Դատարանը բավարարել է ինքնաբացարկի միջնորդությունը
Փաստաբաններ Դիանա Գրիգորյանի, Արա Զաքարյանի եւ Արթուր Գրիգորյանի դատական գործում անակնկալ շրջադարձ է կատարվել. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը երեկ բավարարել է ինքաբացարկի միջնորդությունը, սա նշանակում է, որ փաստաբանների գործը քննելու է մեկ այլ դատավոր:Փաստաբանները մեղադրվում են քրեական օրենսգրիք 343 հոդվածի 1-ին մասով` «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելը»: Հիշեցնենք, որ մարտի 1-ից հետո սկսված «Պիցցա դի Ռոմա»-ի գործով դատական քննության ժամանակ Արթուր Գրիգորյանը, Արա Զաքարյանը եւ Դիանա Գրիգորյանն իրենց պաշտպանյալների պահանջով լքել էին դատական նիստերի դահլիճը: Դա էլ դիտվել էր որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում:
Մեղադրվող փաստաբան Դիանա Գրիգորյանի պաշտպանի կողմից դատավոր Մխիթար Պապոյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը հիմնավորված է եղել նախ նրանով, որ դատարանը բավարար ժամկետ չէր տրամադրել պաշտպանական կողմին միջնորդություններ ներկայացնելու համար` փաստացի զրկելով մեղադրյալին լիարժեք պաշտպանվելու իրավունքից:
«Ինքնաբացարկի միջնորդության համար մենք որպես հիմք նշել էինք, որ քրեական գործում կա տեղեկանք, որտեղ նշված է, որ քննիչը դատավոր Եվա Դարբինյանից փորձել է ցուցմունքներ վերցնել, Դարբինյանն ասել է, որ ինքը ցուցմունք կտա, եթե միայն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը թույլտվություն տա: Քրեական պալատի նախագահը թույլտվություն չի տալիս, փաստացի ազդել է վկայի վրա, եւ նա հրաժարվել է ցուցմունք տալուց»,- «Հետքին» տված հարցազրույցում ասաց Դիանա Գրիգորյանի պաշտպան Արամազդ Կիվիրյանը:
«Դատարանը չի անդրադարձել այս հարցին, այդ հիմքով դատարանը պարտավոր էր քրեական գործ հարուցել, քանի որ փաստացի առկա էր վկայի ճնշում»,- համոզված է պաշտպանը:
«Դատարանը նաեւ չի անդրադարձել քրեական գործի կարճման հիմքերին, քանի որ այն հոդվածը, որով մեղադրվում է իմ պաշտպանյալը` այդ հոդվածում հստակ ասվում է` չարամտորեն, իսկ մեր պաշտպանյալները չարամտություն չեն ունեցել»,- ասում է Արամազդ Կիվիրյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել