HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության» դիրքորոշումը

Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկկողմ հարաբերությունների զարգացման  մասին արձանագրությունների վերաբերյալ Արձանագրությունները նախատեսվում են ներկայացվել Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների հաստատմանը: Ներածություն Երկու հանրապետությունների խորհրդարանների կողմից հաստատվելու դեպքում, այս արձանագրությունները միջազգային պայմանագրի արժեք կունենան, իրավական ուժ կստանան միջազգային իրավունքի շրջանակներում, և կողմերը միմյանց նկատմամբ պարտավորություններ կստանձնեն: Այս պարտավորությունների դեմ առարկությունները հնարավոր կլինեն միայն այլ բովանդակությամբ նոր պայմանագրի հաստատման դեպքում: Վիճարկելի են արձանագրությունների հետևյալ կետերն ու պայմանները. 1.    Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության 3-րդ կետը` «վերահաստատելով հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու իրենց երկկողմ և բազմակողմ պարտավորությունները»: ·    Հայաստանն արդեն համաձայնել է այդ սկզբունքներին անկախացման ժամանակ ՄԱԿ-ի Կանոնադրությունն ընդունելով: ·    Հայաստանն այլևս իրավունք չի ունենա բանակցելու Ղարաբաղի համար: Միջազգային իրավունքի շրջանակներում Ղարաբաղը ներկայումս Ադրբեջանի տարածք է: Ղարաբաղը ենթարկվում է մայր հայրենիքից (Հայաստանի Հանրապետությունից) այլևս աջակցություն չստանալու հսկայական ռիսկին` մենակ մնալով (Մադրիդյան սկզբունքների մաս կազմող) ինքնորոշման իրավունքի համար իր պայքարում: ·    Հասկանալի չէ, թե ինչու՞ են արձանագրություններում ընդգծված կերպով շեշտվում ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները, մինչդեռ չի արվում որևէ բացահայտ կամ ենթադրելի անդրադարձ ինքնորոշման իրավունքի սկզբունքին: Այս իրավունքը չի հիշատակվում ո°չ սույն արձանագրության այս կամ այլ պարբերությունների, ո°չ էլ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության որևէ պարբերության մեջ: Իրականում, Հելսինկյան վերջնական համաձայնագիրը (որն ներառում է ինքնորոշման իրավունքը և մեջբերված է նույն արձանագրության 2-րդ կետում) մեջբերելու եղանակով անուղղակի անդրադարձն այդ սկզբունքին չի ենթադրում, թե արձանագրությունը կարող է անդրադառնալ դրան: Այն ենթադրում է, որ ինքնորոշման իրավունքի հարցը չի կարող բարձրացվել, մինչև Ադրբեջանի Հանրապետությունը չհամաձայնի անդրադառնալ դրան: Ըստ այս արձանագրությունների` հարցը բարձրացնելու դեպքում, ինքնորոշման իրավունքը կստորադասվի տարածքային ամբողջականության սկզբունքին: ·    Այդ մասին հստակ չնշելով և չպահանջելով, որ Թուրքիան հստակորեն անդրադառնա դրան` ինքնորոշման իրավունքը և այս սկզբունքի (որը «միջազգային իրավունքի պարտադիր նորմի» արժեք ունի) վերահաստատումը կկորցնի իր գերակայությունը որևէ այլ սկզբունքի նկատմամբ. ստորագրող կողմը համաձայնություն է տալիս առ այն, որ այս սկզբունքը կիրառելի չէ խնդրո առարկայի դեպքում, քանի որ խնդիրը քննարկման ենթակա չէ: Անդրադարձը Հելսինկյան վերջնական համաձայնագրին, որում գերակայում է տարածքային ամբողջականության դոգման, ոչ այլ ինչ է, եթե ոչ այս պատրաստակամությունը տապալելու բացահայտ նպատակ: ·    Հայաստանն այլևս իրավունք չի ունենա առաջ քաշել իր մտահոգությունները Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության դեմ հնարավոր ոտնձգությունների առնչությամբ, որպես իր պատմական ունեցվածքի նկատմամբ պահանջի մաս: Սա անուղղակիորեն ենթադրում է այդ ունեցվածքի նկատմամբ որևէ հայց անզոր դարձնելու` 1915 թվականի դեպքերից ի վեր Թուրքիայի կողմից կիրառվող օրենսդրության ճանաչում: ·    Այս կետի հետ ուղղակիորեն կապված է այն հանգամանքը, որ որպես սույն արձանագրությունները վավերացնող կողմ, Հայաստանն այլևս իրավունք չի ունենա միջազգային որևէ կառույցի առջև պատասխանատվության կանչելու Ադրբեջանին` Նոր Ջուղայի (Նախիջևան) խաչքարերի, Բաքվի հայկական գերեզմանոցի և Ադրբեջանի տարածքում գտնվող մի շարք այլ հայկական հուշարձանների ոչնչացման համար: ·    Բացի այդ, միջազգային հանրությունն այլևս չի դատապարտի Վրաստանում, հատկապես Թիֆլիսում և հայաբնակ Սամցխե- Ջավախեթիի (Ջավախքի) շրջանում հայկական հուշարձանների և եկեղեցիների ոչնչացումը: Ավելին, այս արձանագրությունները ստորագրելով` Հայաստանն իրավունք չի ունենա պաշտպանելու Ջավախքի հայության շահերը. սա ուղղակիորեն վերաբերում է Վահագն Չախալյանի գործին: 5-րդ կետը` «Վերահաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը` սահմանված  միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով», ·    Սա ուղղակիորեն վերաբերում է Կարսի (1921թ.) և Լոզանի (1923թ.) պայմանագրերին, բայց ոչ` Սևրի պայմանագրին (1920թ.), որն 1920թ. օգոստոսի 10-ին ստորագրվել է Օսմանյան Կայսրության կողմից, սակայն օսմանյան խորհրդարանն այն չի վավերացրել: Հայաստանը ներկա չի եղել Լոզանի պայմանագրին հանգեցնող բանակցություններին, հետևաբար կարող է առաջ քաշել այն վերապահումը, որ նա չի ստորագրել այդ պայմանագիրը: Հայաստանը կարող է նաև պնդել, որ Խորհրդային Հայաստանին ստիպել են ստորագրել Կարսի պայմանագիրը: Շատ կարևոր է նշել, որ նախագահ Վիլսոնը Սևրում ներկա բոլոր տերություններից մանդատ էր ստացել` գծելու նոր տարածքային սահմաններ հայերի, քրդերի և թուրքերի համար: Այդ սահմանները որոշելը կախված չէր պայմանագրի վավերացումից: Այս սահմանների նկատմամբ հաստատվեց միջազգային իրավարարություն, և որպես դատական գործիք, այն դեռևս ուժի մեջ է: Այս արձանագրությունը ստորագրելով` Հայաստանը վերջ կդնի ներկայիս դատական վեճին, և Հայաստանի Հանրապետությունն ընդմիշտ կկորցնի Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջի իրավունքը: ·    Սահմանների ճանաչումը վերջ կդնի այդ վեճին. Հայոց Ցեղասպանության զոհերը ենթարկվել են հսկայական էթնիկ զտումների և փոխհատուցում ստանալու իրավունք ունեն: Այդ սահմաններն ընդունելով` պատասխանատվության հարցն ինքնին դուրս է մնում: Միջազգային իրավունքի շրջանակներում պատասխանատվությունը, որպես կանոն, հանգեցնում է համապատասխան փոխհատուցման. ահա թե ինչ պետք է տեղի ունենար Ցեղասպանության ճանաչման դեպքում: Այստեղ Հայաստանը ճանաչում է սահմանները, ճանաչում է Լոզանի պայմանագիրը, և ոճիրը մնում է մի ենթահանձնաժողովի «ձեռքերում», որի որոշումները միջազգային իրավունքի շրջանակներում դատավճռի կարևորություն չեն ունենալու: Լավագույն դեպքում, այդ հանձնաժողովը կճանաչի պատմական փաստը: Հետևաբար, հայերի որևէ պահանջ` տարածքային, իրավական կամ այլ, անուշադրության կմատնվի և այլևս հաշվի չի առնվի: 6-րդ կետը` (…) «Հաստատելով իրենց հանձնառությունը` ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց»: (…) ·    Սա Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը վերջնականորեն ձախողելու Թուրքիայի ուղղակի մտադրությունն ու նպատակն է: Ավելին, այն օգտագործվելու է Թուրքիայում հայկական մշակութային և ճարտարապետական ժառանգության նկատմամբ Հայաստանի կողմից բարձրացվելիք որևէ պահանջի կամ հարցի դեմ, թե° երկկողմ հարաբերությունների, թե° միջազգային իրավունքի շրջանակներում: Թեև անուղղակի կերպով, սակայն այս կետը կարող է օգտագործվել ընդդեմ Ղարաբաղյան հակամարտության մեջ Հայաստանի դերակատարության` հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի միջև սերտ հարաբերությունները: II.    Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերություննների զարգացման մասին արձանագրության 6-րդ կետը` «Վերահաստատելով իրենց հանձնառությունը տարածաշրջանային և միջազգային վեճերի  և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա», ·    Այստեղ ուղղակի կերպով ենթադրվում է ինչպես Ղարաբաղյան հակամարտությունն, այնպես էլ` Հայոց Ցեղասպանության դիմաց փոխհատուցումների հարցը: Հստակ անդրադարձ է արվում Ղարաբաղյան հակամարտությանը, և ենթադրվում է, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս իրավունք չունի աջակցելու, օգնելու կամ օժանդակելու Ղարաբաղի Հանրապետության պաշտպանությանը: ·    Ղարաբաղ. որո՞նք են միջազգային իրավունքի այն չափանիշները, որ սահմանում են որևէ երկրի ներսում գտնվող տարածքի լեգիտիմությունը` այդ տարածքին անկախություն շնորհելով: Ինչպես արդեն նշվել է, միջազգային իրավունքի շրջանակներում ինքնորոշման իրավունքը գերիշխում է որևէ այլ իրավունքի, այդ թվում` տարածքային ամբողջականության իրավունքին: Սակայն, այսպիսի արձանագրություններ ստորագրելը, որոնցում այս չափանիշն ընդգրկված չէ, հստակ կերպով ցույց է տալիս, որ այդ սկզբունքը դուրս է թողնվելու խնդրից. հետևաբար, առկա հակամարտության առնչությամբ Հայաստանի Հանրապետության կողմից դրան անդրադառնալն անհնար է լինլու: ·    Փոխհատուցման հարցեր. Քանի որ Թուրքիան չի ստորագրելու Ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթ, և միջազգային քրեական դատարանը չի դատապարտում Թուրքիային (որպես Օսմանյան Կայսրության իրավահաջորդ) Հայոց Ցեղասպանության հարցում, Միացյալ Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեան պատճառ չի ունենա դատապարտելու այն. որպես հետևանք, միջազգային իրավունքի շրջանակներում այլևս չի լինի որևէ իրավական գործիք`   հետապնդելու Թուրքիային (որպես Օսմանյան Կայսրության իրավահաջորդ) այս հանցանքի համար (նույնիսկ միայն բարոյական փոխհատուցում պահանջելու նպատակով): ·    Նախորդ կետի հետ ուղիղ կապ ունի 2009թ. օգոստոսի 20-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած դատական գործը, որտեղ նման գործիքի բացակայությունը, ինչպես նաև ԱՄՆ կառավարության` Հայոց Ցեղասպանության իրողությունը չճանաչելու հանգամանքը, էական դեր ունեցան դաշնային վճռաբեկ դատարանի վճռում: Դատարանի որոշմամբ` 1915-1918թթ. օսմանյան թուրքերի իրականացրած կոտորածների զոհերի ժառանգներն իրավունք չունեն դատի տալու օտար ապահովագրական ընկերություններին` չվճարված հայցերի համար: Զարմանալի է, որ վճռաբեկ դատարանը հաշվի չի առել ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի 1981թ.-ի ելույթը, որով նա հիշատակել և ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, հաշվի չի առել նաև 1975թ. և 1984թ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած երկու բանաձևերը, որոնք բառացի ճանաչում են Հայոց Ցեղացպանությունը: Բայցևայնպես, այս ոճրի ճանաչումը ավելի քան քսան երկրների ազգային խորհրդարանների և հինգ կառավարությունների (Ֆրանսիա, Հունաստան, Արգենտինա, Ուրուգվայ և Կանադա) կողմից, ժխտողական Դողու Փերինչեքի դատապարտումը Շվեյցարիայի գերագույն դատարանի կողմից և Ուիթեքերի Զեկույցը (ցեղասպանության ոճիրը կանխելու և դատապարտելու մասին` հաստատված Խտրականության կանխման և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի ենթահանձնաժողովի կողմից) այս առումով վկայում են խնդրի ըմբռնման և միջազգային իրավունքի մասին: 2-րդ համաձայնագրի 2-րդ պարբերությունը` «Իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման և առաջարկությունների ձևակերպման համար», ·    Վերը նշված հատվածն այս արձանագրության ամենահակասական կետն է, և մեծապես վտանգում է Հայաստանի հարաբերությունները Սփյուռքի հետ. Հայաստանն իրավունք չունի խոսելու ողջ ազգի անունից, որն ընդգրկում է նաև Սփյուռքը (արձանագրության այս կետում ասվում է «ժողովուրդներ» և ոչ թե` երկրներ, և սա վերաբերում է նաև տեքտի մնացյալ հատվածին): ·    «Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունը» համաձայն չէ արձանագրության մեջ տեղ գտած` «գոյություն ունեցող խնդիրների հստակեցում» արտահայտության հետ: Արդյո՞ք Ցեղասպանությունը գոյություն ունեցող խնդիր է, որը կարիք ունի հստակեցման: Թե՞ խնդիրն իրականում այն է, որ Թուրքիայի Հանրապետությունը դեռևս չի ճանաչել Ցեղասպանությունը: Թե՞ այն, որ երկու ժողովուրդների միջև հարաբերություններում չի կարող առաջընթաց գրանցվել Ցեղասպանության չլուծված խնդրի պատճառով: Հայաստանի և Թուրքիայի միջև «պատմական հարթության» հարցում փոխվստահությունը չի կարող վերականգնվել, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Հաստատելը, որ «անկողմնակալ և գիտական ուսումնասիրության» կարիք կա, տեղիք է տալիս ենթադրելու, թե մինչ այս արձանագրության նախագիծը կազմելը, նման աշխատանք չի տարվել. այդպիսի մտադրությունը վրդովեցուցիչ կերպով կեղծ է: ·    Ենթահանձնաժողովի` «պատմական հարթության» վերաբերյալ եզրակացությունները Թուրքիային պարտավորեցնող որոշումներ չեն լինելու, դրանք կլինեն զուտ առաջարկություններ: Հաշվի առնելով մինչ օրս Թուրքիային բնորոշ գործելաոճը, խիստ անհավանական է, որ Թուրքիայի Հանրապետությունը պատասխանատվություն կստանձնի Հայոց Ցեղասպանության համար` հիմնվելով հասարակ առաջարկությունների վրա: Արժե հատկապես նշել, որ եթե արձանագրությունները վավերացվեն, առաջին անգամը կլինի, որ Թուրքիայի Հանրապետությունը միջազգային մակարդակով մասնակցում է 1915 թվականի դեպքերին առնչվող որևէ հանձնաժողովի աշխատանքների: Հաստատ է հետևյալը. հանձնաժողովի եզրակացությունները որևէ ազդեցություն կամ նշանակություն չեն ունենալու միջազգային իրավունքի շրջանակներում, հանձնաժողովի նպատակը, ինչպես բացահայտ սահմանված է, «պատմական հարթությունն» ուսումնասիրելն է: «Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության» համոզմամբ` սա վկայում է այն մասին, որ հանձնաժողովին թույլ չի տրվի շեղվելու այս նպատակից, ոչ էլ այն իրավունք կունենա պատմությունը զուտ գնահատելուց բացի որևէ այլ եզրակացություն անել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter