HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

ՀԱԿ-ը նահանջում է

«Սեպտեմբերի 18-ի հանրահավաքն ազդարարելու է բռնապետության դեմ մղվող համաժողովրդական պայքարի նոր ալիքի սկիզբը այնպիսի ժամանակաշրջանում, որ կարող է բախտորոշ նշանակություն ունենալ հայ ժողովրդի եւ պետության համար»,-դեռ սեպտեմբերի 11-ին հայտարարել էր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Սակայն անցած շաբաթ կայացած սույն հանրահավաքի ընթացքում նման որեւէ հայտարարություն այդպես էլ չհնչեց:

Ավելին, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ծավալուն ելույթում պարզ ասաց, որ Կոնգրեսը որդեգրում է սպասողական քաղաքականություն: Նախ` նա կրկնեց նախորդ հանրահավաքներից մեկի ժամանակ իր իսկ հնչեցրած այն միտքը, թե «իր ջանքերի առավելագույն մոբիլիզացման պարագայում անգամ Կոնգրեսը չի կարող միայնակ կանխել Ղարաբաղին սպառնացող վտանգը»: Ապա, ելնելով իրերի նման դասավորությունից, Տեր-Պետրոսյանը պարզորոշ հայտարարեց.

«Սպասելով Հայաստանի մյուս քաղաքական ուժերի ակտիվացմանը եւ ասպարեզը ժամանակավորապես տրամադրելով նրանց՝ Կոնգրեսն այսօր չի հայտարարում իր հաջորդ հանրահավաքի օրը, որի մասին ձեզ կտեղեկացվի լրացուցիչ: Կախված այդ ուժերի արձագանքից՝ մենք ձեզ հետ միասին կորոշենք մեր հետագա անելիքը»:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ ՀԱԿ-ը պաշտոնապես հայտարարում է իր ակտիվ գործունեությունը ժամանակավորապես սառեցնելու եւ ասպարեզը այլ քաղաքական ուժերին թողնելու մասին:

Նման մոտեցման պարագայում, բնականաբար, «համաժողովրդական նոր շարժում» ծավալելու մասին հավաստիացումները ոչ միայն ավելորդ, այլեւ նույնիսկ բավականին անհեթեթ են թվում: Ավելին, դրանք, մեղմ ասած, շատ անհարմար դրության մեջ են գցում այս մասին հայտարարողներին:

Տեր-Պետրոսյանը ձգտում է նման կեցվածքը մատուցել որպես տակտիկական մանեւր: Թերեւս, հենց այդ նկատառումով եւ իր ու ՀԱԿ-ի իրական նպատակադրումների նկատմամբ առկա մտավախությունները փարատելու համար նա հայտարարեց. «Հայ ազգային կոնգրեսին Ղարաբաղի կորստյան գնով ձեռքբերված իշխանություն պետք չէ, նախագահի պաշտոնից Սարգսյանի հրաժարականի պարագայում եւս իմ թեկնածությունը չեմ առաջադրելու, բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման դեպքի, սահմանադրական կարգի վերականգնման գործում ես ինձ համարել եմ ընդամենը գործիք եւ պատրաստ եմ մինչեւ վերջ կատարել այդ դերը»:

Սակայն, ընդհանուր առմամբ, այս հավաստիացումները ոչ թե տակտիկական հնարքներ էին, այլ բացահայտում էին հետագա անելիքների պլանավորման հետ կապված ներքին անորոշությունը: Դրանք նաեւ ՀԱԿ-ին քաղաքական «ջրի երեսին» պահելու շատ խորամանկ միջոց են հանդիսանում: Իրականում այս հավաստիացումները որեւէ նորություն չէին պարունակում: Տեր-Պետրոսյանը պարզապես կրկնեց այն, ինչ ասել էր դեռ նախորդ տարի՝ նախագահական ընտրությունների նախաշեմին: Հետեւաբար, դրանք որեւէ լուրջ հետաքրքրություն չեն կարող առաջացնել այն քաղաքական ուժերի մոտ, ում ուղղված էր Տեր-Պետրոսյանի առաջարկը: Երկրորդ՝ նա ոչ թե խոսում է այլ քաղաքական ուժերին ասպարեզը թողնելու հնարավոր անարդյունք հետեւանքներից հետո իրենց պլանների մասին, այլ հակառակը՝ ուղղակի ասում է, թե «կախված այդ ուժերի արձագանքից՝ մենք ձեզ հետ միասին կորոշենք մեր հետագա անելիքը»:

Այլ կերպ ասած՝ ՀԱԿ-ում դեռ չեն որոշել՝ ինչ են անելու արձագանքի բացակայության կամ բացասական արձագանքի դեպքում: Երրորդ՝ ՀԱԿ-ը ինքն իրեն բավականաչափ խճճել է հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացների վերաբերյալ քաղաքական դիրքորոշումների հակասականությամբ: Նախ՝ հայ-թուրքական զույգ արձանագրությունների՝ օգոստոսի 31-ին հրապարակվելուց անմիջապես հետո ՀԱԿ կենտրոնական գրասենյակը հանդես եկավ հայտարարությամբ. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է երկու երկրների ժողովուրդների, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության շահերից: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները զգալի տեղաշարժ են այդ ուղղությամբ»,- ասվում էր ՀԱԿ կենտրոնական գրասենյակի տարածած հայտարարության մեջ: Սակայն դրանից տասը օր չանցած՝ ՀԱԿ-ը հանդես է գալիս նոր հայտարարությամբ, որով ուղղակի ջախջախում է նախաստորագրված զույգ արձանագրությունները: «Հրապարակված հայ-թուրքական արձանագրությունները բացահայտեցին այս բնագավառում ռեժիմի վարած քաղաքականության սնանկությունը»,- հենվելով այդ հայտարարության էության վրա՝ հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Իսկ այն դիտողությանը, թե այս հայտարարությունը ուղղակիորեն հակասում է ՀԱԿ նախորդ հայտարարությանը, Զուրաբյանը տվեց իրավամբ անհեթեթ բացատրություն. նախորդը ՀԱԿ կենտրոնական գրասենյակի հայտարարությունն էր, սա՝ ՀԱԿ-ի: Զույգ արձանագրություններում իշխանության սնանկ քաղաքականության նոր դրսեւորումներ գտնելու հանկարծակի փորձերով ՀԱԿ-ը ուղղակի ցույց է տալիս, որ փորձում է իր դիրքորոշումները համապատասխանեցնել ներհասարակական տրամադրություններին եւ դրանք իր օգտին ուղղորդելու հնարավորություն ստանալ: Նույնատիպ հակասականություն դրսեւորվեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթում: Նախ` նա հիմնավորեց ՀՀ իշխանությունների այն պնդումների սնանկությունը, թե բանակցային մադրիդյան գործընթացը հենվում է երեք հայտնի սկզբունքների պահպանման վրա: Խոսքը վերաբերում է ԼՂ-ի անվտանգության միջազգային երաշխիքների ապահովման, Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ցամաքային կապի ապահովման եւ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման հայաստանյան սկզբունքներին: Որից հետո Տեր-Պետրոսյանը հանգեց մի շատ հետաքրքրական եզրակացության. «Այս էական տարրերի բացակայությունը նշանակում է, որ սկզբնապես որպես կարգավորման փաթեթային տարբերակ մտահղացված մադրիդյան առաջարկը վերածվել է զուտ փուլային տարբերակի: Այսինքն` Հայաստանի իշխանությունները, երկար դեգերումներից ու խարխափումներից հետո, վերադարձել են տասը տարի առաջ իրենց կողմից կտրականապես մերժված եւ պարտվողական համարված տարբերակին, ինչը խոստովանելու քաջություն նրանք, բնականաբար, չունեն»: Թվում է, թե Տեր-Պետրոսյանն այնքան էլ դժգոհ չպետք է լիներ, որ իշխանությունը վերջապես վերադարձել է հենց այն լուծմանը, որն ինքն առաջարկում էր 11 տարի առաջ: Շեշտադրումը չպետք է կատարեր ԼՂ կարգավորման հարցում իշխանությունների որդեգրած պարտվողական քաղաքականության եւ այդ ենթահողի վրա իշխանափոխության վրա, որն ուղղակի հակասում է իր առաջարկած փուլային տարբերակին վերադառնալու պնդմանը: Նա ընդամենը կարող էր ցույց տալ անցած ժամանակահատվածում արձանագրված եւ իր կողմից մատնանշվող կորուստների վերականգնման կամ չեզոքացման ուղիները: Հետեւաբար, նման եզրակացություն անելու դեպքում Տեր-Պետրոսյանը կասկածի տակ է առնում նաեւ իր պաշտպանած` կարգավորման փուլային տարբերակը: Ինչեւէ, հասկանալի է, որ սեպտեմբերի 18-ին կայացած ՀԱԿ հանրահավաքը միտված էր ընդամենը մեկ խնդրի. ցույց տալ նախաձեռնողական քաղաքականությունից առժամանակ հրաժարվելու ՀԱԿ մտադրությունը: Դա պայմանավորված է հակաիշխանական ճակատում այլ ուժերին ինքնադրսեւորվելու հնարավորություն տալու դիրքորոշմամբ, ինչի նպատակը իշխանության դեմ նոր որակի ու ձեւաչափի քաղաքական բեւեռի ստեղծումն է, որտեղ ՀԱԿ-ը կունենա ոչ առաջնային մանդատ:

Այսպիսի մոտեցումը ՀԱԿ-ին ապահովագրում է ընթացող գործընթացների համար կոնկրետ որեւէ պատասխանատվություն ստանձնելուց: Դա նրան մանեւրելու լավ հնարավորություններ է տալու առաջիկայում. կձախողվի իշխանությունը` կապացուցվի ՀԱԿ-ի ճշմարտացիությունը, կտապալվի ընդդիմությունը՝ կապացուցվի Տեր-Պետրոսյանի այն պնդումը, թե ԼՂ հիմնահարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն իրականում, բացի իրենցից, ոչ ոքի չի հետաքրքրում: Ցանկացած ելքի դեպքում ՀԱԿ-ը մնում է ջրի երեսին: Այս փուլում դա լիովին բավարարում է Կոնգրեսին:

Պատահական չէր, որ քաղաքական ուժերին ասպարեզը զիջելով՝ նրանցից կոնկրետ արձագանք ստանալու համար Տեր-Պետրոսյանը կոնկրետ ժամկետներ չսահմանեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter