HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բիզնեսը պետք է ընդդիմանա կոռուպցիային` խթանելու համար տնտեսական կայունությունը

Սեպտեմբերի 23-ին հրապարակվել է 2009թ. Կոռուպցիայի համաշխարհային զեկույցը, որում ներառված է հոդված Հայաստանի վերաբերյալ: Նրանում ներկայացված են 2007 թ. հունիսի 1-ից մինչև 2008 թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում հակակոռուպցիոն բնագավառում իրականացված հիմնական իրավական և ինստիտուցիոնալ փոփոխությունները: Նոր զեկույցը ցույց է տալիս, որ կոռումպացված բիզնեսը միլիարդների վնաս է հասցնում, խաթարում է առեւտուրը, զարգացումն ու սպառողներին: 23 սեպտեմբերի, 2009թ., Նյու Յորք/Բեռլին: Համաձայն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի` այսօր հրապարակած նոր զեկույցի` կաշառակերության, ոչ մրցակցային գնագոյացման և բիզնեսի կողմից հանրային քաղաքականությունն իրենց շահերին ծառայեցնելու արդյունքում աշխարհում զանգվածային չափերի հասած կոռուպցիան միլիարդների վնաս է հասցնում և խոչընդոտում է կայուն տնտեսական աճը: «Կոռուպցիան եւ մասնավոր հատվածը. 2009թ. Կոռուպցիայի համաշխարհային զեկույցը» (ԿՀԶ) ցույց է տալիս, թե ինչ ավերիչ ուժ է իրենից ներկայացնում կոռուպցիան: Այն խարխլում է արդար մրցակցությունը, խեղդում տնտեսական աճը և, վերջին հաշվով, ոչնչացնում է ինքնին գործարարությունը: Միայն վերջին երկու տարում ընկերությունները ստիպված էին միլիարդավոր տուգանքներ վճարել կոռուպցիոն գործարքներում ներքաշված լինելու պատճառով: Սակայն վնասը միայն տուգանքներով չի սահմանափակվում. դա նաև այդ ընկերությունների աշխատակիցների բարոյական ցածր մակարդակն է և հաճախորդների, ինչպես նաև ապագա հնարավոր բիզնես գործընկերների կողմից վստահության կորուստը: «Կորպորատիվ բարձր բարոյականության մշակույթի խթանումն էական նշանակություն ունի ներդրումները պաշտպանելու, ընկերությունների բարգավաճմանը նպաստելու և կայունությունն ապահովելու համար` ինչին հավասարապես ձգտում են թե' աղքատ, և թե' հարուստ երկրները, մասնավորապես այն ժամանակ, երբ մենք դուրս ենք գալիս պատմական ճգնաժամից»,- նշում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության նախագահ Հյուգետ Լաբելը: Զեկույցն արձանագրում է մենեջերների,  բաժնեմասերի մեծամասնություն տնօրինողների և ընկերություններում դերակատարում ունեցող այլ անձանց վերաբերյալ բազմաթիվ դեպքեր, երբ նրանք չարաշահել են իրենց վստահված իշխանությունը հանուն անձնական շահի, ի վնաս սեփականատերերի, ներդրողների, աշխատակիցների և, ընդհանրապես, հասարակության: Համաձայն ԿՀԶ-իª միայն զարգացող եւ անցումային փուլի երկրներում ընկերությունները տարեկան շուրջ 40 միլիարդ դոլարի կաշառք են վճարել իրենց հետ հանցավոր գործարքների մեջ մտած կոռումպացված քաղաքական գործիչներին եւ պետական պաշտոնյաներին: Զեկույցում տեղ գտած հետազոտությունը ցույց է տալիս նաև, որ հարցման ենթարկված անդրազգային ձեռնարկությունների կառավարիչների կեսի գնահատմամբ կոռուպցիան առնվազն 10 տոկոսով բարձրացնում է ծրագրային ծախսերը: Վերջին հաշվով, այդ գինը վճարողները քաղաքացիներն են. պարզվել է, որ 1990-ից 2005թ. ընկած ժամանակահատվածում սպառողները ողջ աշխարհում մոտ 300 մասնավոր անդրազգային ընկերություններին հավելյալ վճարել են շուրջ 300 միլիարդ դոլար: Զեկույցում արծարծված մյուս մտահոգությունն այն է, որ որոշ ընկերությունների եւ գործարար ոլորտների զգալի տնտեսական հզորությունը հանգեցնում է այդ ընկերությունների և ոլորտների կողմից քաղաքական որոշումների կայացման վրա անհամաչափ եւ զգալի լծակների ձեռքբերմանը: Նման ազդեցության կարգավորման ձախողումը հող է նախապատրաստում գողապետական համակարգերի առաջացման և տնտեսական թույլ աճի համար: Լոբբիստական ջանքերը հաճախ զուրկ են թափանցիկությունից և հակված են գտնվել զսպումների եւ հավասարակշռումների այն համակարգից դուրս, որի վրա հենվում են ընկերությունները` ռազմավարական որոշումներ կայացնելիս: Օրինակ, 2008թ. «Ստանդարտ ընդ Փուրզ»-ի ցուցակում ներառված 100 ընկերությունների համարյա մեկ երրորդը իրենց խորհուրդներից պահանջել է վերահսկել քաղաքական բնույթի ծախսերը: Զեկույցում արձանագրված մեկ այլ գործելակերպ է պետական պաշտոնյաների և մասնավոր հատվածի միջև առկա «պտտվող դռների» երևույթը, որն ուղի է հարթում կեղծ հանրային գնումների գործարքների համար, երբ ոչ մրցակցային հայտերն ու ոչ թափանցիկ գործընթացները հանգեցնում են բյուջետային միջոցների ահռելի վատնումների և անորակ ծառայությունների ու ապրանքների մատակարարմանը: Մասնավոր հատվածում զգալի չափերի հասնող կոռուպցիան և նրա տարաբնույթ դրսեւորումները մեծապես գերիշխում են այն փոքրաթիվ ընկերությունների նկատմամբ, որոնք իրապես կիրառում են ապօրինի շահ ստանալուն ուղղված` պաշտոնեական այս չարաշահումը կանխող համակարգեր: Համաձայն զեկույցի, թեպետ աշխարհի առաջատար 200 ընկերությունների համարյա 90 տոկոսն ընդունել է գործարար վարքագծի կանոններ, սակայն դրանց կեսից էլ քիչն է նշել, որ հետևում են, թե որքանով են այդ կանոնները պահպանվում: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի` ամենամյա Կոռուպցիայի ընկալման համաթվի, որը ցույց է տալիս աշխարհի ավելի քան 170 երկրների հանրային ոլորտներում առկա կոռուպցիայի ընկալման մակարդակը, աղյուսակի ստորին հորիզոնականները զբաղեցնող երկրներից շատերը ոչ միայն տուժում են իրենց անազնիվ իշխանություններից, այլ նաև առաջատար ընկերություններից, որոնք ավելի քան պատրաստ են կոռուպցիոն գործարքների մեջ մտնել այդ իշխանությունների հետ: Ոչ միայն սովորական կաշառքներ ներառող` այս խճճված ցանցերի գոյությունը հնարավոր է դառնում, քանի որ ընկերությունները հավատացած են, որ կարող են անպատիժ կերպով շարունակել նման հանցավոր գործելակերպը: «Ընկերության կամ հիմնադրամի ապագան անձնական հարաբերությունների եւ անկանխատեսելի համակարգերի վրա կառուցելը կամ ուղղակի ոչ թափանցիկ միջավայրում և առանց վերահսկողության և հաշվետվողականության աշխատելը` ճանապարհ է դեպի երաշխավորված ձախողում»,- նշել է տիկին Լաբելը: Կորպորատիվ օրինականությունը լավ արդյունքներ է տալիս: Պարզվում է, որ այն ընկերությունները, որոնք ունեն հակակոռուպցիոն ծրագրեր եւ էթիկայի ուղեցույց կանոններ, կիսով չափ ավելի պակաս են բախվում կոռուպցիայի դեպքերի հետ և ավելի քիչ հավանական է, որ կորցնեն իրենց բիզնես հնարավորությունները, քան նման ծրագրեր չունեցող ընկերությունները: Կորպորատիվ հակակոռուպցիոն ձեռնարկումների համար նախատեսված գործիքները լայնորեն մատչելի են և կարող են պատրաստակամությամբ տրամադրվել, և դրանք կիրառելու գործում ընկերությունները պետք է ժամանակից հետ չընկնեն: Ներկա տնտեսական ճգնաժամի շնորհիվ կորպորատիվ էթիկայի հանդեպ հանրության կողմից վստահության պակասի առաջին պլան մղվելը առավել հրատապ անհրաժեշտություն է դարձնում նպաստելու հակակոռուպցիոն մեխանիզմների կիրառմանը որպես ընկերության գործարքների անկապտելի մաս: «Կոռուպցիայի դեմ պայքարում հաղթանակի հասնելը նշանակում է հավելյալ ջանքերի ներդնում: Ժամանակն է, որ կորպորացիաներն ընկալեն միլիոնների հասնող տուգանքներ վճարելու և իրենց հաճախորդների ու բաժնետերերի վստահության երկարատեւ կորստի վտանգը»,- ավելացրել է տիկին Լաբելը: Ապագայի մասին մտածող ընկերությունների բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն հաստատակամորեն գործում են ընդդեմ կոռուպցիայի և իրենց գործունեության հիմքում դնելով օրինականությունը` նվազեցնում են ռիսկերը` ջանալով ապահովել բիզնեսի կայուն աճ: Կորպորատիվ օրինականությունը ավելին է, քան կայուն եկամուտը կամ ներդրումներից ստացված շահույթը: Երբ անշրջահայաց ընկերությունները ներքաշվում են կոռուպցիայի մեջ, հետևանքները կարող են կործանարար լինել: Սկսած անբավարար ջրամատակարարումից, աշխատանքային ծանր պայմաններից կամ անօրինական ծառահատումներից մինչեւ կյանքի համար վտանգավոր դեղորայքը և անորակ կամ անօրինական ճանապարհով կառուցված շենքերը, որոնք փլուզվում են` ծնելով աղետաբեր հետեւանքներ, կոռուպցիան կարող է հասցնել աննախադեպ վնաս: Այս հետեւանքները վերացնելու գործում մասնավոր հատվածը վճռական դեր պետք է խաղա` գործելով թափանցիկ և հաշվետու ամենուրեք, որտեղ այն շահույթ է հետապնդում: ### «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը կոռուպցիայի դեմ պայքարող քաղաքացիական հասարակության առաջատար կազմակերպություն է: Կոռուպցիայի համաշխարհային զեկույցի մասին «Կոռուպցիան եւ մասնավոր հատվածը. 2009թ. Կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային զեկույցը» ներկայացնում է ավելի քան 75 փորձագետների, որոնք հետազոտել են կորպորատիվ կոռուպցիայի մասշտաբներըը, ընդգրկվածությունը և աղետաբեր հետեւանքները:  Այն ներառում է նաև 45 երկրների վերաբերյալ խորացված զեկույցները, ինչպես նաեւ լավագույն գործելակերպի օրինակներ և գործնական հանձնարարականներ: Կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային զեկույցը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի ամենամյա լավագույն հրապարակումներից է և ընդգրկում է աշխարհով մեկ իրականացված փորձագիտական հետազոտություններ և վերլուծություններ` ուշադրության կենտրոնում ունենալով կոռուպցիային առնչվող թեմաները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter