Բնապահպանական տեսչությունից այցելել են «դեպքի վայր»
Քիչ առաջ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Կարեն Պապոյանը այցելել է «դեպքի վայր», որտեղ ծառի հատման փորձ է եղել: Պապոյանի խոսքով` Չարենց փողոցի «Ժասմին» գեղեցկության սրահի հարեւանությամբ գտնվող ծառը կանգնած է իր տեղում. «Ես այս պահին ծառի կողքին կանգնած եմ, կանաչ ծառ է, շենքի հիմքին կպած: Վրան սպիտակ կիր է քսած: Ես հիմա տեսուչներին կասեմ, թող ընթացքը տան, տեսնենք` դրա վերջաբանը ոնց ենք տալու»,- «Հետքին» հեռախոսով փոխանցեց բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը:
Մեր այն հարցին, թե հնարավոր է, որ կտրվածքի պատճառով ծառը փտի, Կարեն Պապոյանը պատասխանեց. «Համապատասխան մասնագետները կգան եւ կտան իրենց եզրակացությունը, ես Երեւան քաղաքի դենդրոլոգին էլ եմ հրավիրել»,- ասաց Կարեն Պապոյանը:
Բնապահպանական տեսչությունն այժմ փորձում է պարզել, թե ով է փորձել կտրել ծառը: «Գեղեցկության սրահից հրաժարվում են, հիմա տեսնենք` ով կարող է լինել»,- ասաց Պապոյանը:
Նշենք, որ լուսանկարներում երեւում են ինչպես ծառաhատողը, այնպես էլ նրան աջակցողները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել