HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Միացում» Ազգային նախաձեռնության հայտարարությունը

ԵԱՀԿ «Մինսկի խմբի» համանախագահող երկրների նախագահների` հայ ժողովրդի դեմ նոր ցեղասպանություն հրահրելու վերաբերյալ

Արձանագրելով արցախյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ «Մինսկի խմբի» մշակած և համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարությամբ հրապարակված «Մադրիդյան սկզբունքների» ակներև անհամատեղելիությունը Հայոց պետականության գոյութենական շահերին, Հաշվի առնելով, որ «Մադրիդյան» հորջորջված սկզբունքերի ամբողջական կամ մասնակի իրագործումը հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար հղի է համապարփակ բնույթի կործանարար հետևանքներով, այդ թվում.

- ՀՀ և ԼՂՀ պաշտպանունակության վերացմամբ, - խաղաղ բնակչության անվտանգության միակ երաշխիք հանդիսացող ներկայիս ռազմաքաղաքական փոխհավասարակշռության համակարգի ամբողջական փլուզմամբ, - որպես վերոնշյալ կետերի անմիջական հետևանք` ՀՀ և ԼՂՀ  դեմ Թուրքիայի համակողմանի աջակցությամբ Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիայի վերսկսման անխուսափելիությամբ, - անվտանգության բացարձակ կորստյան պայմաններում ԼՂՀ և ՀՀ զգալի հատվածի խաղաղ բնակչության շուտափույթ և անդառնալի հայաթափությամբ, - ՀՀ քաղաքական և ռազմական համընդհանուր շրջափակման խորացմամբ: Փաստելով, որ ՀՀ և ԼՂՀ դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի կասեցման և ՀՀ միջազգային իրավունքով վերապահված տարածքների մի մասի ազատագրման շնորհիվ ձևավորված ռազմաքաղաքական փոխհավասարակշռության համակարգի միակողմանի ոչնչացման դիմաց առաջարկվող «խաղաղապահ գործողությունն» իսպառ անընդունակ է ադրբեջանաթուրքական ցեղասպանական նկրտումներից ՀՀ-ին և ԼՂՀ-ին պաշտպանելու, Անհեթեթ և ապօրինի գնահատելով միջազգային բոլոր հիմնարար ակտերի հիման վրա ինքնորոշված և միջազգային իրավունքով ՀՀ վերապահված տարածքի մի մասում բնակվող ՀՀ արցախաբնակ քաղաքացիներին անորոշ «կամարտահայտությամբ» իրավազրկելու փորձերը, Հաստատելով, որ ԵԱՀԿ «Մինսկի խմբի» համանախագահող երկրների նախագահների հետապնդած հայ-թուրքական «հաշտեցումը» միտված է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը վիժեցնելուն և հայ ժողովրդի ցեղասպանական բնաջնջման հետևանքով ձևավորված այժմյան տարածքային ապօրինի իրողություններն իրավաբանորեն ամրագրելուն, «Միացում» ազգային նախաձեռնությունը հայ ժողովրդի հայրենաբնակ և սփյուռքաբնակ հատվածների անունից, առաջնորդվելով տարածաշրջանում երկարատև խաղաղություն, կայունություն և միջազգային իրավունքի գերակայությունը վերականգնելու անկոտրում կամքով, փաստում է, որ «Մադրիդյան սկզբունքներին» և հայ-թուրքական կեղծ «հաշտեցմանը» պաշտոնական հավանություն արտահայտած ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին վարում են հայ ժողովրդի հերթական ցեղասպանություն հրահրելու և Հայոց պետականությունը կործանելու փոխհամաձայնեցված քաղաքականություն: «Միացում» ազգային նախաձեռնությունը զգոնության և սթափության կոչ է հղում ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներին` զերծ մնալու հայ ժողովրդի նոր ցեղասպանություն սադրելու փորձերից, հրաժարվել ընթացիկ աշխարհաքաղաքական կասկածելի օգուտները քաղելու ակնկալիքով թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը սատարելու հանցավոր ոտնձգություններից և ձեռնամուխ լինել տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմանը և  Հայաստանի Հանրապետության ցեղասպանությամբ ոտնահարված իրավունքների համակողմանի վերականգնմանը:

«Միացում» ազգային նախաձեռնություն` ի դեմս Ալեք Ենիգոմշյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Զարուհի Փոստանջյանի, Գրիզելդա Ղազարյանի, Սեդա Մելիքյանի, Տիգրան Խզմալյանի, Ալեքսանդր Քանանյանի 25-ը սեպտեմբերի 2009թ., Երևան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter