HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Խմբագիրները շանս չեն տալիս մեր լրագրողներին` լավ նյութեր անելու»

hetq_conference_25.09.09«Մեզ նման ինտերնետային թերթ, այդ ֆորմատի` չկա: Լրատվություն տվողներ կան, բայց որ հոդվածներ են գրում, չկան»,- անդրադառնալով էլեկտրոնային լրատվամիջոցների միջև մրցակցությանը` այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հետք» շաբաթաթերթի և համանուն ինտերնետային կայքէջի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

Վերջինի խոսքով` բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցներն էլ «Հետքին» մրցակից են, սակայն իրենք այդ մրցակցությունից չեն վախենում, քանի որ գիտեն` ինչպես զբաղվել ժուռնալիստիկայով: «Ցավոք, մեր հասարակությունը շատ քաղաքականացված է, ամենաշատ ընթերցվող նյութերը քաղաքականն են` սկանդալներ և ինտրիգներ: Իսկ մենք նման նյութերին շատ տեղ չենք տալիս, երևի դրա համար մեր ընթերցողների մի մասին կորցնում ենք: Բայց ինձ համար, իրոք, Ճամբարակի որևէ գյուղացու կարծիքը պակաս կարևոր չէ, քան որևէ պատգամավորի կարծիք»,- ասաց Է. Բաղդասարյանը: «Հետքն» առանձնանում է համարձակ բացահայտումներով, հաճախ է անդրադառնում օլիգարխների, չինովնիկների կողմից կատարված օրինախախտումներին: Հետապնդումներ, Է. Բաղդասարյանի խոսքով, եղել են: Սակայն դրանք ավելի շատ էին մի քանի  տարի առաջ: Խմբագրի կարծիքով` հավանաբար արդեն հասկացել են, որ այդ սպառնալիքների փուլն անցել է: «Բոլոր թերթերի նկատմամբ էլ դա լինում է: Հիմա բոլորը գիտեն, որ միջնորդով, օրինակ, չեն կարող կասեցնել մեր թերթում որևէ հոդվածի հրապարակում: Մենք գործարքի չենք գնում: Վախեցնելու համար էլ` երեխա չենք, արդեն քանի տարվա փորձառու լրագրողներ ենք: Իրականում լրագրողները Հայաստանում ամենապաշտպանված խավն են, քանի որ մենք կարողանում ենք գրել, խոսել, քննարկել: Իսկ, օրինակ, որևէ  մարզի քաղաքացու նկատմամբ երբ բռնություն է իրականացվում, ո՞վ է իմանում: Սովորական քաղաքացիներն ավելի անպաշտպան են»,- ասաց նա: Այսօր լրագրողները հաճախ խնդիրներ են ունենում գերատեսչությունների  հետ տեղեկատվություն ստանալիս: Է. Բաղդասարյանի հավաստմամբ` իրականում երբ ասում են, թե որևէ գերատեսչություն բաց է, դրանք հեքիաթներ են: Երբ «Հետքի» լրագրողներին ինֆորմացիա է անհրաժեշտ լինում, մեծ դժվարությամբ են ստանում: «Մենք կոնկրետ հարցերի պատասխաններ ենք փորձում ստանալ, ու վախենում են պատասխանել, քանի որ գիտեն, թե դրանից ինչ է դուրս գալու: Իրականում բոլոր կառույցները փակ են: Հիմա պաշտոնյաները նոր բան են սովորել, ասում են` հարցը գրավոր տվեք: Երբևէ փորձե՞լ եք Երևանի գլխավոր ճարտարապետից ինֆորմացիա ստանալ: Փորձեք. երբեք Ձեր հարցի պատասխանը չեք ստանա: Մեկ ամիս է` նախագահի խորհրդականից ինֆորմացիա չեմ կարողանում ստանալ: Ինձ ասացին, որ Անդրանիկ Մանուկյանը գործուղման մեջ է, բայց ես այդ օրը քաղաքում` հանրային միջոցառման ժամանակ տեսա նրան»,- ասաց նա: ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը վերջերս լրատվության մասին օրենքի նախագիծ էր ներկայացրել ԱԺ: «Հետքի» խմբագիրը, սակայն, գտնում է, որ Հայաստանում օրենքի խնդիր չկա: «Ո՞վ է Հայաստանում օրենքով ապրում: Այսօր բոլոր պատգամավորները բիզնես ունեն: Դալլաքյանն ինչո՞ւ է մամուլի մասին մտածում: Թող իր կողքին նստածների մասին մտածի»,- ասաց նա: Է. Բաղդասարյանի համոզմամբ` Հայաստանում իրականում օրենք չի գործում: Շատ է խոսվում կաշառակերության մասին, մինչդեռ կաշառակերությունը հենց «վերևներից» է գալիս: «Քաղաքապետերի որոշումները նայեք հողհատկացումների մասին: Ուկրաինայի դեսպան Արմեն Խաչատրյանը մոտ 10 հեկտար հող է վերցրել Բաբայան փողոցի այգում: Քաղաքապետը հողը տվել էր, որ Աճառյան համալսարանը կառուցվի: Գնացեք, տեսեք, թե ինչեր են կառուցվել այնտեղ: Ու այդ հողերը տվել են անվճար, երբ այդ տարածքում հողի 1 քմ-ի արժեքը 2000 դոլար է: Կոռուպցիա է: Ինչ-որ մեկին 200 դոլարի համար  բռնում են ու աղմուկ հանում, կարծես թե կոռուպցիան այդ 200 դոլարն է: Կոռուպցիան իրականում կառավարության որոշումների, օրենքների մեջ է: Ես որևէ եվրոպական երկրում այսքան թանկարժեք մեքենա չեմ տեսել, ինչքան Երևանում»,- ասաց նա: Արտասահմանցի լրագրողների հետ շփվելիս Է. Բաղդասարյանը եկել է այն եզրակացության, որ մենք շատ լավ լրագրողներ ունենք` ավելի ճկուն, քան արտասահմանցի լրագրողները: «Պարզապես մեր թերթերն ու խմբագիրները շանս չեն տալիս մեր լրագրողներին` լավ նյութեր անելու: Համալսարանում հիանալի երեխաներ կան, հենց մտնում են թերթ, մի ամիս հետո նրանցից ոչինչ չի մնում: Ես տեսնում եմ, թե իմ ուսանողն ինչ հոդված է գրել: Ասում է` մեզ ասում են` այսպիսին է պետք, այդպես գրեք: Թերթերի ղեկավարներն են փչացնում այդ միջավայրը: Լրագրողը նոր ավարտել է ու եկել, ո՞նց կարող է փչացած լինել:Միջավայրում են փչանում»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter