Որոշել են փոխել իրենց նախարարներից մեկին
Թերթին հասած տեղեկություններով ԲՀԿ-ում վերջնակապապես որոշել են փոխել իրենց նախարարներից մեկին` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանին: Գագիկ Ծառուկյանն այս օրերին տարբեր մարդկանց հետ կոնսուլտացիաներ է անցկացնում` նոր թեկնածուի ընտրության հետ կապված:

Ըստ լուրերի` թեկանծուների թվում կան նաև ԲՀԿ կուսակցությանը չանդամագրված անձինք, սակայն կարծես թե ընտրությունը կանգ է առել ԲՀԿ ներկայացուցիչ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանի վրա: Թեև, ըստ տեղեկությունների, նա այնքան էլ ոգևորված չէ այդ առաջարկով:
Փաստաբանին ձերբակալել են
Նախօրեին ձերբակալվել է մոտ երկու տարի հետախուզման մեջ գտնվող փաստաբան Աշոտ Աթոյանը, որը մեղադրվում է խարդախության մեջ: Նրան ձերբակալել են սեփական բնակարանում: Երեկ դատարանը պետք է նրան կանաքի սանկցիա տար, սակայն նիստը հետաձգվել է: Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն ասաց, որ իրեն չեն տեղեկացրել Աթոյանի ձերբակալության մասին, թեև փաստաբան Աթոյանի արտոնագիրը դադարեցված չէ:
Դիվանագիտական «շախմատը» զուգակցվում է շանտաժով
Որքան մոտենում է հայ-թուրքական հարաբերությունների համար վճռորոշ հոկտեմբերը, այնքան Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանը դառնում է ավելի հավակնոտ ուհարձակողական, իսկ այդ երկրի արտաքին քաղաքականությունը` էլ ավել բարդ ու անկանխատեսելի:
Եվ խնդիրն այստեղ միայն այն չէ, որ Ռ. Էրդողանը համառորեն փորձում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը պայամանավորել Ղարաբաղի հարցի կարգավորմամբ: Սա, այսպես ասած, սառցալեռան երևացող մասն է, իսկ նրա խորքում նկատվում է ստեղծված կացությունից Թուրքիայի համար նաև Եվրամիությանը «ուղեգիր քամելու» Ռ. Էրդողանի ու նրա թիմի նպատակադրումը:
Հայաստանի հետ հարաբերությունները «մեռյալ կետից» առաջ շարժվելու պատրաստակամության դրսևորումը դրականորեն է ազդել Թուրքիայի եվրոպական իմիջի վրա:
Ուստի թուրքական կողմին թվում է, թե կարելի է հասնել ավելիին, իսկ դա, նախ և առաջ, ԵՄ-ի հետ տարվող բանակցություններում բեկում մտցնելու ձև է:
Հետ է գալիս
Ինչպես փոխանցում են «Ժառանգության»` թերթի աղբյուրները, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները նախօրեից սկսել են ստորագրություններ հավաքել` Րաֆֆի Հովհաննիսյանին կրկին Ազգային ժողով վերադարձնելու համար:
Րաֆֆի Հովհաննիսյանը, ում պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումը ԱԺ նախագահը հրապարակեց սեպտեմբերի 15-ին, ըստ ԱԺ կանոնակարգի, կարող է վերադառնալ ԱԺ, եթե իր հրաժարականի դիմումը հրապարակելուց հետո 15-օրյա ժամկետում այն հետ չվերցնի: Սույն ժամկետը լրանում է սեպտեմբերի 30-ին:
Ըստ թերթի հավաստի տեղեկությունների` Րաֆիի Հովհաննիսյանը սեպտեմբերի 29-ին գալու է և հետ է վերցնելու իր մանդատը` խմբակցության անդամների խնդրանքով: Իսկ խմբակցության անդամների սույն քայլի նպատակն այն է, որ «Ժառանգության» վարչությունից հեռացված Մովսես Արիստակեսյանը, ով «Ժառանգության» համամասնական ցուցակով պետք է զբաղեցնի Հովհաննիսյանի տեղը, հանկարծ պատգամավոր չդառնա:
Դոլար են լցնում
Երկու օր ընդմիջումից հետո երեկ ՀՀ ԿԲ-ն կրկին խոշորածավալ արտարժութային ինտերվենցիա է իրականացրել շուկայում` բորսայում վաճառելով 7 միլիոն 780 հազար դոլար: Մեկ դոլարի գինը բորսայում անցել է 386 դրամը:
Ինչպես կանխատեսել էինք, դրամի արժեզրկման միտումները ԿԲ-ն կփորձի պայմանավորել ինչ-որ մութ ուժերի ստեղծած արհեստական աժիոտաժով: Հայլուրիկները արդեն այդ ոգով ծավալուն ռեպորտաժներ են հեռարձակել:
Սակայն դրանից իրավիճակը չի փոխվում` բազմաթիվ գործոնների ազդեցության տակ արժեզրկվող դրամի «կայունությունը» պահպանելու համար Կենտոնական բանկը միայն անցած երեք շաբաթների ընթացքում իրականացրել է ավելի քան 80 միլիոն դոլարի ինտերվենցիա: Երեկ, սակայն, չենջերում դոլարի վաճառքի գինը տեղ-տեղ հասել էր 389 դրամի:
Երեքական թեկանծուներ` երկու ընտրատարածքներում
Դեկտեմբերի 6-ին նշանակված ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար թեկնածուների առաջադրման փուլը շարունակվում է:
Երեկվա դրությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8 ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրել Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն այս ընտրատարածքում առաջադրվել էին նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն ու անկուսակցական Կորյուն Նահապետյանը:
Կոտայքի մարզի թիվ 25 ընտրատարածքում, որտեղից ժամանակին ընտրվել էր քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, ևս առաջադրվել է երեք թեկնածու: Նրանցից մեկը Հրազդանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հովհաննիսյանն է, մյուսը` Մհեր Հայրապետյանը: Երկուսն էլ անկուսակցական են: Ավելի վաղ այստեղ առաջադրման հայտ էր ներկայացրել նաև ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանը:
ՍԴ-ն ընդունել է «Ա1+»-ի դիմումը
«ՍԴ-ն ընդունվել է մեր ներկայացրած հայցապահանջը և քննությունը նշանակել դեկտեմբերին»,- այս մասին «Առավոտին» հայտնեց «Մելտեքս» ընկերության ներկայացուցիչ Արայիկ Ղազարյանը:
Բացի այդ` նաև հայտնեց, որ նոր զարգացումներ կան ԵԽ նախարարների կոմիտեի կատարողական վարույթում, որով պարբերաբար վերահսկվում է Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի` «Ա1+»-ի գործով վճռի կատարումը:
Արայիկ Ղազարյանը նաև հայտնեց. «Պատրաստվում է «Մելտեքսի» երկրորդ դիմումը ՄԻԵԴ` այն հիմքով, որ Հայաստանը չի կատարում վճիռը»:
Ստեփանակերտում օդանավակայան է կառուցվում
Արցախում քաղավիացիայի հեռանկարների մասին վաղուց էին խոսում: Վերջերս այդ խոսակցությունները դարձան իրատեսական, երբ ԼՂՀ ԱԺ-ին ներկայացվեց ԼՂՀ քաղավիացիայի մասին օրինագիծ, որին հաջորդեցին Ստեփանակերտում մեկնարկած օդանավակայանի շինարարական աշխատանքները:
Երևանում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն անցկացրել է խորհրդակցություն, որտեղ հստակեցվել է, որ Երևան-Ստեփանակերտ օդային կապը պետք է ապահովել ինքնաթիռներով:
Նախագահը ցանկություն է հայտնել, որ կառուցվելիք օդանավակայանը դառնա Արցախի լավագույն այցեքարտը: «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովն էլ տեղեկացրել է, որ ինքնաթիռն արդեն ձեռք է բերվել. Երևան-Ստեփանակերտ չվերթերը կսկսվեն օդանավակայանի պատրաստ լինելուն պես:
Մի քիչ կամաց գնա, գոզալ
ՀՀ Ոստիկանությունը պաշտոնապես զգուշացրել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած` փողոցը սխալ տեղով անցնող հետիոտն քաղաքացիները կտուգանվեն 3 հազար դրամով:
«ՉԻ» - Այ սա իսկապես խելացի որոշում է: Անցորդներն ահագին խանգարում են նորմալ երթևեկությանը: Խնդիրն ընդամենը այն է, որ փողոցը սխալ տեղով անցած քաղաքացին ամենևին էլ պարտավոր չէ գրպանում 3 հազար դրամ ունենալ (օրենքը նման պահանջ չի դնում):
Ավելին, օրենքը նաև պետավտոտեսուչին իրավունք չի տալիս անձնական խուզարկության ենթարկել անցորդներին: Նա չի կարող նաև քաղաքացիների ինքնությունը պարզել, որովհետև քաղաքացիները պարտավոր չեն անպայման անձնագիր ունենալ իրենց մոտ: Այնպես որ` անցորդների 3 հազարական դրամներով բյուջեն լցնելը շատ դժվար է լինելու:
Մեծ հաշվով, այստեղ երկու ելք կա. կամ ոստիկանները պիտի հետիոտն քաղաքացիներին տանեն «պլաշչադկա» ու մի լավ ծեծեն (մինչև փրկագինը վճարվի), կամ էլ քաղաքացիների կոշիկները պիտի այսուհետ համարվեն տրանսպորտային միջոց և երթևեկության կանոնների խախտման դեպքում տեղում առգրավվեն ու ծակվեն (ինչպես ժամանակին տալոններն էին ծակում):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել