Ոստիկանը պաշտպան է պահանջում
2008թ. մարտի 1-ի առավոտյան, Հանրապետության հրապարակում քաղաքացու նկատմամբ բռնություններ կիրառելու, հատուկ միջոց հանդիսացող ռետինե մահակներով հարվածներ հասցնելու համար մեղադրվող ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Գեղամ Հարությունյանն այսօր հայտարարել է, որ իր պաշտպանությունը չի կարող ինքնուրույն իրականացնել եւ դատարանից ժամանակ է խնդրել պաշտպան ներգրավելու համար:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, պաշտպան հրավիրելու համար ժամանակ է տրամադրել նրան եւ հետաձգել է գործով առաջին դատական նիստը մինչեւ հոկտեմբերի 8-ը: Բացի Գ. Հարությունյանից որպես մեղադրյալ գործում ներգրավված է նաեւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Հովհաննես Ղուկասյանը, երկու ոստիկաններն էլ մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով` Պաշտոնական լիազորություններն անցնելը:
Սեպտեմբերի 25-ին` նույն դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ կսկսվի մեկ այլ, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկաններ Ա.Մանուկյանի եւ Գրիգորյանի դեմ գործով դատավարությունը: Նրանց մեղադրանք է առաջադրված նույն, 309-րդ հոդվածի երկրորդ մասով` 2008թ. մարտի 1-ին Մաշտոցի պողոտայի շուկայի մոտ 2 քաղաքացու նկատմամբ բռնություններ գործադրելու համար:
Սոնա Մաշուրյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել