
«Ցավալի ճշմարտություն է, որ 18 տարի անկախ պետություն ունենալուց հետո, մեզ բախտորոշ ու ճակատագրական ժամանակներ են սպասվում»,- այսօր Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 19-րդ համագումարի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Միջազգային հարաբերություններում Հայաստանի պարտվողական դիրքի համար Տեր-Պետրոսյանը մեղադրեց իշխանություններին: «Սա դասական բռնապետություն է` քրեական բոլոր հատկանիշներով»:
Տեր-Պետրոսյանի խոսքով` Սերժ Սարգսյանը Հայաստանի յուրաքանչյուր քաղբանտարկյալի համար վճարում է Թուրքիային եւ Ադրբեջանին` զիջումներով: «Ոչ մի հանցանք անհատույց չի մնում: Ո՞ւմ գրպանից պետք է հատուցվի, հատուցվում է ազգի գրպանից,- ասաց առաջին նախագահը,- Նախկին Խորհրդային Միության պետություններում, բացի միջին ասիական երկրներից ու Ադրբեջանից, քաղբանտարկյալներ չկան: Մենք պետք է նրանց դասին պատկանե՞նք»:
Անդրադառնալով երկրի տնտեսական իրավիճակին` Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Հայաստանը նախկին Խորհրդային Միության երկրներից ամենաբարձր տնտեսական անկում արձանագրած երկիրն է`18.5 տոկոս: «Ի՞նչն է պատճառը, երբ Հայաստանը Խորհրդային Միության գոյության տարիներին համարվում էր տնտեսապես ամենազարգացած պետություններից մեկը: Ի՞նչ կատարվեց երկրում: Հասկացանք շրջափակումները, պատերազմը եւ այլնը, բայց 18 տարի հետո ամոթ է, որ խոսում ենք այս հարցերի մասին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել