HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծանր հանցագործության դիմաց՝ համաներում

Սոնա Մաշուրյան Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվում է քրեական գործ  Քրեական օրենսգրքի 308` Պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ 349`  Ապացույցները կեղծելու  հատկանիշներով: Ըստ ԱԱԾ այսօր  տարածած պաշտոնական հաղորդագրության, սեպտեմբերի 23-ին ԱԱԾ մարմինների կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյունքում այդ գործի քննության շրջանակում ձերբակալվել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի կարևորագույն գործերով ավագ քննիչ, ոստիկանության մայոր Բաբկեն Մարտոյանը: Վերջինս քաղաքացիներ Ա. Ավագյանի և Ռ. Բասմաջյանի առևանգման, նրանց նկատմամբ զենքի գործադրմամբ սպառնալիքներ կատարելու և վերջիններիս խոշտանգումների ենթարկելու փաստով հարուցված` իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, նպատակ ունենալով էապես խեղաթյուրել և դրանով իսկ կոծկել ծանր հանցագործության իրական հանգամանքներն ու գործով ձեռք բերված ապացույցները: Բաբկեն Մարտոյանը անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ գործով տուժողներին դրդել, ուղղորդել և թելադրել է իրականությանը չհամապատասխանող սուտ ցուցմունքներ: Այդ ցուցմունքների հիման վրա` վերոհիշյալ հանցագործությունները կատարելու փաստով կալանավորված մեղադրյալների արարքները Բ. Մարտոյանը վերաորակել է առավել մեղմ պատիժ նախատեսող հոդվածներով և դրանով իսկ ստեղծել նախադրյալներ` դատարանում նրանց նկատմամբ համաներում կիրառելու համար: Արդյունքում, հանցագործությունը կատարած անձինք դատարանի դահլիճից ազատ են արձակվել: Կայացած դատավճիռը բեկանելու նպատակով  Գլխավոր դատախազի կողմից բերվել է վերաքննիչ բողոք: Մեր ունեցած տեղեկություններով, հացի մասնավոր մի արտադրամասում տեղի էր ունեցել գումարի գողություն եւ պարզելու համար ով է կատարել գողությունը,  արտադրամասի ղեկավարները առեւանգել եւ բռնություն էին գործադրել նույն արտադրամասի աշխատակիցներ, գործով  տուժողներ Ռոբերտ Բասմաջյանի եւ Աննա Ավագյանի նկատմամբ: Փաստի  առթիվ Ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում 2009թ. փետրվարի 23-ին հարուցվել էր  քրեական գործ Քրեական օրենսգրքի  131՝ Մարդուն առեւանգելը եւ 235 հոդվածի՝ ապօրինի զենք, ռազմամթերք պահելը,  հատկանիշներով՝ տուժողների ցուցմունքների հիման վրա: Հետագայում տուժողները  հրաժարվել էին իրենց նախնական ցուցմունքներից եւ հայտարարել, որ առեւանգում չի եղել, ինչը  հնարավորություն էր տվել հանցագործություն կատարած անձանց նկատմամբ  ավելի մեղմ պատիժ նշանակել: Դա կասկածի տեղիք էր տվել, եւ գործով  հսկողություն իրականացնող դատախազը դեռեւս 2009թ. մայիսին գրավոր ցուցում էր տվել քննիչին լրացուցիչ հարցաքննել տուժողներինն եւ նրանց հարազատներին, հակասությունների դեպքում կատարել անհրաժեշտ առերեսումներ: Խնդիր էր դրվել պարզել, թե ինչ հանգամանքներից  դրդված տուժողները հայտարարում են, թե առեւանգման դեպք տեղի չի ունեցել, ու արդյոք հնարավո՞ր չէ, որ տուժողները որոշակի խնդրանքների, հատուցման դիմաց, սպառնալիքի ազդեցության տակ փոխեն իրենց ցուցմունքները, այդպիսով թեթեւացնելով մեղադրյալներին սպասվող  պատասխանատվության աստիճանը: Դատախազը  հանձնարարել էր նաեւ հարցաքննել դեպքին մասնակից, ականատես կամ դեպքի մասին  տեղեկություններ ունեցող այլ անձանց:  Այդուհանդերձ,  նախաքննական մարմինը հիմնավորված է համարել երկրորդ փուլում տրված  ցուցմունքները,  եւ գործը ուղարկել դատարան, որտեղ էլ ամբաստանյալների  նկատմամբ կիրառվել էր համաներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter