HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ճամբարակի մանկապարտեզում երեխաներն ամսվա մեջ 1-2 անգամ են ձու կամ նրբերշիկ ուտում

mank_25.09.09Հիմնական կերակուրը կարտոֆիլն ու փլավն է Մի քանի տարի առաջ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում գործում էր 12 մանկապարտեզ, սակայն այժմ մնացել է 2-ը: Ճամբարակի թիվ 3 մսուր-մանկապարտեզը գործող մանկապարտեզներից մեկն է, որը չի փակվել նույնիսկ այն  ժամանակ, երբ քաղաքը ռմբակոծվում էր ադրբեջանական դիրքերից: Այդ տարիներին մանկապարտեզը ապաստարանի է վերածվել: Երբ քաղաքը ռմբակոծվել է, երեխաներին իջեցրել են նկուղային հարկ, որտեղ առանձին սենյակներ է եղել յուրաքանչյուր խմբի համար: Այդտեղ ապաստանել են նաեւ քաղաքի բնակիչները: Այսօր մանկապարտեզում գործող 4 խմբեր հաճախում են թվով 95 երեխաներ: Պատերազմի տարիները մնացել են հեռվում, սակայն  մանկապարտեզից այսօր դարձյալ «պատերազմի հոտ» է գալիս: Ճիշտ է, պատերին կրակոցի հետքեր չկան, ոչ էլ տագնապ է հայտարարվում, սակայն մանկապարտեզի շենք մտնելուն պես անմիջապես խոնավության հոտ է բուրում: Շենքի տանիքը վնասված է ու անձրեւաջրերը հոսում են ներս: Խունացած պատերին փոքր ինչ այլ «տեսք» են տվել երեխաների նկարները: Մի քանի տարի առաջ մանկապարտեզի շենքը քաղաքապետարանի կողմից մասնակի վերանորոգվել է, սակայն դա չի օգնել եւ հիմնովին վերանորոգում է պետք: Անմխիթար վիճակում է գտնվում սանհանգույցը, իսկ բակի խաղահրապարակում մնացել են միայն հողում տնկված երկաթյա ձողերը: Երբ այցելեցինք մանկապարտեզ, աշխատողները երեխաների անկողինը պատուհանից կախել էին, որպեսզի արեւը գոնե ինչ որ չափով  «դուրս հանի» ներքնակի ու վերմակի խոնավությունը: 25.09.09 Միգուցե զարմանալի է, բայց այս վիճակից երեխաների ծնողները չեն բողոքում, քանի որ այլընտրանք չունեն եւ երեխաներին լավ պայմաններ չեն կարող ապահովել նույնիսկ իրենց տանը: «Եթե քեզ կթվա, որ մեր տները ըստուց լավ վիճակում ա` շատ-շատ կսխալվիս: Հմենի տներն էլ էս վիճակի մեջ ա: Ջրի մեջ ա կապրինք»,-ասաց ծնողներից Արմինեն: Նա գոհ էր մանկապարտեզից, քանի որ վարձն էլ է մատչելի` ամսական 1500 դրամ: Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանն ասաց, որ մանկապարտեզի վերանորոգման համար համայնքային բյուջեում գումարներ չկան: «Դիմել ենք մարզպետին նաեւ սոցներդրումների հիմնադրամի ղեկավարության հետ ենք խոսել: Ֆինանսների բացակայության պատճառով առայժմ ոչինչ չենք կարող անել»,-ավելացրեց Յու. Ավալյանը: s-melqumyan_25.09.09«Հետքի» հետ զրույցում մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Մելքումյանն ասաց, որ 1500 դրամը վարձավճար չի կարելի համարել, քանի որ վճարվածն ավելի շատ ծնողների կողմից մանկապարտեզին օգնություն է: Տնօրենը նաեւ ասաց, որ շատ ծնողներ 1500 դրամը վճարելու հնարավորություն չունենալով համարժեք բնամթերքով են հատուցում, ասենք` կարտոֆիլ, կաղամբ կամ այլ բանջարեղեն: «Մանկապարտեզի հիմնական ծախսը քաղաքապետարանն է իր վրա վերցրել եւ մեզ ամեն ինչով օգնում է: Ծնողների վճարած գումարով մենք հիմնականում սնունդ ենք գնում երեխաների համար»,-ավելացրեց Ս. Մելքումյանը: Իհարկե, այստեղի սնունդն էլ ոչնչով չի առանձնանում եւ երեխաներն ուտում են այն ամենն ինչ իրենց տանն են ուտում` փլավ, կարտոֆիլ, շիլա եւ այլն: Ամսվա մեջ 1-2 անգամ էլ ձու, միս ու նրբերշիկ են ուտում: Սակայն, ճաշերի տեսականին համեմատաբար հարուստ է լինում տոն օրերին: Վերջին «տոնական ճաշը» եղել է սեպտեմբերի 1-ին, երբ երեխաներն առաջին անգամ մտել են մանկապարտեզ: Նշենք, որ մանկապարտեզում է թխվում ամենօրյա երեխաների հացը: Մանկապարտեզում խնայողաբար են վերաբերվում ամեն ինչին, նույնիսկ խոհանոցի պատուհանագոգին կանաչիներ են չորացնում, որպեսզի ձմռանն օգտագործեն: bread_25.09.09 Այս ամենով հանդերձ մանկապարտեզը շարունակում է գործել: Գոնե այդպես երեխաները կտրվում են փողոցներից, քանի որ Ճամբարակում այլ զբաղմունք, մանկական այգի կամ կառուսելներ չկան: Տիկին Մելքումյանի փոխանցմամբ, այս օրերին երեխաները պատրաստվում են «Ոսկե աշուն» տոնահանդեսին, որը կնշվի հոկտեմբեր ամսին: Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզը եւս մեկ կարեւոր խնդիր ունի` լուծված չէ ջեռուցման հարցը: Կաթսայատունը նոր է կառուցվել եւ պատրաստ է շահագործման, սակայն գազի խողովակները մանկապարտեզի շենք չեն մտնում: Տնօրենը փոխանցեց, որ քաղաքապետը խոստացել է հարցին լուծում տալ եւ սպասում են համապատասխան ֆինանսական հատկացումներին: Մինչ քաղաքապետարանում որոշում են, թե երբ գումար հատկացնեն, ծնողներն արդեն հույսները կտրել են, որ այս տարի կկարողանան շենքը գազաֆիկացնել եւ բնականոն ջեռուցում ապահովել երեխաների համար: Ամեն տարի շենքը ջեռուցվել է փայտով եւ լիարժեք ջերմացում չի ապահովվել: Տնօրենի ասելով, ձմռանը մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը կտրուկ նվազում է, իրենք էլ ստիպված ամբողջ մանկապարտեզի համար 1-2 ամիս արձակուրդ են ձեւակերպում` մինչեւ օրերը տաքանում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter