Համացանցում ստեղծվում է նոր միասնական տեղեկատվական համակարգ
Օրերս Այ Թի Պարկ բիզնես կենտրոնում տեղի ունեցավ 18 տեղեկատվական կայքերի ներկայացուցիչների հավաքը, որի նպատակն է միավորել հայկական տեղեկատվական մասնագիտական կայքերին և հայկական համացանցում ստեղծել բոլոր ուղղություններով լիարժեքորեն ծածկված մեկ միասնական տեղեկատվական համակարգ:
Կազմակերպիչների տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ հանդիպմանը մասնակից 18 կայքերի ներկայացուցիչները որոշել են ստեղծել խումբ, որը հանդես է գալու մեկ միասնական կայքով` www.50.am:
Հավաքի կազմակերպիչն էր Մեր Սովթ ծրագրավորման ընկերությունը, հավանավորները` Նյու Պրոջեքթ գովազդային գործակալությունը և Այ Թի պարկ բիզնես կենտրոնը:
«Խմբում միավորված կայքերը ներկայացնում են ամենատարբեր ոլորտներ (առողջապահություն, գյուղատնտեսություն, ավտո և անշարժ գույքի շուկաներ, առևտուր, սպասարկման ոլորտ, ժամանցի հաստատություններ և այլն), նրանց թիվը, սակայն, վերջնական չէ, միավորումը բաց է լինելու բոլոր այն կազմակերպությունների ու կայքերի համար, որոնք ներկայացնում են տեղեկատվական համակարգում առկա դեռևս բաց ոլորտները: Նախագծի կազմակերպիչ Մեր Սոֆթ ընկերության հիմնադիր Գ. Սարգսյանը վստահ է, որ շատ շուտով համակարգը կներառի տնտեսության բոլոր ոլորտները` առանց բացառության:
Խնդիրն այն է, որ այսօր գոյություն ունեցող առանձին տեղեկատվական կայքերի համար միայնակ շատ դժվար է արագ զարգանալը, գովազդային դաշտն ընդլայնելը: Ուժերի համատեղման դեպքում, կայքերը հնարավորություն կունենան շատ արագ զարգանալու, մեծացնելու տեղեկատվության ծավալները, ավելացնելու գովազդներն ու այցելուների թիվը: Ինչ վերաբերում է այցելուներին, ապա վերջիններս, մտնելով որևէ կայք, կարող են միաժամանակ օգտվել բոլոր ոլորտների ու շուկաների վերաբերյալ տեղեկատվական շտեմարաններից, որոնք ներառում են հայաստանյան ընկերությունների, կազմակերպությունների, ծառայությունների ու ապրանքանիշերի մասին ամբողջական տվյալները: Բացի այդ, 50.am խումբը կաշխատի միասնական գովազդային համակարգով, ինչը հնարավորություն կտա գովազդատուներին, աշխատելով այս խմբի կայքերի հետ, ունենալ գովազդի տասնյակ անգամ ավելի լայն դաշտ և արդյունավետություն:
Նախատեսված է առաջիկայում հավաքի հովանավոր Այ Թի Պարկ բիզնես կենտրոնում կազմակերպել առանձին ոլորտները ներկայացնող կայքերի շնորհանդեսները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել