Կենսատարածքի դիմաց բաց սահման
Արամ Մաթևոսյան
Սա է ի վերջո Հայաստան-հարևաններ խոսակցության առարկան: Ներկա իշխանությունը ընդունել է այդ առաջարկը ու հանրությանը նախապատրաստում է դրան: Սա նշանակում է, որ քսանամյա բլոկադայի արդյունքում մենք ճնշվեցինք ու ընդունեցինք մեզ թելադրվող պայմանը: Դա իհարկե մեր էլիտան փորձում է ներկայացնել ինքնասփոփիչ կարգախոսով: Ասելով որ, «սահմանները կբացվի կապրենք լավ»: Այս կարգախոսը հնչեցրել է դեռ առաջին նախագահը հեռավոր 1997 թվականին, և դա պարզվում է մնացել է գերիշխող մեր իշխանավորի հեռանկարային մտքում: Տասներկու տարով ջահել էր հայ ազգը այն ժամանակ ու ուժ գտավ արգելել այն ժամանակվա նախագահին, հեռացնելով նրան իշխանությունից:
Հիմա պարզվում է այդ ուժը մենք չունենք: Պարզվեց մենք հոգնեցինք երկարատև շրջափակումից ու հանձնվեցինք հաղթողի կամքին: Կարելի է այս ասվածը մի փոքր ընդարձակել ու եզրակացնել, որ հայ մարդը հիասթափվեց անկախ ու ազատ Հայաստան կոչվածից: Հոգնեց շարքային մարդը ներքին ու արտաքին ճնշումներից ու հաշտվեց ի վերջո կորստի մտքի հետ:
Հայաստանի ներկա նախագահը անարգել կստորագրի հայ թուրքական համաձայնագիրը ու դրանից հետո կբռնի Ղարաբաղի «փուլային» հանձնման ճանապարհը: Առաջին նախագահի վիրավորվածությունը հասկանալի է իր համայնքից: «Եթե դա էր լինելու լուծումը, ապա ինձ էլ ինչի՞ ինձ հանեցիք նախագահությունից»: Մարդն ասաց դա պարզ վերջին հանրահավաքում: Նա, իհարկե իրավունք ունի նեղանալու, առավել ևս երբ նեղանում է ինքն իրենից:
Ըստ իս քաղաքական մի քանի գործիչներ ԼՏՊ, Րաֆֆի Հովհաննիսյան և այլն իրենց վրայից ցած դրին հավաքականության հանդեպ ունեցած պատասխանատվության բեռը: Դա ըստ իս արեցին նաև հիսունից ավելի բազմերանգ կուսակցապետերը:
Դերակատարումն ու հանրային հարգանքը կորցրած մի քանի կուսակցություններ ու անհատներ էլ կեղծ հայրենասիրական միմոսությամբ են զբաղված հրապարակներում: Պարզվեց նաև, որ տասը միլիոնանոց հայությունը միֆ է, երկիր Նաիրին էլ ֆիկցիա նորօրյա մազութի համոների ուղեղում:
Յոթ միլիոնանոց սփյուռքահայության ընդվզումը արտահայտվում է Մայր Հայրենիքում կազմակերպած մի քանի մարդու հացադուլով: Թե այս դեպքում ում են ուզում «լացացնել» սփյուռքի մեր հայրենակիցները դա էլ կմնա պատմական գաղտնիք: Ի°նչ է նրանց ասածը, սահմանը փա՞կ պահենք:
Մենք չենք փակողն ու բացողը, ոչ էլ իրենք են: Սահմանը փակ պահելը միջոց չի ձուլումից խուսափելու: Էթնիկ ու մշակութային էքսպանսիաների դեմ պայքարելու նման ձևը արգելում է քաղաքակիրթ աշխարհը: Նա ինքնապաշտպանության մշակված այլ ձևեր ունի, որը հասու չի մեզ, ոչ էլ մենք ուզում ենք դա հասկանալ ու անել:
Եվ հայ սփյուռքը փոխարենը ռեալ միջոցներով կամք հանդես բերի, բավական աննկատ ուզում է հողապահպան միսիան դնել պատմական Հայրենիքի աբորիգենի վրա: Բոլոր դեպքերում ազատագրված տարածքների հանձնումից հետո կուժեղանա ադրբեջանական պրեսինգը, ինչը կստիպի հայերին գնալ դեպի թուրքական ընդարձակություն: Թուրքիան տևական ժամկետում բառացիորեն մի քանի տասնամյակում կգցի հայերին տարալուծելու հիմքերը:
Ադրբեջանը առաջիկա տասնամյակներում զբաղվելու է փախստականների, նախ մերձղարաբաղյան հողերում, ապա բուն Ղարաբաղում վերաբնակեցնելու խնդրով: Թուրք ու ազերի էթնոխմբերը ունեն աճման տենդենց և բնականաբար նաև բնակելի տարածքների օրինական պահանջ: Մենք չունենք: Նման դրված խնդիր մենք չենք ունեցել պատմականորեն և չենք ունենա ամենայն հավանականությամբ:
Ես բազմիցս եմ գրել էլիտայի պատասխանատվության ու դերի մասին: Ես չգիտեմ ինչ են տեսնում մեր մտքի ստրատեգները կամ էլ խելացիորեն լռողները, բայց ես շատ տխուր հեռանկարներ տեսնում եմ այս մեր հոգնած վիճակի մեջ: Ղարաբաղյան ֆենոմենը ըստ իս հավատ չի ներշնչում արդեն, որի մասին ակնարկեց համաժողովրդական առաջնորդը:
Իշխանավարության կարճ ինտերվալում ղարաբաղյան թևը հեռանկարային կառուցողական միտք հանդես բերել չկարողացավ: Տրվեց նյութականին: Նախնական խնդիրը չիրագործվեց ու գոյատևմանն անհրաժեշտ բավարար ֆիզիկական մարմին ունենալու պրոյեկտը տապալվեց ըստ ամենայնի: Թարմ լիցք ներարկելու փոխարեն նա շարունակեց ընկճել ու հարստահարել իր հայրենակցին :
Հարստահարվեց մարդը, հարստահարվեց մարդուն սնող հողը: Ազգային պրոյեկտի ձախողման մասին առաջին նախագահի բերանից հնչած ահազանգը իմ հայրենակցին թվում է անհավաստի: Այդ ձախողման մասին հիմա ահազանգում է Հայաստանի շարքային քաղաքացին: Եվ ասում եմ, որ միայն քաղաքացիական լուրջ դիմակայումը կարող է առնել սպասվող աղետի դեմը: Վտանգը ներսում է:
Հրապարակում հիմա առկա չեն քաղաքական փորձ ու հմտություն ունեցող շարքային անձինք: Նրանք ովքեր ունեն այդ փորձը չունեն անհրաժեշտ կամք: Շարքային մարդը պետք է մի փոքր հաղթահարի ինքն իրեն ու պիտի կարողանա վեր կանգնել ինքն իրենից: Կամք հանդես բերել նշանակում է զրկել ինքն իրեն հանապազօր կենսական պահանջից:
Այդ կամքը չունի այսօրվա իշխող էլիտան: Պարտվողականությունը դարձել է այդ էլիտայի կրեդոն: Հանուն հավաքական անվտանգության այդ էլիտան հրաժարվել չի կարող իր բարեկեցիկ վիճակից: Ազատագրված տարածքը քանդվեց ու կողոպտվեց հանցագործ կերպով, այն դեպքում, երբ այն պետք էր շենացնել:
Շարքային մարդը պետք է իր ձեռքը վերցնի ղեկը ու սոցիալական լուրջ ռեֆորմներով պիտի վերականգնի հավատը պետականության նկատմամբ: Պետք է հրաժարվի կեղծ միջնորդներից ու բլոկադային վիճակում թելադրվող քայլերը պետք է դարձնի զարգացման խթան: Հաջողության կարող է հասնել միայն սոցիալական արդար կազմակերպված հանրությունը:
Ոչ հայ եկեղեցին, ոչ էլ հայ իշխանավորը հավաքականության անվտանգության բանաձևը հաստատել չուզեցին: Շարքային քաղաքացուն մնում է մի ելք: Նա պիտի գտնի ու ապավինի իր տեսակին: Պետք չի հավաքվել հրապարակներում: Ժամանակակից կապի միջոցները թույլ տալիս են անել հաղորդակցված ցանկացած բան: Շարքային քաղաքացիներին այս պահին կարող է միավորել պարզ մի հանգամանք: Դա կենսական անհրաժեշտ տարածքի պահպանումն է, որը մի բառով կոչվում է Հայրենիք:
24 սեպտեմբերի 2009թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել