Լեւոն Բարսեղյանն ընդդեմ ՀՀ նախագահի աշխատակազմի
Այսօր ժամը 15:00-ին, ՀՀ Վարչական դատարանում սկսվելու է Լեւոն Բարսեղյանն ընդդեմ ՀՀ նախագահի աշխատակազմի ` տեղեկատվություն տրամադրելուն պարտադրելու պահանջի մասին դատաքննությունը:
Հայցվորը ստիպված է եղել դիմել Վարչական դատարան, որովհետեւ ՀՄԿ տնօրեն Ջ.Դանիլովիչին` 2008 թվի մարտի կեսերին հղած Ռ.Քոչարյանի նամակը ստանալու համար ՀՀ նախագահի աշխատակազմին հղած 4 տեղեկատվական հարցումները, երկու բողոքներն ու հայտարարված պարգեւագումարները (0,5 եւ 1 մլն դրամ) արդյունք չեն տվել:
ՀՀ Նախագահի աշխատակազմի անհեթեթության հասած հակասական պատճառաբանություններով արդեն 1,5 տարի է այդ նամակի բովանդակությունը գաղտնի է պահում հասարակությունից, ՀՀ նախագահի աշխատակազմը այս արտակարգ գաղտնիությունը երբեք չի պատճառաբանել այն հանգամանքով, թե որոնվող նամակում օրենքով սահմանված ինչ-որ գաղտնիք կա:
Դատաքննության նախնական նիստին (հուլիսի 9, 2009) ՀՀ Նախագահի աշխատակազմից դատականի նիստին որեւէ մեկը չէր ներկայացել:
Դատարան ուղարկված հայցի պատասխանում ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը գրել էր այն ամենը, ինչ գրված էր դեռ 2008 թվի օգոստոսի 19-ին Լ.Բարսեղյանի 3-րդ տեղեկատվության հարցման եւ ՀՀ Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության պետին հղված բողոքին ի պատասխան:
Այս պատասխանում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը տեղեկատվության տրամադրումից իրենց հրաժարումը բացատրում էր այն պատճառաբանությամբ, թե Ռոբերտ Քոչարյանի նամակը Ջոն Դանիլովիչին տեղեկություն չէ:
Կ.Կարապետյանը, ելնելով այս պատճառաբանությունից, դատարանից խնդրել է գործը քննել առանց իրենց մասնակցության: Դատարանը Ռ.Քոչարյանի նամակի տեղեկություն չլինելու ապացուցման բեռը դրեց պատասխանողի վրա:
Լեւոն Բարսեղյանի շահերը այս գործով ներկայացնում է փաստաբան Կարեն Թումանյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել