Դանակահարություն` 6000 դրամի պատճառով
Սեպտեմբերի 22-ին Արմավիրի մարզի Նորապատ գյուղի «Սադախլու» կոչվող թաղամասի երկաթգծի մոտ տեղի է ունեցել դանակահարություն: Դանակահարողը` Նալբանդյան գյուղի բնակիչ, 23-ամյա Արման Սահակյանը համագյուղացի Արթուր Սարգսյանից ետ պահանջելով և չստանալով օրեր առաջ իրենից պարտքով վերցրած 6000 դրամը, նախ վիճաբանության մեջ է մտել հետը, հետո` դանակի հարվածով խորը կտրվաածք առաջացրել Ա.Սարգսյանի գլխին:
Կատարվածից ուշագնաց, տուժողը բերանքսիվայր ընկել է երկաթգծի վրա: Օգնություն կանչող ձայներ լսելով` շատերի հետ դեպքի վայր է հասել նաև տուժողի տղան` 17-ամյա Դավիթ Սարգսյանը: Հասկանալով, որ դանակահարվածն իր հայրն է, փորձել է օգնություն ցույց տալ ու հենց այդ ժամանակ դանակի հարված է ստացել թիկունքից:
Հայր և որդի Սարգսյաններին մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխել են Մեծամորի հիվանդանոց, իսկ Արման Սահակյանը դեպքի վայրից դիմել է փոխուստի:
Կատարվածի առիթով ՀՀ ոստիկանության տրանսպորտի վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 113 հոդվածի հատկանիշներով:
Նալբանդյան գյուղի բնակիչների ասելով` Արման Սահակյանն աչքի է ընկնում ագրեսիվ վարքով, իսկ դանակահարությունը նրա կյանքում ոչ առաջին, ոչ էլ երկրորդ դեպքն է: Ըստ նրանց` սա Արմանի արդեն չորրորդ դանակահարությունն է, բայց քանի որ անցած դեպքերի ժամանակ գործը հիվանդանոցներին չի հասել` ծածկադմփոց են արել: «Էս մեկը դժվար մարսի»,-ասաց Հովհաննես ներկայացած տղամարդը:
Հայկուշ Ասլանյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել