HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լավ թերթ ենք ունենալու»,- խոստանում է Էդիկ Բաղդասարյանը

e-baghdasaryan_25.09.09Երեկվանից կրպակներում է «Հետք» շաբաթաթերթը: Թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն այսօր «Հայելի» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ «Հետքը» գոյություն ունի արդեն ութ տարի` էլեկտրոնային տարբերակով: «Այսուհետ աշխատելու ենք երկու ճակատով` շաբաթաթերթի տեսքով և ինտերնետային «Հետք» օրաթերթը:

Նյութեր կան, որոնք կտեղադրվեն կայքէջում, սակայն շաբաթաթերթում չեն լինի: Թերթի նյութերը հիմնականում տարբերվելու են ինտերնետային տարբերակից: Նյութեր կլինեն, որոնք էլ հատուկ չենք դնի ինտերնետում, միայն թերթում կտպագրվեն: Այդ հարցերը դեռևս վերջնական կարգավորված չեն: Տպագիր «Հետքի» նյութերը մենք ինտերնետում մոտ մեկ շաբաթ ուշ կտեղադրենք»,- ասաց նա: Բավականին դժվար այս շրջանում թերթ տպագրելը Է. Բաղդասարյանը բացատրում է նրանով, որ մարդիկ կան, որոնց ինտերնետը հասու չէ: Օրինակ` հեռավոր մարզերում շատերն են ցանկանում կարդալ «Հետքի» նյութերը, սակայն չեն կարողանում, քանի որ ինտերնետ չունեն: «Թիրախ խումբը մեզ համար եղել են ինտերնետ չունեցող մարդիկ, որոնք մի քանի անգամ ավելի շատ են ինտերնետից օգտվող մարդկանցից»,- ասում է Է. Բաղդասարյանը: Խմբագրի հավաստմամբ` «Հետքի» խնդիրը մնացել է նույնը` «գրել լավ հոդվածներ ամեն ինչի մասին, հրապարակել միայն ստուգված փաստեր, լինել պատասխանատու, չհայհոյել և ունենալ արձագանքներ` առաջին հերթին ընթերցողներից ու ստիպել պետական մարմիններին` «Հետքի» բարձրացրած հարցերին արձագանքել ու լուծումներ տալ»: Է. Բաղդասարյանը հավաստիացրեց, որ իրականում «Հետքի» շատ հոդվածներում բարձրացրած հարցերը լուծում են ստանում: Անդրադառնալով «Հետք» շաբաթաթերթի ֆինանսական միջոցներին` Է. Բաղդասարյանը նշեց, որ 2000 տպաքանակ ունեցող թերթի միակ հույս բաժանորդագրությունն է` աշխատում են, որ սփյուռքահայերը բաժանորդագրվեն հեռավոր գյուղերի համար: «Այսօր մեծ խնդիր է այն, որ, օրինակ, Ջավախք չենք կարողանում թերթ տանել: Ղարաբաղի հետ կապված մեծ խնդիրներ կան` ֆինանսների փոխանցման առումով: Հույսներս նաև գովազդների վրա է: Սփյուռքահայ նվիրատուներ ունենք, որոնք մեր ընթերցողներն են: Այստեղից ոչ ոքի հետ կապ չունենք, որևէ կլանի, կուսակցության մեջ չենք մտնում»,- ասաց նա: Էդիկ Բաղդասարյանը խոստանում է, որ «Հետք» շաբաթաթերթը տարբերվելու է ամեն ինչով: Թերթում կլինեն նյութեր հասարակ մարդկանց մասին: «Հետքի» հիմնական նյութը մարդն է, մարդկային պատմությունը: «Գրում ենք կոռուպցիայի մասին, դատավորների, քրեական գործերի, էկոլոգիական նյութեր ենք գրում: Մենք մեր գրածի ետևից նաև գնում ենք: Տարեկան գոնե մեկ-երկու շատ լավ հետաքննական նյութեր ենք խոստանում, որոնք մեծ աղմուկ կհանեն: Ես կարծում եմ, որ մենք կճեղքենք այս դաշտը, մեր տեղը կգտնենք: Կարծում եմ` լավ թերթ ենք ունենալու»,- ասաց նա: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter