Ձերբակալվել է Արաբկիրի քննչական բաժնի կարևորագույն գործերով ավագ քննիչը
Երեկ ԱԱԾ մարմինների կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի կարևորագույն գործերով ավագ քննիչ, ոստիկանության մայոր Բաբկեն Մարտոյանը:
Պարզվել է, որ Բ. Մարտոյանը, քաղաքացիներ Ա. Ավագյանի և Ռ. Բասմաջյանի առևանգման, նրանց նկատմամբ զենքի գործադրմամբ սպառնալիքներ կատարելու և վերջիններիս խոշտանգումների ենթարկելու փաստով հարուցված` իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, նպատակ ունենալով էապես խեղաթյուրել և դրանով իսկ կոծկել ծանր հանցագործության իրական հանգամանքներն ու գործով ձեռք բերված ապացույցները, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ գործով տուժողներին դրդել, ուղղորդել և թելադրել է իրականությանը չհամապատասխանող սուտ ցուցմունքներ:
ԱԱԾ կայքէջի փոխանցմամբ, այդ ցուցմունքների հիման վրա` վերոհիշյալ հանցագործությունները կատարելու փաստով կալանավորված մեղադրյալների արարքները Բ. Մարտոյանը վերաորակել է առավել մեղմ պատիժ նախատեսող հոդվածներով և դրանով իսկ ստեղծել նախադրյալներ` դատարանում նրանց նկատմամբ համաներում կիրառելու համար:
Արդյունքում, հանցագործությունը կատարած անձինք դատարանի դահլիճից ազատ են արձակվել: Կայացած դատավճիռը բեկանելու նպատակով ՀՀ Գլխավոր դատախազի կողմից բերվել է վերաքննիչ բողոք: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել