«Միացում» ազգային նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացրել ՀՀ նախագահի նստավայի առաջ

Այսօր երեկոյան «Միացում» ազգային նախաձեռնությունը բողոքի ակցիա անցկացրեց ՀՀ նախագահի նստավայրի առջև: «Այսօր մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում ոչ միայն «Մադրիդյան սկզբունքների», այլև վերջերս Թուրքիայի հետ նախաստորագրված արձանագրությունների դեմ, քանի որ այս ամենն անընդունելի և վտանգավոր է հայոց պետականության համար»,- ասաց «Միացում» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Միացում» նախաձեռնության անդամներն ասացին, որ բողոքի ակցիայի դրդապատճառներից է նաև Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 19-ին «Вести в субботу» ծրագրին տված հարցազրույցը: Զ.Փոստանջյանի համոզմամբ` վերոնշյալ հարցազրույցը ճշգրիտ չի թարգմանվել հայկական ոչ մի լրատվամիջոցի կողմից, ավելին` լրագրողի տված կարևորագույն հարցից և Սերժ Սարգսյանի պատասխանից հայկական հեռուստաընկերությունները հատվածներ (ստորև` շեղատառ) են հանել: «Միացում» նախաձեռնությունը թարգմանել է հարցազրույցի այդ հատվածները և ակցիայի ժամանակ բաժանում էր մասնակիցներին: «Вести в субботу»-ի լրագրողը հարցրել է. «Ես կցանկանայի վերադառնալ մեկ այլ փակ սահմանին` Ադրբեջանի հետ փակ սահմանին: Այնպես է ստացվել, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Բաքվից գալով Երևան` ես թարմ տպավորություններ եմ ստացել Ադրբեջանում իմ լսած տեղեկատվությունից: Ինձ շատ հետաքրքիր է իմանալ` դուք կոնկրետ ինչպիսի՞ տեղաշարժեր եք տեսնում հայ-ադրբեջանական հակամարտության մեջ:
Արդյո՞ք սկզբում պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Թե՞ սկզբում պետք է տեղի ունենա Ադրբեջանի ԽՍՀ այն տարածքների վերադարձը Ադրբեջանին, որոնք չեն մտնում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մեջ, սակայն ներկայումս գտնվում են հայկական ռազմական վերահսկողության ներքո: Ո՞րն է առջնայինը:
Ինձ թույլ կտամ հարցը ձևակերպել հետևյալ կերպ. հայ-ադրբեջանական հարաբերություններում որտե՞ղ է «ձուն», և որտե՞ղ` «հավը»»: Այս հարցին Ս.Սարգսյանը պատասխանել է. «Այս փուլում տվյալ ուղղությամբ վերջին իրադարձությունը Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահների, այսինքն` Մինսկի համանախագահների կողմից Աքվիլայում արված հայտարարությունն էր և որոշ դրույթների` այսպես կոչված «մադրիդյան սկզբունքների» հրապարակումը, որոնք մենք այժմ քննարկում ենք:
Բոլորին հայտնի դարձավ կարգավորման ներկայիս փուլի ,այսինքն` «մադրիդյան սկզբունքների» հիմքում դրված տրամաբնություն: Դա Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշող հանրաքվեի անցկացումն է, Ձեր նշած տարածքների վերադարձը Ադրբեջանին, որոնք և’ Ղարաբաղը, և’ մենք անվանում ենք «անվտանգության գոտի», և մեր բոլոր հարաբերությունների կարգավորումը»:
«Միացում» նախաձեռնության հանակարգող Ժիրայր Սեֆիլյանը ակցիայի ընտրման վայրը պատահական չի համարում: «Այս դավաճանական ընթացքի պատասխանատուն նա է: Ուրիշ որևէ մեկին պատասխանատվության կանչել, կարծում եմ, իմաստ չունի, և անկեղծ չի լինի»,- ասաց նա` ակնարկելով Սերժ Սարգսյանին: Բողոքի ակցիան տևեց մոտ մեկ ժամ, որի ընթացքում մասնակիցները վանկարկում էին` «Արցախ-Հայաստան-Միացում», «Ոչ հայրենիքի առևտրին», «Չարչիներ, հեռացե’ք»: 
Ոստիկանները հսկում էին միջոցառումը: Ոստիկաններից մեկը զոհված ազատամարտիկի մայր, բողոքի մասնակից մի տարեց կնոջից խլեց Սերժ Սարգսյանի դիմանկարը, որի վրա սև խաչ էր քաշած: Ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև քաշքշուկ տեղի ունեցավ: Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով` նման ակցիաները շարունակական են լինելու: Սեպտեմբերի 25-ին Մյասնիկյանի արձանի մոտից երթ է նախատեսվում, որի ընթացքում «Միացում» ազգային նախաձեռնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարներին ուղղված նամակներ կհանձնի այդ երկրների դեսպանատներին:
Քնար Բաբայան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել