Նախագահը մեկնում է Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես, Բեյրութ, Դոնի Ռոստով
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Նախագահն ու Վեհափառը քննարկել են պետություն-եկեղեցի հարաբերություններին, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա զարացումներին վերաբերող հարցեր:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ գործընթացը թեւակոխել է մի շատ կարեւոր` հասարակական-քաղաքական քննարկումների փուլ: Սերժ Սարգսյանը նշել է, որ գնալով ընդլայնվող քննարկումներն ինքնին շատ օգտակար են, քանի որ, անկախ այն բանից` հրապարակված արձանագրությունները կստորագրվեն թե` ոչ, կվավերացվեն, թե` ոչ, քննարկումները լավ հարթակ են` խոսելու մեր հարաբերությունների եւ խնդիրների մասին:
«Իհարկե, դրանցում կան հուզական երեւույթներ եւ տարրեր եւ այլ կերպ լինել չի էլ կարող, քանի որ մեր ժողովրդի մի հսկայական հատված հանդիսանում է ցեղասպանության ենթարկված մարդկանց սերունդ:
Բացի այդ, սահմանից այն կողմ մեր սրբություններն են, մեր եկեղեցիներն են, մեր մայրաքաղաքն է, իսկ շատ շատերի` նաեւ պապենական տների մնացորդները:
Ես սա հասկանում եմ, քանի որ շատ պարագաներում ինքս էլ ներքուստ պայքարում եմ իմ հույզերի հետ: Բայց, այդուհանդերձ, համոզված եմ, որ այս քննարկումներն անհրաժեշտ են»,-ասել է երկրի ղեկավարը:
Սերժ Սարգսյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկացրել է, որ հոկտեմբերի մեկից մեկշաբաթյա այցելությունների շարք է սկսելու Փարիզի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Բեյրութի ու Դոնի Ռոստովի հայկական մեծ գաղթօջախներ` լսելու տեղի եւ համեմատաբար մոտ գտնվող այլ գաղթօջախների հայության կարծիքն ու տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Գարեգին Երկրորդը ողջունել է Նախագահի համահայկական ուղեւորության նախաձեռնությունը:
«Սփյուռքը մեր ժողովրդի կարեւոր եւ անբաժանելի մասն է, եւ ճիշտ է, որ Սփյուռքի մեր զավակները, ովքեր այս օրերին նույնպես բուռն քննարկում է են հայ-թուրքական նախաստորագրված փաստաթղթերը, հնարավորություն ունենան անձամբ Ձեզանից պատասխաններ լսելու իրենց հուզող հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ Դուք հաղորդ դառնաք Սփյուռքի մեր զավակների մտածումներին, տեսակետներին եւ մտահոգություններին»,- ասել է Վեհափառը:
Կաթողիկոսը հայտնել է, որ Գերագույն հոգեւոր խորհուրդն առաջիկա նիստում քննարկելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, նախաստորագրված փաստաթղթերը եւ հանդես է գալու համապատասխան հայտարարությամբ:
«Մեծարգո Նախագահ, մաղթում ենք Ձեզ հաջողություններ: Աստծո օրհնությունն ու օգնականությունը Ձեզ այս կարեւոր ճամփին»,-ասել է Վեհափառը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել