ուսումնասիրության արդյունքների մասին: Թե որ մթերքներում են բացակայել մակնշումները, Հայկ Մարտիրոսյանը դեռևս տեղեկություններ չուներ, սակայն նշեց, որ «ստուգումներն անցկացվում են հիմնականում բողոքների մասով»:
Ստուգումներում ներառված է «Yerevan City» խանութների ցանցը, շեշտը դրվել է Ծերեթելի-Բագրատունյաց խաչմերուկի վրա գտնվող «Yerevan City» սուպերմարկետին:
Մեկնաբանել