
Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ արցախյան պատերազմի առաջին խմբի հաշմանդամներին ձեռքի կառավարման ավտոմեքենաների հանձնման հերթական արարողությունը, որը 5-րդն է արդեն: Այս անգամ ավտոմեքենաներ հանձնվեցին 6 հաշմանդամների, որոնցից 4-ը Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, իսկ մեկական` Մարտունու եւ Մարտակերտի շրջանի:
Այս անգամ ավտոմեքենաները հաշմանդամներին են տրամադրվել մոսկվաբնակ գործարար, «Լուդինգ» ընկերության նախագահ, ծնունդով արցախցի Արթուր Վարժապետյանի հովանավորությամբ: Հովանավորն այսօր անձամբ հանձնեց մեքենաների բանալիները: Գործարարը նշված ծրագրի շրջանակներում երկրորդ անգամ է հանդես գալիս նման բարեգործությամբ: Նախորդ անգամ նրա հովանավորությամբ ավտոմեքենաներ են տրամադրվել 8 հաշմանդամների:
Երկու անգամ էլ նման բարեգործությամբ հանդես է եկել հայաստանաբնակ գործարար Սուրեն Ավագյանը: Մեկ անգամ էլ հաշմանդամների համար մեքենաների ձեռքբերումն իրականացվել է պետական միջոցներով:
Այսպիսով, վերոնշյալ ծրագրի առաջին փուլում ավտոմեքենաներ են հանձնվել 39 առաջին խմբի հաշմանդամ ազատամարտիկների: Ինչպես արարողության ժամանակ շեշտեց ԼՂՀ սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը, սրանով ավարտվում է ծրագրի առաջին փուլը, որը նախարարի հավաստմամբ, շարունակական բնույթ կկրի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել