Նյարդը վնասված է
Երեկ ստացվել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թևի նեկայացուցիչ, քաղբանտրակյալ Տիգրան Առաքելյանի` անցած ուրբաթ անցկացված բժշկական ստուգման եզրակացությունը, ըստ որի, նրա մոտ վնասված է աչքերը սնուցող նյարդը: Ըստ եզրակացության` այդ վնասվածքը Առաքելյանի մոտ ի հայտ է եկել մոտ 2,5 ամիս առաջ` բութ գործիքով ստացած հարվածի արդյունքում:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Տիգրան Առաքելյանը և ՀԱԿ երիտասարդական թևի մի շարք այլ ներկայացուցիչներ, հաջորդ օրը կայանալիք հանրահավաքի մասին իրազեկելիս, մի խումբ հանցագործների կողմից հարձակման էին ենթարկվել: Հարձակվողներից մեկն ատրճանակի խզակոթով հարվածել էր Առաքելյանի գլխին:
Հետագայում ՀՀ ոստիկանությունը հայտարարեց, թե հարձակվողները ոստիկանության աշխատակիցներ են, և խեղաթյուրելով տեղի ունեցածը` Տիգրան Առաքելյանին, Հերբերտ Գևորգյանին և Սահակ Մուրադյանին ներկայացրեց խուլիգանության մեղադրանք: Հենց այս քրգործի հիման վրա էլ Տ. Առաքելյանը հուլիսի 5-ից գտնվում է անազատության մեջ:
Մոսկվայից մեծ խումբ է գալիս
Ինչպես փոխանցում են Կրեմլի` թերթի աղբյուրները, երեկ ուշ գիշերվանից սկսած մինչև այսօր առավոտ, Մոսկվայից եկող չվերթով ՌԴ նախագահի աշխատակազմի մոտ 20 բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանելու Երևան` հանդիպելու Սերժ Սարգսյանի հետ:
Հանդիպման ընթացքում խոսակցության թեման, ըստ թերթի ունեցած հավաստի տեղեկությունների, Վրաստանի, Թուրքիայի և Ղարաբաղի հարցերն են: Կրեմլի` թերթի աղբյուրները փոխանցում են նաև, որ Կրեմլում խիստ զայրացած են Սերժ Սարգսյանի վրա, քանի որ վերջինս պայմանավորվածություններ է խախտել:
Ռուսները, ըստ թերթի տեղեկությունների, գալիս են` հաշիվ պահանջելու Սերժ Սարգսյանից ու սույն թեմաներով ինչ-ինչ հարցեր հստակեցնելու:
Ադամ Շիֆը` հօգուտ ցեղասպանության ժառանգների
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի անդամ Ադամ Շիֆը կոչ է անում ԱՄՆ վճռաբեկ դատարանին` վերանայելու Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հայցերի հնարավորություն տվող օրենքը հակասահմանադրական ճանաչելու Դաշնային դատարանի վճիռը: Օրենքն ընդունվել էր Կալիֆոռնիայում` 2000 թվականին:
Ադամ Շիֆի գրասենյակի տարածած հայտարարությունը հիշեցրել է, թե ԱՄՆ կառավարությունը հետևողականորեն ճանաչել է, որ մեկուկես մլն հայեր 1915-23թթ. կորցրել են իրենց կյանքը Օսմանյան կայսրության ձեռքով, և սատարել է սարսափելի բռնություններից տուժածների ջանքերին` իրենց կրած վնասի դիմաց փոխհատուցում ստանալու:
Լյուդմիլա Սարգսյանին պաշտոնա՞նկ են անելու
«Հրապարակի» հավաստի տեղեկություններով` շաբաթ օրը կայանալիք համահնչակյան համագումարից հետո ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հեռացվելու է պաշտոնից:
Պատճառն այն է, որ Լյուդմիլան վերջին երկու ամիսներին հասցրել է փչացնել հարաբերությունները բազմաթիվ կուսակցականների հետ: Շարքային կուսակցականներն ասում են, որ վերջերս ՀԱԿ-ում լավ ընդունելության արժանանալուց հետո Լյուդմիլա Սարգսյանը բավականին ամբիցիոզ է դարձել, ինչն էլ դժգոհությունների տեղիք է տվել:
ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը երեկ պաշտոնապես հերքեց այս տեղեկությունը, սակայն թերթի հավաստի աղբյուրը հայտնում է, որ մոտակա 1-2 ամիսների ընթացքում տկն Լյուդմիլան հրաժեշտ է տալու ատենապետի պաշտոնին:
Այս պահին նրան փոխարինողի անունը չի շրջանառվում, քանի որ կուսակցականների համար գերխնդիր է դարձել նախ Սարգսյանին պաշտոնից հեռացնելը, հետո միայն նրան մեկ ուրիշով փոխարինելը:
Կուսակցությունների անդամները քանի՞սն են
Ինչքա՞ն անդամ ունեն մեր կուսակցությունները: Փորձեցինք այդ թվերը ճշտել հենց իրենցից. ՀԱԿ-ը նշեց 15-20 հազար թիվը, «Ժառանգությունը»` 4 կամ 5 հազար, ՀՀԿ-ն ոչ ավել, ոչ պակաս` 136 հազար, վերջին տարում 4 հազար կորուստ է ունեցել: ՀՅԴ-ն` մոտ 7 հազար, իսկ վերջին տարում` մոտ 300 նորագիրներ:
Հակոբ Հակոբյանը նորից առաջադրվեց
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որն օրերս զրկվեց պատգամավորական մանդատից` մարտիմեկյան դեպքերի առնչությամբ ազատազրկման դատապարտված լինելու պատճառով, կրկին առաջադրել է իր թեկնածությունը այն նույն` թիվ 8 ընտրատարածքում, որտեղից 2007թ-ին մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել: Թիվ 8 ընտրատարածքում երեկվա դրությամբ առաջադրվել է ևս մեկ թեկնածու` անկուսակցական Կորյուն Նահապետյանը: «Ազատ ասպարեզի» հետևանքները
Թիվ 25 ընտրատարածքում, որտեղ ժամանակին ԱԺ պատգամավոր էր ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, երեկվա դրությամբ առաջադրվել էր մեկ թեկնածու` Սասուն Միքայելյանի մշտական մրցակից` ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանը:
Դատարանը չընդունեց «Արարատի» հայցը
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 22-ին մերժել է ընդունել «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայցը` Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման հերքումը պարտավորեցնելու և ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելու պահանջներով, որոնք ուղղված են «Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի» դեմ:
Հայցը չընդունելու պատճառն այն է, որ պետտուրքը կիսատ է վճարվել, և բացի այդ` հայցին կից ներկայացվել են օտար լեզվով փաստաթղթեր` առանց ՀՀ պետական լեզվով դրանց թարգմանության:
Օրակարգում նման կետ չկա
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի օրակարգում հայ-թուրքական հարաբերությունների քննարկման կետ չկա: Այս մասին նշել է արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը, ըստ որի, Նյու Յորքում` Գլխավոր ասամբլեայի 64-րդ բստաշրջանի ընթացքում, կքննարկվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: «Ելույթ ունեցողներն իրենց խոսքում կարող են անդրադառնալ այդ խնդրին, սակայն օրակարգում նման կետ և հատուկ քննարկում նախատեսված չէ»,-ասել է Տ. Բալայանը:
Թուրքական զանգվածային լրատվամիջոցները կրկին տարածել են, որ նստաշրջանի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպում: Տ. Բալայանը նշել է, թե միայն կարող է հաստատել, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու նպատակով Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 26-29-ը կգտնվի Թուրքիայում:
37-ին նման է
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Արշալույս Հակոբյանը երեկ հրաժարվել է ցուցմունք տալ: Նա պնդել է նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքը: Նա նշել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում և իրականում «տուժող» ոստիկաններն են իր նկատմամբ բռնություն կիրառել:
«Ոնց որ 37 թիվը լիներ, ոստիկանները մտնեն տունդ և երեխաների աչքի առջև բարձր խոսեն և սպառնալիքներ հնչեցնեն: Ինչու այդքան ատելություն կար, որ ոսկորներս էին ուզում ջարդել, տանեին ինձ բանտում փտեցնեին, որ երեխաներս անհայր մեծանային»,-դատարանին նման հռետորական հարցով է հանդես եկել Արշալույս Հակոբյանը:
Նրա խոսքերով, ինքը հունիսի 5-ին շատ հանգիստ նստել է ոստիկանական մեքենան, բայց մեքենայի մեջ արդեն ոստիկանները , գործով տուժող Վահե Բադալյանն ու Աշոտ Սարգսյանը սկսել են հարվածել, ինչի արդյունքում նրա գլխին կոշտուկներ են հայտնվել:
Իրավապաշտպանը պատմել է նաև, որ 3 ժամ ինքը փաստաբան է պահանջել, սակայն ոստիկանները չեն արձագանքել: Իսկ խմածության աստիճանը ստուգելու համար, նրա խոսքերով, ոստիկանները կրկին բռնություն են կիրառել, քանի որ առանց պաշտպանի նա չի ցանկացել խմածության տեստ հանձնել:
Մեղադրող Հունան Բաբայանի հարցին, թե երբ ոստիկանները այցելել են ձեր տուն, դուք սթափ վիճակում եք եղե, նա նշել է, որ նախորդ օրն է խմած եղել, քանի որ բալիկ էր ունեցել: Իսկ այդ օրը ընդհանրապես խմիչք չէր օգտագործել:
«Ազատ ասպարեզի» հետևանքները
Նախօրեին Արարատի մարզի 12 գյուղերի խաղողագործներ բողոքի ցույց էին կազմակերպել Արարատի մարզպետարանի դիմաց: Մարդիկ բողոքում էին խաղողը մթերող ընկերությունների դեմ, որոնք խախտելով նախապես հողագործների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, կամ հրաժարվում են բերքը մթերել, կամ դրա դիմաց ծիծաղելի ցածր գին են առաջարկում: Սեպտեմբերի 22-ի դրուևթյամբ միայն Երևանի կոնյակի գործարանն էր հայտարարել, որ 1 կգ խաղողը մթերելու է 130 դրամով: Մյուս մթերողները դեռևս գնի մասին չեն հայտարարել, սակայ գյուղացիներին տեղեկություններ են հասել, որ գինեգործական ընկերությունները խաղողի կգ-ի դիմաց վճարելու են առավելագույնը 70-80 դրամ:
Գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպումից հետո խաղողագործներին հորդորել են սպասել մինչև վաղը` մինչ այդ խաղողի մթերման գինը հստակեցնելու համար: Առաջին հայացքից թվում է, թե որևէ խնդիր չկա` մասնավոր ընկերություններ են, բերքի մթերման գինը որոշվում է շուկայական ճանապարհով, և ոչ իշխանությունների և ոչ էլ գործարարներին այս հարցում պետք չէ մեղադրել: Դա այդպես կլիներ նորմալ մրցակցային տնտեսություն ունեցող երկրում: Սակայն Հայաստանում, ինչպես մնացած ոլորտներում, այնպես էլ գինեգործության ասպարեզում պատահական որևէ մեկը գործարան չունի. գրեթե բոլոր գինեգործական ընկերությունները պատկանում են իշխանությունների հովանավորության տակ գտնվող գործարարներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել