HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դաշնակցությունը չի ցանկանում ցնցումներ առաջացնող քայլերի գնալ

Այսօր «Հայելի» ակումբի հյուրերն էին պատգամավորներ Ռուզան Առաքելյանը Դաշնակցությունից, և Զարուհի Փոտանջյանը` Ժառանգությունից: Ռ. Առաքելյանն ասաց, որ սա իրենց համար պատմական շրջան է, քանի որ ժողովուրդը կանգնած է ճակատագրական մարտահրավերի առջև: Եվ որքան էլ ասվում է, որ  մեր ժողովուրդն ապաքաղաքականացված է, և նրան այսօր չեն հետաքրքրում ոչ Ղարաբաղի հարցը, ոչ հայ-թուրքական հարաբերությունները, ապա դա այդպես չէ: «Այս օրերին տեսա, որ մեր ժողովուրդը բոլորովին անտարբեր չէ: Գիտակից մասսան գալիս է և իր համաձայնությունը հայտնում այն առաջարկություններին, որոնք այսօր Դաշնակցությունը քաղաքական դաշտ է բերել»,- ասաց նա` նշելով, որ անգամ երբեմն ստորագրահավաքների սեղանների շուրջ հերթ է գոյանում: Անդրադառնալով հարցին, թե ինչով կբացատրի այն, որ Ժառանգությունը հայ-թուրքական արձանագրությունների շուրջ եղած տարաձայնությունների հարցում չի միանում Դաշնակցությանը, Ռ. Առաքելյանն ասաց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի անձնական կամքն է` միանա՞լ այս կամ այն գործընթացին, թե՞ ոչ: «Դաշնակցությունն ինքն էլ այսօր չի միանում այլ քաղաքական ուժի, գործում է անկախ, իր սկզբունքներով: Իսկ թե Ժառանգությունն ինչու չի միանում Դաշնակցությանը, դա իրենց որոշելիքն է: Սակայն բոլորն էլ գիտեն, որ Ժառանգության ամենահայտնի դեմքը` Րաֆիի Հովհաննիսյանը, եկավ ու իր ստորագրությունը թողեց մեր որոշման տակ»,- ասաց նա: Զարուհի Փոստանջյանն էլ նշեց, որ Դաշնակցության պահվածքը բոլորի համար էլ պարզ է, և ցավալի է, որ նրանք միայն այս պահին են նման քայլերի դիմում, և ոչ թե 10 տարի առաջ: Եվ այս անազատ պետության իրավական հիմքերը դրվել են այն ժամանակ, երբ Դաշնակցությունն էլ էր ղեկավարության մաս կազմում, և նա էլ իր դերակատարությունն է ունեցել այս պետության կառուցման մեջ: «Հիմա էլ, երբ չեն պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, այլ միայն արտգործնախարարի հրաժարականը, այս պարագայում վերջնական խոսք չասել ու պահանջատեր չլինել է նշանակում»,- ասաց նա: Զ. Փոստանջյանը նշեց, որ սխալ է ասել, թե այս պահին Ժառանգությունը ոչ մի քայլ չի կատարում` ուղղված հայ-թուրքական արձանագրություններին: Իրենք ունեն հստակ գործողությունների ծրագիր: «Մենք նախաձեռնել էինք խորհրդարանական լսումներ, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 1-ին: Դա Ժառանգության նախաձեռնությունն է»,- ասաց նա: Ռ. Առաքելյանն էլ, հակադարձելով Զ. Փոստանջյանին, նշեց, որ եթե նա միայն վերջին տարիներին է քաղաքականությունում ներկա, ապա Դաշնակցությունը անկախ Հայաստանի առաջին օրերից դերակատար է պետության կայացման համար ու երբևէ չի խուսափել խոստովանել նաև իր սխալները: «Դաշնակցությունն իշխանության մաս է կազմել, քանի որ մենք հստակ գիտեինք, որ անկախ Հայաստանի առջև ազգային բազմաթիվ խնդիրներ են ծառանալու, և իշխանության մեջ գտնվելով` կարող էինք և կանխել ենք այնպիսի գործողություններ, որոնք կարող էին լուրջ փաստերի առջև կանգնեցնել: Իշխանության մեջ լինելը Դաշնակցության համար երբեք ինքնանպատակ չի եղել»,- ասաց նա: Ռ. Առաքելյանը նշեց նաև, որ այն, որ Ժառանգության նախաձեռնութամբ է հոկտեմբերի 1-ին լսումներ կայանալու Ազգային ժողովում` հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, չափազանցված է: «Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի պահանջով են այդ լսումները լինելու»,- ասաց նա: Ռ. Առաքելյանը հակադարձեց նաև Զ. Փոստանջյանի մատնանշած այն հարցին, որ այսօր Դաշնակցությունը չի պահանջւոմ նախագահի հրաժարականը: Նա նշեց, որ իրենք ցնցումներ առաջացնող քայլերի չեն գնալու: «Այսօր որևէ էքսցենտրիկ քայլի գնալ, նորից ցնցել Հայաստանը, որից ուրախանան մեր թշնամիները, ճիշտ չէ»: Ի պատասխան` Զարուհի Փոստանջյանն ասաց. «Շատ լավ է, որ դուք փորձում եք ձեր դերակատարությունն այս պահին փոխել, ձեր քաղաքականությունն եք փորձում ուղղել: Բայց շատ քաղաքացիներ կգային ու արագ կստորագրեին ձեր նախաձեռնության տակ, եթե հավատային Ձեր կուսակցության  ղեկավարներին, որոնք շատ հաճախ Ազգային ժողովում հանդես են գալիս մեծ քննադատությամբ, բայց դրան հակառակ են քվեարկում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter